Այդ կետից սկսած հայ-ադրբեջանական բանակցություններում միայն հայկական կողմերի համար շատ ցավոտ նահանջ է արձանագրվել, ինչի հստակ դրսեւորումը ապրիլյան քառօրյա մարտերն էին։
Մուղնի
Հանրային հեռուստատեսությանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հանրային բավական լայն արձագանք է գտել։ Բայց քննարկումները հիմնականում մակերեսային են։ Այդ երկխոսության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մի էական խոստովանություն եւ մի խնդրահարույց դիտարկում է արել։ Առաջինը վերաբերում է Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այսինքն՝ հայ-թուրքական կարգավորմանը։ Քոչարյանը, թեեւ ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ հասկացրել է, որ այդ գործընթացին դեմ է եղել։
Պետք է հիշել, որ հայ-թուրքական կարգավորմանը հրապարակային դեմ է արտահայտվել ՀՅԴ‑ն, որ առաջադրել է «Նախագահ, մի զիջիր» կարգախոսը։ Այդ շարժումը ծավալվել է նաեւ Սփյուռքում։ Բավական է հիշել, թե Փարիզում «որքան ջերմ ընդունելություն ցուցաբերեցին» նախագահ Սերժ Սարգսյանին։ Իսկ նա այնտեղ էր մեկնել նաեւ ֆրանսիահայ գաղութից եւ տեղի կազմակերպություններից աջակցություն ստանալու համար։
Արդյունքում հայ-թուրքական արձանագրությունները, որ Ցյուրիխում Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարները ստորագրել էին «երաշխավոր երկրների» ներկայությամբ, Հայաստանի Ազգային ժողովում չվավերացվեցին, գործընթացը մտավ փակուղի։ Եւ 2011թ․ Կազանում Իլհամ Ալիեւը հրաժարվեց ստորագրել նախապես բանակցված փաստաթուղթը, որ կազմվել էր ԼՂ կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա։
Այդ կետից սկսած հայ-ադրբեջանական բանակցություններում միայն հայկական կողմերի համար շատ ցավոտ նահանջ է արձանագրվել, ինչի հստակ դրսեւորումը ապրիլյան քառօրյա մարտերն էին։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ ամենի վրա հայ-թուրքական կարգավորման հարցում Քոչարյանի ժխտական եւ ՀՅԴ բացահայտ մերժողական կեցվածքը, դժվար է միանշանակ արձանագրել, բայց փաստերը վկայում են, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացների տարանջատումը դիվանագիտական ճակատում հայկական կողմերին դրական ոչինչ չի տվել։
Հայաստանի երկրորդ նախագահի խնդրահարույց դիտարկումը ձեւակերպվել է այնպես, որ եթե ինքը վարչապետ լիներ, Ադրբեջանը 2020թ․ սեպտեմբերին պատերազմ չէր սկսի։ Կարելի՞ է ենթադրել, որ 2018թ․ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնը ստանալու հավակնություն է ունեցել։ Խոսքը «նախահեղափոխական» շրջանի մասին է, երբ քննարկվում էր, որ Սերժ Սարգսյանը «դրժում է երրորդ ժամկետով չպաշտոնավարելու խոստումը»։ Քոչարյանը կամ նրա անունից որեւէ մեկը Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության վերնախավի հետ քննարկե՞լ է տարբերակ, որ «ավելի նպատակահարմար է վարչապետ ընտրել Ռոբերտ Քոչարյանին»։
Նման տեղեկություն ոչ այն օրերին, ոչ հետագա ութ տարիներին չի շրջանառվել։
Այդուհանդերձ, ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը ասել, որ Ադրբեջանը պատերազմ չէր սկսի, եթե Հայաստանի իշխանության ղեկին ինքը լիներ։ Ինչու՞ է նա սրել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետ բանավեճը։ Դա հայեցակարգայի՞ն, թե՞ անձնական հակասությունների վեճ է։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
