Այդ մասին պետք է հայտարարվեր Իսրայելի նախագահի Բաքու այցի ավարտին, բայց Հերցոգը չկարողացավ թռչել Ադրբեջան, քանի որ Թուրքիան նրա ինքնաթիռին օդային միջանցք չտրամադրեց։ Դա հստակ ազդակ էր, որ Էրդողանը Ալիեւին արգելում է խորացնել Իսրայելի հետ համագործակցությունը։
Վահրամ Աթանեսյան
Մայիսի 28‑ի զորահանդեսի կարեւորությունից հանրության ուշադրությունը շեղելու եւ գործող իշխանության հանդեպ անվստահություն սերմանելու նպատակով քարոզչություն է ծավալվել, իբր Իսրայելը «վեցակողմ ռազմական դաշինք է ձեւավորում, որին մաս կկազմի նաեւ Ադրբեջանը, որպեսզի Իրանի դեմ ճնշումները մեծանան»։ Ենթատեքստը հասկանալի է․
«Նիկոլ Փաշինյանը բանակը սպառազինում է ընդդեմ բարեկամ Իրանի»։ Այս քարոզչության հեղինակները «մոռանում են», որ զորահանդեսին ներկայացվել է նաեւ իրանական արտադրության հակաօդային պաշտպանության «Մաջիթ» համակարգը։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը վկայեց, որ Իսլամական պետությունը ոչ միայն հրթիռային հզոր համակարգ, այլեւ բարձրակարգ ռազմական հետախուզություն ունի։
Եւ եթե Թեհրանում դույզն ինչ կասկածեին, որ Հայաստանը կարող է նույնիսկ տեսականորեն Իրանի դեմ գործել, ապա նրան սպառազինություններ չէին վաճառի։
Միջազգային պրակտիկայում մի երկրի կողմից մյուսին սպառազինությունների վաճառքը գնահատվում է որպես փոխադարձ վստահության ամենաբարձր դրսեւորում։ Այս իմաստով, ընդհակառակը, պետք է փաստել, որ անկախությունից ի վեր Հայաստանին հաջողվել է Իսլամական հանրապետության բարձրագույն իշխանության մոտ հասնել շատ բարձր վստահության։ Արժե հիշեցնել, որ Հայաստան ԱՄՆ փոխնախագահի այցին գրեթե զուգահեռ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք օր գտնվել է Թեհրանում եւ անվտանգության հարցերով բարձրաստիճան պատասխանատուների հետ բանակցություններ վարել։

Ինչ վերաբերում է Իսրայելի նախաձեռնած «վեցակողմյան դաշինքին», ապա, այո, նման գաղափար այդ երկրի վարչապետ Նաթանյահուն հնչեցրել է։ Ընդ որում, նա այդ մասին խոսել է Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցություններից հետո։ Իսրայելցի ռազմական փորձագետները գտնում են, որ դաշինքի առանցքը կկազմեն Հնդկաստանը, Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը։ Սկզբունքորեն դա Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «եռյակ միության» հակակշիռն է, որին Ադրբեջանը, ի հեճուկս հայաստանյան ընդդիմության քարոզիչների, ամենամեծ ցանկության դեպքում անգամ միանալ չի կարող։ Թուրքիան թույլ չի տա, որովհետեւ Ադրբեջանի բանակը փաստացի թուրքական է։
Թուրքիան ակնդետ հետեւում է Իսրայելի քայլերին եւ փորձում հակակշիռներ ստեղծել։ Օրերս հայտնի է դարձել, որ Անկարան բարձրաստիճան զինվորականների խումբ է գործուղել Տաշքենդ, որպեսզի «Ադրբեջանի օրինակով Ուզբեկստանի բանակը վերակազմավորի թուրքականի օրինակով»։ Ակնհայտ է, որ դրդապատճառը Ղազախստան Իսրայելի նախագահ Հերցոգի վերջերս կայացած այցն է։ Տարեսկզբին Ղազախստանը հայտարարել է, որ միանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Աբրահամյան համաձայնություններին»։ Դա նշանակում է Իսրայելի հետ գործընկերություն հաստատել, եւ Թուրքիան փաստացի «տիրանում է» Ուզբեկստանի բանակին։

Ի դեպ, հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որ պիտի միանար «Աբրահամի համաձայնություններին», Ադրբեջանն էր։ Այդ մասին պետք է հայտարարվեր Իսրայելի նախագահի Բաքու այցի ավարտին, բայց Հերցոգը չկարողացավ թռչել Ադրբեջան, քանի որ Թուրքիան նրա ինքնաթիռին օդային միջանցք չտրամադրեց։ Դա հստակ ազդակ էր, որ Էրդողանը Ալիեւին արգելում է խորացնել Իսրայելի հետ համագործակցությունը։
Վահրամ Աթանեսյան
