Այս զորահանդեսը և օրեր առաջ Երևանում տեղի ունեցած Եվորպական քաղաքական համայնքի հավաքը ուժեղ հարված էր Հայաստանի «անպետքության» ջատագովներին։
Մեր Ուղին
Այսօր հանրապետության հրապարակում տեղի ունեցած ռազմական զորահանդեսը դժվար է գերագնահատել, բայց միաժամանակ պետք չէ նաև թերագնահատել։ Այս ռազմական շքերթը պարզապես սովորական զորահանդես չէր, պարզապես ցուցադրություն չէր։ Եվ ոչ էլ պարզապես քարոզարշավ, ինչպես ցանկանում են ներկայացնել հոռետեսները։ Այս զորահանդեսը հույս էր, հոգեբանական ահռելի նշանակություն ունեցող երևույթ։ Զորահանդեսում ցուցադրված զենքերը ունեն ռազմական, քաղաքական հոգեբանական նշանակություն։ Քաղաքական են երկու առումով՝ ներքին ու արտաքին։ Ներքին ուղղվածությամբ, այն իրոք կարելի է համարել ՔՊ և անձամբ Փաշինյանի քարոզարշավ, բայց մյուս կողմից էլ դա պատասխան էր այն, տարիներ շարունակ ձգվող մեղադրանքին, որ պետական բյուջեն միայն պարգևավճար է դարձել, կամ թե ինչո՞ւ է պետական պարտքն այդքան արագ ու կտրուկ ավելացել։ Այդ հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից, ասելով, որ «պարտք ենք արել, որովհետև օրինակ զենք էր պետք։ Պետք է շատ ու միանգամից»։

Հասկանալի է, որ ընդդիմությունն ամեն կերպ փորձելու է չընդունել այս ռազմահանդեսը, այն համարել քարոզարշավ, ցուցադրական կրկես, անել ամեն ինչ սա արժեզրկելու համար, որովհետև եթե «Արցախ ծախող թուրք Փաշինյանը» հզորացնում է հայկական բանակը, ապա իրենց թեզերն առհասարակ մնում են օդում։ Այդ իսկ պատճառով պետք է հայհոյել և՛ զինանշանի փոփոխությունը, և՛ արժեզրկել հայկական բանակի ցանկացած ձեռքբերում։ Հզոր բանակի, կամ առնվազն հզորացող բանակի պարագայում արտասահմանյան փրկիչների ներմուծման սիրահար ընդդիմությունը կորցնում է իր գոյության տրամաբանությունը։ Այս զորահանդեսը և օրեր առաջ Երևանում տեղի ունեցած Եվորպական քաղաքական համայնքի հավաքը ուժեղ հարված էր Հայաստանի «անպետքության» ջատագովներին։

