Տեղեկություն է տարածվել, որ Իրանի դեմ պատերազմը շարունակելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջեւ տարաձայնությունները սրվել են։
Վահրամ Աթանեսյան
Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանում տեղակայել է էլիտար ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներ, որպեսզի հեշտացնի Իրանի դեմ գործողությունները: Այս մասին տեղեկությունը հայտնել է CNN‑ը՝ հղում անելով խնդրին ծանոթ չորս աղբյուրների: Աղբյուրներից երկուսը հայտնել են, որ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի հյուսիսային սահմանի մոտ գտնվող մի քանի վայրերում: Այդ կայանները տեղակայվել են Թավրիզից մոտ 96 կմ․ հեռավորության վրա, որտեղ Իսրայելը հարվածել է պատերազմի ժամանակ:

Ըստ երկու այլ աղբյուրների՝ հատուկ հրամանատարական ստորաբաժանումները նույնպես տեղակայվել են այդ տարածքում եւ իրականացրել հետախուզական տվյալների հավաքագրման առաքելություններ եւ անօդաչուների թռիչքային գործողություններ:
Ըստ աղբյուրներից մեկի՝ Ադրբեջանում սկսված խոշոր գործողություններից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ղեկավար Ռահման Մոգադդամի սպանությունն էր մարտի 4‑ին: Մեկ օր անց անօդաչուները հարձակվել են Նախիջեւանի օդանավակայանի վրա եւ վնասել տերմինալի շենքն ու վիրավորել մի քանի մարդու: Նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Իրանին եւ դա անվանել «տգեղ, վախկոտ եւ անամոթ ահաբեկչական գործողություն»: Իրանը հերքել է այն պնդումները, թե անօդաչուներն իրենց կողմից են խոցվել: Իրանը հերքել է իր տարածքից Նախիջեւանի օդանավակայանը դրոնային հարձակման ենթարկելու տեղեկությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է CNN‑ի հրապարակած հոդվածում հնչած պնդումները: «Որեւէ երրորդ պետության դեմ Ադրբեջանի տարածքը ռազմական գործողությունների, հետախուզական գործողությունների կամ թշնամական այլ նպատակներով օգտագործելու մասին պնդումների հիմք չկա: Մեր երկիրը երբեք նման գործունեություն թույլ չի տվել եւ թույլ չի տա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանը տարածքը, ռազմական օդանավակայանները եւ այլ ենթակառուցվածքները Իսրայելի կողմից օգտագործվելու մասին տեղեկությունները տարբեր լրատվամիջոցներում շրջանառվել են դեռեւս անցյալ տարի։ Պաշտոնական Բաքուն այդ լուրերը մշտապես հերքել է։ CNN‑ի «բացահայտումը», սակայն ուշագրավ է մի քանի առումով։ Նախ, խոսքը հեղինակավոր լրատվամիջոցի մասին է, որի տեղեկությունները հաճախ հաստատվում են։ Երկրորդ, տեղեկություն է տարածվել, որ Իրանի դեմ պատերազմը շարունակելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջեւ տարաձայնությունները սրվել են։ Երրորդ, Իրանում ներքաղաքական անկայունություն է եւ պարզ չէ, թե ի՞նչ դեր ունի այսպես կոչված՝ «ադրբեջանական գործոնը»։

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները Իրանի հետ «գործարքի» դեռեւս չի հասել, կարգավորման հեռանկարը շարունակում է մշուշոտ մնալ։ CNN‑ի «գաղտնազերծումները», հնարավոր է, ակնարկ են, որ «ըստ անհրաժեշտության Ադրբեջանը կարող է օգտակար լինել նաեւ Միացյալ Նահանգներին», եթե, իհարկե, բացառենք, որ Վաշինգտոնը Բաքու-Թեհրան հնարավոր համագործակցությունից «անհանգստացած են»։
Վահրամ Աթանեսյան
