«Միայն Ռուսաստանի՞ց կա հային փրկություն»։ Դա նույնիսկ ռուսամետություն չէ, քաղաքական դիրքորոշում չէ։ Դա նվաստ անձնատվություն է, կեցվածք, որ հարգանքի չի արժանանա առաջին հերթին Ռուսաստանի կողմից։
Վահրամ Աթանեսյան
«Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, որոնք հետո երկար կհիշեն մեր սերունդները, ինչպես հիմա մենք հիշում ենք 1918–1920 թվականների առաջին հայկական հանրապետության անկման մասին։ Այն ժամանակ վերջին պահին եկավ 11-րդ Կարմիր բանակը և փրկեց այդ Հայաստանի գոնե մնացորդները։ Այսօր 11-րդ Կարմիր բանակ չկա։ Կաք դո՛ւք՝ ընտրողներդ, և ձեզ մնացել է 5 օր՝ գնալու ընտրությունների, ձեզ հետ տանելու նրանց, ում դեռ չեն քաշել այս սարսափելի աղանդի մեջ, և քվեարկելու մեր փոքրիկ հանրապետության փրկության օգտին»,- ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Ողբերգություն չէ, որ մենք, իրոք, ծանր ժամանակներում ենք ապրում։ Ողբերգություն է, որ Հայաստանի անկախության երեսունհինգերորդ տարում քաղաքագիտության դոկտորը կարոտախտ ունի առ այն ժամանակները, երբ բոլշեւիկյան 11-րդ բանակը եկել եւ «փրկել է Հայաստանի գոնե մնացորդները»։
Հայ քաղաքագետի կողմից մեծատառով պատված այդ «կարմիր բանակը» 1920 թ․ մայիսի 26-ին խորհրդայնացված Ադրբեջանի անունից Հայաստանի անկախ հանրապետությանը պատերազմ է հայտարարել։ Ավելի քան երկու ամիս տեւած ռազմական գործողությունները դադարեցվել են նույն տարվա օգոստոսի 10-ին, երբ Թիֆլիսում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր։
Հայաստանը հարկադրված էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի բոլշեւիկյան օկուպացիան։ Հայաստանի դեմ բոլշեւիկյան բանակը ռազմական գործողությունները վերսկսել է 1920թ․ սեպտեմբերի 26-ին՝ քեմալական Թուրքիայի հետ։ Այդ պատերազմն ավարտվել է Ալեքսանդրապոլի պայմանագրով եւ Հայաստանի ակնախության կորստով։
Բոլշեւիկյան բանակի կողմից «Հայաստանի գոնե մնացորդները փրկելու» առասպելը սերունդներին ներշնչել է խորհրդային «պատմագիտությունը»։ Կայսրության գաղափախոսությունը հետապնդում էր անկախության մասին պատմական հիշողությունը մեռցնելու նպատակ։

Ո՞րն է մեր ժամանակների «հերոսի» նպատակը։
Հայաստանի քաղաքացուն ներշնչել, որ «միայն Ռուսաստանի՞ց կա հային փրկություն»։ Դա նույնիսկ ռուսամետություն չէ, քաղաքական դիրքորոշում չէ։ Դա նվաստ անձնատվություն է, կեցվածք, որ հարգանքի չի արժանանա առաջին հերթին Ռուսաստանի կողմից։ Որովհետեւ հարգանքի արժանի չէ նա, ով իր հայրենիքի անկումը «փրկություն» է ճանաչում։
Վահրամ Աթանեսյան
