Պետք է մտածել այս՝ սահմանադրական, Ընտրական օրենսգրքի բարեփոխման, կառավարման համակարգի լավարկման մասին։ Ոչ թե «տասը քվեի պատերազմ սկսել»։
Վահրամ Աթանեսյան
Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ռումեն Ռուդեւի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է 1 444 920 կամ 44,9 տոկոս «կողմ» քվե։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից մի փոքր ավելին։

Ըստ էության, Ռուդեւի մրցակիցները հավաքական ավելի շատ ձայն են ստացել, բայց նա ստացել է պատգամավորական մանդատների մեծամասնությունը եւ ձեւավորել միակուսակցական կառավարություն։ Եւ Սոֆիայում ոչ ոք աղմուկ չի բարձրացրել։
Մանավանդ որ Ռուդեւը «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստեղծել է խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ, Բուլղարիայի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել, որպեսզի գլխավորի գործադիր իշխանությունը։
Ինչպե՞ս է Ռոուդեւի կուսակցությունը մեծամասնություն կազմել։ Բուլղարիայում խորհրդարանական մանդատների բաշխման համար բոլոր «կողմ» քվեները գումարում են, ապա բաժանում խորհրդարանի պատգամավորների թվի վրա, որպեսզի ստանան մեկ մանդատի համազգային քվոտան։ Ապա այդ թիվը բազմապատկում են յուրաքանչյուր կուսակցության ստացած տոկոսի թվով։ Եթե այս սկզբունքը կիրառվեր նաեւ Հայաստանում, ի՞նչ արդյունք կունենայինք։
Պետք է մտածել այս՝ սահմանադրական, Ընտրական օրենսգրքի բարեփոխման, կառավարման համակարգի լավարկման մասին։ Ոչ թե «տասը քվեի պատերազմ սկսել»։ Հայաստանի սահմանադրությամբ կառավարություն կազմում է կամ միանձնյա կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը, կամ՝ կոալիցիան։ Ընտրությունների շուրջ լարվածության հիմնական պատճառը դա է։ Դասական պառլամենտարիզմի երկրներում բոլոր «կողմ» քվեների մեկ երրորդը ստացած կուսակցությունը կամ դաշինքը հաղթած է ճանաչվում, նրան տրվում է կառավարություն ձեւավորելու մանդատ։
Սահմանադրությունը ձեւական առումով «պետության գլուխ» է ճանաչում ՀՀ նախագահին, բայց վերջինս գործնականում ոչ մի լիազորություն չունի։ Եւ դա ոչ մի ուժի չի հուզում։ Մինչդեռ դասական պառլամենտարիզմի երկրներում խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժը կառավարություն ձեւավորելու մանդատ ստանում է կամ նախագահից, կամ՝ միապետից։ Ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայում։ Աշխարհում ընդունված է, որ նորակազմ կառավարությունը լիազորությունները ստանձնում է երկրի նախագահին կամ միապետին տրվող երդմամբ։

Հայաստանի ժողովրդավարական ընտրությունը բարեփոխման եւ ինստիտուցիոնալացման կարիք ունի։
Վահրամ Աթանեսյան
