Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն եւ քաղաքական ուղեգիծ փոխելու փորձը տապալվել է, իսկ փողոցային պայքարի ռեսուրս չկա։
Մուղնի
Ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս է ճնշվում ընդդիմությունը։ Իշխանությունները փակում են նրան սպասարկող լրատվամիջոցները, արգելում հանրահավաքները, երթերը, ցույցերը, խոչընդոտում նախընտրական հանդիպումներին։
Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը մեկ ամիս ազատ քարոզչություն իրականացնելու, քաղաքացիների հետ անխոչընդոտ հանդիպումներ անցկացնելու, հանրահավաքներ, երթեր իրականացնելու հավասար հնարավորություն են ունեցել։ Ընդդիմությունը «բռնություն» է որակում «ընտրակաշառք տալու եւ ստանալու» կասկածանքով իրականացրած ձերբակալությունները։
«Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը եւ ԲՀԿ‑ն փաստացի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում են մի բանում՝ ինչու՞ թույլ չեն տվել, որ իրենք ավելի շատ քվեներ գնեն եւ հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Ընդ որում, այդ «քննադատությունը» գրեթե բառացի հնչում է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերից։ ԲՀԿ պահանջով ԿԸՀ‑ն որոշ տեղամասերում քվեների վերահաշվարկ է կատարում։
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ արդյունքում ՔՊ‑ի քվեները հազար հիսունով ավելացել են։
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ եթե վերահաշվարկի ընթացքում իշխող կամ ֆավորիտ ուժի քվեները գեթ մեկով ավելանում է, ապա բողոքող կողմը խնդրում է վերահաշվարկը դադարեցնել եւ հայտարարում է ընտրությունների օրինականությունը եւ գրանցված արդյունքները ճանաչելու մասին։
ԲՀԿ‑ն նման հայտարարություն չի անի, որովհետեւ նպատակը ոչ թե մի քանի հավելյալ քվե ունենալը, այլ ընտրությունների շուրջ անվստահություն սերմանելն է։
Եվրասիական տարածքի միակ մայրաքաղաքը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները «կասկածելի» է դիտում, Մոսկվան է։ Հայաստանի ռուսամետ ընդդիմությունը ձգտում է Մոսկվայի այդ գնահատականը «հիմնավորել»։ Պատահական չէ, որ նրա արմատական ներկայացուցիչները օրակարգ են բերում «փողոցը գեներացնելու անհրաժեշտությունը»։
Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն եւ քաղաքական ուղեգիծ փոխելու փորձը տապալվել է, իսկ փողոցային պայքարի ռեսուրս չկա։ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանն է սպասում։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
