Հայաստանը պետք է շարունակի փոխլրացման եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Իսկ դա հնարավոր է միայն հունիսի 7‑ի քվեարկությամբ։
Վահրամ Աթանեսյան
Ընդդիմությունը եւ նրա քարոզիչները, որպեսզի հնարավորինս «նսեմացնեն» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան աշխատանքային այցը, մամուլում եւ սոցիալական հարթակներում քարոզչություն են ծավալել, թե մինչ այդ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղարները Հայաստան են այցելել, բայց իշխանությունները «դրանք իրենց շահերի համար չեն օգտագործել»։

Ռուբիոյից առաջ Հայաստան վերջին անգամ այցելել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, 2012թ․ ամռանը։
Մեծ դժվարություն չէ համացանցում որոնել եւ կարդալ այդ մասին տեղեկատվությունը, ըստ որի նա հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ օրակարգում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական կարգավորման հետ կապված հարցեր։ ԱՄՆ պետքարտուղարը այցելել է նաեւ Վրաստան եւ Ադրբեջան, որտեղից մեկնել է Ստամբուլ։
Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ժամանակացույցը վկայում է, որ Երեւանում նա բանակցություններ է վարել հիմնականում հայ-թուրքական կարգավորման շուրջ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների «վկաներից» մեկը նա էր։ Վաշինգտոնը, բնականաբար, շահագրգռված էր, որ այդ արձանագրությունները Հայաստանում վավերացվեին, ինչից հետո Թուրքիան այլ ընտրություն չէր ունենա, քան՝ բացել սահմանը։
Հիլարի Քլինթոնին, ինչպես հետեւում է իրադարձությունների հետագա ընթացքից, չի հաջողվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին համոզել, որ արձանագրությունների վավերացման առաջին քայլը պետք է Երեւանը անի։ Դա նաեւ այն շրջանն էր, երբ Հայաստանը Եվրամիության հետ բանակցում էր ասոցացիայի մասին պայմանագիրը։

Քլինթոնի Երեւան այցից մեկ տարի հետո Հայաստանը «մի գիշերում» որոշել է անդամակցել Եվրասիական մաքսային միությանը, իսկ եւս մեկ տարի հետո՝ ԵԱՏՄ-ին։
Հիլար Քլինթոնը, այո, պաշտոնավարման չորս տարիներին երկու անգամ այցելել է Երեւան, բայց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նույնիսկ «Մտադրությունների մասին» արձանագրություն չի ստորագրվել։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանում եւ Սփյուռքում ՀՅԴ‑ն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ «Նախագահ, մի զիջիր» կարգախոսով բողոքի ցույցեր է կազմակերպել, ձախողվել է հայ-թուրքական կարգավորումը, Վաշինգտոնը կորցրել է ոչ միայն Հայաստանի հանդեպ ռազմավարական հետաքրքրությունը, իսկ ղարաբաղյան կարգավորման գործընթացը փաստացի լիովին անցել է Ռուսաստանին։
Եթե ամփոփ ասվի, ապա Հիլարի Քլինթոնի առաքելությունը կայանում էր նրանում, որ բուն ԼՂ շուրջ տարածքների վերադարձը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Հայաստանին կազատեին ԼՂ հակամարտության ծանրագույն բեռից, կբացվեին հաղորդուղիները, ԼՂ հայ բնակչությունը կունենար «միջանկյալ կարգավիճակ», Հարավային Կովկասը կմտներ ներքին ինտեգրացիայի, համագործակցակցության եւ փոխվստահության դարաշրջան, Թուրքիայի հետ բաց սահմանը հնարավորություն կտար, որպեսզի Հայաստանը կապվի Եվրոպայի հետ։

Այս հնարավորության կորուստը գոնե հիմնական մասով վերականգնելու, այն է՝ Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու, անվտանգային միջավայրը դիվերսիֆիկացնելու եւ տնտեսական զարգացում ապահովելու համար ԱՄՆ պետքարտուղարի Երեւան այցը քաղաքական հստակ երաշխիք է։ Որպեսզի պայմանավորվածությունները առարկայանան, Հայաստանը պետք է շարունակի փոխլրացման եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Իսկ դա հնարավոր է միայն հունիսի 7‑ի քվեարկությամբ։
Վահրամ Աթանեսյան
