Քաղաքական ուժերը թերագնահատում են միջին ընտրողի բանականությունը և կարծում են, թե հնարավոր է հասարակությանը համոզել ակնհայտ հակասահմանադրական սցենարների իրատեսական լինելու մեջ։
Լևոն Բարսեղյան
FactorTV‑ն զրուցել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ կենտրոնանալով ընտրական տուրիզմի և արտերկրից քվեներ հայթայթելու անօրինական մեխանիզմների վրա: Լևոն Բարսեղյանը քննարկում է ռուսաստանաբնակ գործարարների հնարավոր միջամտությունը քաղաքական գործընթացներին և սահմանադրական այն արգելքները, որոնք անհնար են դարձնում որոշ թեկնածուների վարչապետ դառնալը: Անդրադարձ է կատարվում Կրեմլի տնտեսական շանտաժին, գազի գնի հնարավոր բարձրացմանը և Ռուսաստանի կողմից իրականացվող քարոզչական մանիպուլյացիաներին, որոնք նպատակ ունեն ազդել ընտրողների կամքի վրա: Բարսեղյանըշեշտում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարևորությունը և հասարակության դիմակայունությունը արտաքին սպառնալիքների ու պոպուլիստական կեղծ թեզերի նկատմամբ:
Լևոն Բարսեղյան անդրադարձավ ընտրական գործընթացների շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ դեռ մեկ տարի առաջ էր զգուշացնում ընտրական տուրիզմի և զանգվածային քվեների տեղափոխման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ նույնիսկ քննարկվել էր այն սցենարը, ըստ որի՝ մեկ ընտրողի համար կարող էին ծախսել մինչև 1000 դոլար՝ Հայաստան բերելու և քվեարկությանը մասնակցեցնելու նպատակով։ Բարսեղյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է 100 հազար ընտրողի, ապա դա կարող էր արժենալ մոտ 100 միլիոն դոլար, ինչը, ըստ նրա, որոշ ուժերի համար իշխանություն վերցնելու գին է։
Նա դիտարկեց, որ Հայաստանի սահմանային անցակետերը նման ծավալի հոսքի դեպքում կհայտնվեին գերծանրաբեռնված վիճակում։ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ եթե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան բերվեին տասնյակ հազարավոր մարդիկ, ապա Բագրատաշենի, Բավրայի, Կոգավանի և «Զվարթնոց» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ կաճեր։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող արգելել ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր։
Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր քաղաքականապես կտրված են իրականությունից և գտնվում են «բոժոժի մեջ»։ Նրա կարծիքով՝ այդ ուժերը սխալ պատկերացում ունեն հանրային տրամադրությունների և իրավապահ համակարգի ներսում առկա վերաբերմունքի մասին։ Նա ենթադրեց, որ հնարավոր է՝ նրանք ակնկալում են իրավապահ համակարգի սաբոտաժ կամ անգործություն, սակայն վերջին շաբաթների գաղտնալսումների և ձերբակալությունների ֆոնին, ըստ նրա, արդեն պետք է հասկանային, որ իրավապահ մարմինները հետևողական են գործում։
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահը նաև անդրադարձավ Սամվել Կարապետյան‑ի շուրջ քաղաքական քննարկումներին՝ նշելով, որ վարչապետ դառնալու համար գոյություն ունի միայն սահմանադրական ճանապարհ։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ վարչապետ կարող է դառնալ միայն վերջին չորս տարում բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ առանց սահմանադրական փոփոխությունների Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը հնարավոր չէ, իսկ նման փոփոխությունների համար անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադիր մեծամասնություն։

Բարսեղյանը քննադատեց այն քաղաքական թեզերը, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը կարող է անմիջապես դառնալ վարչապետ։ Նրա կարծիքով՝ ընտրողին ներկայացվում են իրականությունից կտրված պատկերացումներ, որոնք ավելի շատ նման են պոկերի սեղանի շուրջ արվող բլեֆի, քան քաղաքական ծրագրի։ Նա նշեց, որ քաղաքական ուժերը թերագնահատում են միջին ընտրողի բանականությունը և կարծում են, թե հնարավոր է հասարակությանը համոզել ակնհայտ հակասահմանադրական սցենարների իրատեսական լինելու մեջ։
Լևոն Բարսեղյանը չբացառեց նաև, որ ընտրություններից հետո հնարավոր են դատական գործընթացներ, եթե ապացուցվի ընտրակաշառքի կամ զանգվածային խախտումների առկայությունը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են պահանջել չեղարկել մրցակիցների մանդատները՝ հիմնավորելով, որ խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա։
Բարսեղյանը անդրադարձավ նաև այն թեզերին, թե իբր Հայաստանի իշխանությունները պատրաստվում են թույլ տալ «300 հազար ադրբեջանցիների» մուտքը Հայաստան։ Նա այդ հայտարարությունները գնահատեց որպես պոպուլիստական և մանիպուլյատիվ քարոզչություն։ Նրա խոսքով՝ մարդիկ պետք է նախ պարզեն՝ արդյոք Հայաստանի օրենսդրությամբ Ադրբեջանի քաղաքացիները ներկայում ընդհանրապես իրավունք ունե՞ն անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում։ Նա ընդգծեց, որ նման հայտարարությունները ոչ թե պետական մտածողության, այլ վախի և էմոցիոնալ մանիպուլյացիայի արդյունք են։ Նման քարոզչությունը վնասում է հենց Հայաստանին, քանի որ արտաքին աշխարհում կարող է ստեղծվել տպավորություն, թե Հայաստանի հասարակությունը հավատում է այդ սցենարներին և դրանց հիման վրա է կատարում քաղաքական ընտրությունը։ Նա նշեց, որ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրական կառավարման ծրագրեր, այլ ոչ թե կենացային կամ զգացմունքային խոստումներ։
Անդրադառնալով Ռուսաստանի հայտարարություններին՝ Բարսեղյանը նշեց, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է շանտաժի միջոցով ազդել Հայաստանի վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները նախկին գաղութների նկատմամբ մշտապես կիրառել են տնտեսական և քաղաքական ճնշումներ, իսկ այժմ նույն մեթոդները փորձում են կիրառել Հայաստանի նկատմամբ՝ հատկապես Եվրամիության հետ մերձեցման ֆոնին։
Նա հիշեցրեց Ռուսաստանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունները՝ կապված գազի գնի, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների և հնարավոր տնտեսական հետևանքների հետ։ Բարսեղյանի կարծիքով՝ այդ սպառնալիքները միտված են նախընտրական շրջանում ընտրողների վրա հոգեբանական ազդեցություն ունենալուն։ Միևնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն արդեն կողմնորոշված է և նման ճնշումները էական ազդեցություն չեն ունենալու ընտրության վրա։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն այլընտրանքային շուկաների, էներգետիկ և պարենային անվտանգության ուղղությամբ՝ նվազեցնելու համար Ռուսաստանի հնարավոր ճնշումների ազդեցությունը։ Նա նաև չբացառեց, որ Կրեմլը կարող է ապագայում գնալ ավելի կոշտ քայլերի, եթե Հայաստանի քաղաքական ընթացքը շարունակի հեռանալ ռուսական ազդեցությունից։
Վերջում Բարսեղյանը շեշտեց, որ Հայաստանի հասարակությունը շատ ավելի դիմացկուն է, քան կարծում են արտաքին ուժերը, և համոզմունք հայտնեց, որ շանտաժի և վախի քաղաքականությունը երկարաժամկետ արդյունք չի տալու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