Արտաքին քաղաքական առումով ևս զորահանդեսը մեծ նշանակություն ուներ։ Հատկապես Ռուսաստանին ցույց տալու, որ վերջինս ոչ միայն չի հանդիսանում միակն ու անփոխարինելին, այլև առանց իրեն կարող է շատ ավելի լավ լինել։ Հայաստանում զորահանդես առանց ռուսական գերակշռող մեքենաների՝ զարմանալի անակնկալ էր բոլորի համար։ Սա ցույց էր տալիս ռուսական կողմի հայտարարությունների ողջ սնանկությունը այն առումով, որ Հայաստանն առանց իրեն բանի պետք չէ, որ եթե «ռուսը չլինի, մեզ կուտեն»։ Տասնամյակներ շարունակ մեզ ներշնչել են, որ միայ ռուսն ու ռուսական զենքը կարող է այստեղ լինել, մեզ պաշտպանել։ Զորահանդեսը բացառեց դա։ Ու զորահանդեսը կրկես չէր։ Սա ռուսական Իսկանդերի սրբագործման նման զորահանդես չէր, ինչպես որ եղավ անցած անգամ, երբ Իսկանդերը հայտարարվեց պատերազմի աստված, իսկ ժողովուրդն էլ միամտաբար հավատում էր, որ դրանով հնարավոր է ապահովել և՛ խաղաղություն, և՛ հաղթանակ։ Ահա թե ինչ էր ռուսական կողմի համար այս զորահանդեսը։ Զենք չտալու սպառնալիքն անցյալ է։ Զինական արտադրություն չունենալու իրականություն էլ՝ վերացած։ Այժմ ունենք արտասհմանյան զենքեր, ունենք նաև սեփական ռազմական արտադրություն։ Սա իհարկե չի նշանակում, որ վերջ։ Ոչ։ Ամեն ինչ դեռ նոր նոր է սկսվում։ ԴԵռ ահռելի աշխատանք կա անելու։ Դեռ պիտի առնվազն հնգապատիկ քանակի զենք ձեռք բերել, էլ ավելի շատ ու որակյալ արտադրություն տալ, բանակը փոխել հիմնավորին ու սկզբունքորեն, հոգեբանորեն ու փիլիսոփայությամբ։ Բայց ամեն ինչ որևէ կերպ պետք է սկսել։ Եվ այդ մեկնարկի առաջին քայլը տեսանելի է։
Հոգեբանական առումով ևս այս զորահանդեսը մեծ ու կարևոր նշանակություն ուներ։ 44-ից հետո հասարակությանը համակած ընկճվածությունը սպանիչ նշանակություն ուներ։ 2020-ին հաջորդած երեք սարսափելի տարիներն ուղեկցվեցին հայկական զինական կողմի շարունակաբար պարտությամբ, նահանջներով ու կորուստներով։ Հայ հասարակությունը շփոթված էր։ Ոչ թե բանակն էր պարտվել, այլ ժողովուրդը։ Ջարդվել էր հոգեբանորեն։ Մեզ համոզեցին, որ տեսեք, չունեք ոչինչ, ո՛չ Արցախ, ո՛չ բանակ ու չեք էլ ունենա, եթե մենք չտանք։ Այս հոգեբանական սարսափը հիրավի աղետալի կարող էր անդարդառնալ դիմադրական հավաքական օրգանիզմի վրա։ Բայց երբ մարդը տեսնում է ուժեղացող բանակ, տեսնում է բազմատեսակ զենքեր, տեսնում է փոփոխվող վիճակ, նա հասկանում է, որ ինքը ոչ թե անվերադարձ պարտված էր, այլ ունի հնարավորություն ոտքի կանգնելու, նորից պատասխան տալու, եթե պետք է նորից վերագրավելու։

Սա պարզապես զորահանդես չէր, սա նաև Հայաստանին հույս էր, որ մեր երկիրն ապառազմականացված հաշմանդամ մի ամորֆ հողակտոր չէ, իր անդամալույծ զորաջոկատներով ու հյուծված տնտեսությամբ։ Սա ցույց էր այն բանի, որ հայկական բանակը ոչնչացված չէ, որ հայկական բանակն իր տեղում է, որ 44 օր հայ ժողովրդին պաշտպանած բանակի ճանկերն ու մագիլները չեն հանվել, որ այդ բանակը բուժում է իր վերքերը, որ այդ բանակը ոտքի էր կանգնում։
Եվս մի կարևոր հանգամանք։ Հասարակությունը տեսնում է, որ բանակ ասվածը չի ենթադրում անպայման պահածոյի տուփով զգուշացնող համակարգ, որ բանակ չի նշանակում անպայման կիսասոված զինվոր։ Ինչպես նշվեց, դեռ շատ շատ աշխատանք կա անելու։ Այդ ճանապարհին հավանաբար կլինեն նաև սխալներ, վրիպումներ ու բացթողումներ, բայց լիահույս ենք, որ հայկական բանակի զինվորն այլևս չի դառնա գեներալի խոզ պահողը, նրա անվճար փայտահատն ու բանվորը։ Սրբություն համարվող բանակը դանդաղ, բայց կայուն քայլերով կվերագտնի իր իր արժանի տեղն ու վերաբերմունքը։

Աշխարհում չի եղել ու չի լինի մի դեպք, որ իշխանությանը մեղադրեն բանակը զինելու ու ժողովրդին հույս տալու համար։ Այն կաշխատի՞ ՔՊ քարոզարշավ։ Հաստատապես այո։ Գուցե չարժեր այս զորահանդեսը ներքին քաղաքական օրակարգ մտցնել, բայց դա արդեն լրիվ այլ հարց է, որը կարող են քննարկել այն ուժերն ու մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ չեն հարստացել բանակի հաշվին։
Փառքդ շատ հայկական բանակ։
Մեր Ուղին
Զորահանդեսի լինքն ամբողջությամբ՝
