Վերջին հետաքննությունների համաձայն՝ Հայաստան են ուղարկվել նաև գործակալական խմբեր, որոնց մի մասը արդեն բացահայտված է։
Իվան Սլովկի
1inTV‑ն զրուցել է իրավապաշտպան և քաղաքական միգրանտներին աջակցող հայաստանյան կազմակերպության համակարգող Իվան Սլովկիի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է Իվան Սլովկիի խորաթափանց վերլուծությունը Կրեմլի միջամտության վերաբերյալ երկրի ներքաղաքական և ընտրական գործընթացներին։ Սլովկին մանրամասնում է, թե ինչպես է Մոսկվան կիրառում հիբրիդային պատերազմի գործիքակազմը՝ ներառյալ ապատեղեկատվությունը, գործակալական ցանցերը և տնտեսական շանտաժը, որպեսզի կասեցնի Հայաստանի ժողովրդավարական զարգացումը։ Ըստ Սլովկիյի ռուս միգրանտների համայնքը փորձում է իրազեկման ակցիաների միջոցով հանրությանը զգուշացնել «ռուսական աշխարհի» վտանգների մասին՝ ընդգծելով, որ ինքնիշխանության կորուստը կհանգեցնի մարդու իրավունքների և ազատությունների վերջնական կործանմանը։ Հայաստանի համար սա էքզիստենցիալ ընտրություն է ժողովրդավարական ապագայի և կայսերական լծի տակ հայտնվելու միջև։

Իրավապաշտպան և քաղաքական միգրանտներին աջակցող հայաստանյան կազմակերպության համակարգող Սլովկին նշեց, որ ռուսական անկախ մամուլի, հատկապես The Insider‑ի հրապարակած հետաքննությունները փաստում են՝ ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են Հայաստանի ներքաղաքական գործընթացներում և ընտրական միջավայրում։ Նրա խոսքով՝ սա նոր երևույթ չէ․ նման մեխանիզմներ նախկինումկիրառվել են նաև Մոլդովայում, Վրաստանում և միշարք այլ երկրներում։
Սլովկին ասաց, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որտեղ դեռ ունի քաղաքական և դիվանագիտական լծակներ։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան այլևս չի գործում «փափուկ ուժի» տրամաբանությամբ, այլ կիրառում է ագրեսիվ միջամտության մեթոդներ՝ տեղեկատվական ճնշումից մինչև քաղաքական ազդեցության ցանցերի ձևավորում։ Իրավապաշտպանը նշեց, որ արդեն հինգերորդ տարին ապրում է Հայաստանում և երկիրը համարում է իր նոր տունը։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում ռուս միգրանտներն ընկալվում էին որպես նոր երևույթ, սակայն ժամանակի ընթացքում ինտեգրվել են հասարակական կյանքին և համագործակցության եզրեր գտել հայկական հասարակության հետ՝ մշակութային, տեղեկատվական և նույնիսկ քաղաքական մակարդակներում։
Սլովկին կարծում է, որ Հայաստանը դարձել է Կրեմլի կարևոր թիրախներից մեկը, քանի որ շարունակում է մնալ տարածաշրջանում ժողովրդավարության և հարաբերական ազատությունների կենտրոններից։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվային անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանը փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն, զարգացնել հարաբերություններ տարբեր գործընկերների հետ և դուրս գալ բացառապես ռուսական ազդեցության գոտուց։
Նա նշեց, որ ռուսական ազդեցության հիմնական մեթոդներն են սոցիալական ցանցերում գործող բոտային համակարգերը, պրոկրեմլյան կայքերը, ինչպես նաև ազդեցության գործակալների և ինֆլուենսերների ցանցը, որոնք կապված են ռուսական պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Սլովկին հավելեց, որ վերջին հետաքննությունների համաձայն՝ Հայաստան են ուղարկվել նաև գործակալական խմբեր, որոնց մի մասը արդեն բացահայտված է։

Անդրադառնալով արտահոսած փաստաթղթերին՝ իրավապաշտպանը նշեց, որ դրանցում ներկայացվում է Մոսկվայի ծրագիրը՝ հայկական հասարակության դժգոհ, բայց նախկին իշխանություններին չվստահող հատվածին ներգրավելու համար։ Նրա խոսքով՝ ռուսական քաղաքական տեխնոլոգները այդ շրջանակում խաղադրույք են կատարում գործարար Սամվել Կարապետյանի վրա՝ որպես «երրորդ ուժի» հնարավոր առաջնորդի։
Սլովկին ընդգծեց, որ ռուսական կապիտալի և բիզնես շահերի հետ սերտ կապված քաղաքական դերակատարները խոցելի են Կրեմլի ազդեցության համար։ Միևնույն ժամանակ նա ասաց, որ նման կապերի և հնարավոր միջամտությունների իրավական գնահատականը պետք է տան Հայաստանի հատուկ ծառայություններն ու դատարանները։
Իրավապաշտպանը նկատեց, որ Կրեմլը լավ ուսումնասիրել է հայկական հասարակության ցավոտ թեմաները՝ անվտանգային սպառնալիքները, Արցախի հարցը և պատերազմի վախը։ Նրա կարծիքով՝ այդ թեմաներն օգտագործվում են ընտրողներին վախեցնելու, ապատիա ձևավորելու և հասարակության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Նա նշեց, որ տնտեսական կախվածությունը, առևտրային սահմանափակումները և էներգետիկ լծակները ևս օգտագործվում են որպես ազդեցության գործիքներ։
Սլովկին ասաց, որ եթե պրոկրեմլյան ուժերը կարողանան մեծ ազդեցություն ստանալ Հայաստանում, դա կարող է վտանգել 2018-ից հետո ձևավորված ժողովրդավարական ինստիտուտները, խոսքի ազատությունն ու բազմակարծությունը։ Նրա խոսքով՝ ռուսական քաղաքական համակարգը հիմնված է ռեպրեսիաների և վերահսկողության վրա, ինչը հակասում է Հայաստանի ներկայիս զարգացման ուղուն։
Նա պատմեց նաև, որ ռուս միգրանտ ակտիվիստները Երևանում կազմակերպում են խաղաղ ակցիաներ և հանրային քննարկումներ։ Ակտիվիստները փողոցներում սեղաններ և աթոռներ են տեղադրում, քաղաքացիներին հրավիրում սուրճի շուրջ զրուցելու և պատմում, թե ինչ է իրականում տեղի ունենում Ռուսաստանում։ Սլովկին նշեց, որ այդ նախաձեռնությունները որևէ քաղաքական ուժի օգտին քարոզչություն չեն իրականացնում, այլ նպատակ ունեն բարձրացնելու ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության հարցերը։
Իրավապաշտպանը բարձր գնահատեց հայկական հասարակության հետ երկխոսության մշակույթը՝ նշելով, որ նույնիսկ հակադիր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ կարողանում են պահպանել փոխադարձ հարգանքը և քննարկումները տանել կառուցողական դաշտում։
Նրա կարծիքով՝ առաջիկա ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի նորագույն պատմության ամենակարևոր քաղաքական հանգրվաններից մեկը, քանի որ դրանց արդյունքը երկարաժամկետ ազդեցություն կունենա երկրի զարգացման ուղղության վրա։
Անդրադառնալով ռուսական քարոզչությանը՝ Սլովկին նշեց, որ Կրեմլը փորձում է տարածել այն թեզը, թե Արևմուտքը Հայաստանը օգտագործում է Ռուսաստանի դեմ և անհրաժեշտ պահին կհրաժարվի աջակցությունից։ Սակայն նա կարծում է, որ Հայաստանի հասարակությունը պետք է կարողանա քննադատորեն գնահատել նման նարատիվները և պաշտպանել սեփական ինքնուրույն քաղաքական ընտրությունը։

Խոսելով Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ պատերազմը ծանր հետևանքներ է թողել երկրի տնտեսության, հասարակության և պետական համակարգի վրա։ Նրա խոսքով՝ աճում են մարդկային կորուստները, խորանում է տնտեսական ճգնաժամը, սահմանափակվում են կապի և տեղեկատվության հնարավորությունները, իսկ հասարակության նկատմամբ վերահսկողությունն ավելի է խստանում։
Սլովկին եզրափակեց, որ ներկայիս իրավիճակում ամենակարևորը պատերազմը դադարեցնելն ու մարդկային զոհերը կանխելն է, քանի որ երկարատև հակամարտությունը կործանարար հետևանքներ է ունենում թե՛ Ռուսաստանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։
