Վտանգի հաղթահարումը դեռեւս չի նշանակում դրա ի սպառ բացառում։ Այն կարող է կրկնվել, եթե սպառնալիք ծնող հանգամանքները արմատախիլ չարվեն։
Մուղնի
Ընտրակաշառք տալու-ստանալու կասկածանքով քրեական գործերի թիվը ավելանում է։ Պաշտոնական տեղեկություն է տարածվել, որ մի քանի գործերով նախաքննությունը ավարտվել է։ Մոտ ապագայում դատաքննություններ կսկսվեն։ Հայտնի է դարձել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության վեց թեկնածու նույն վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի։
Նրանցից երկուսը կալանավորված է, չորսի նկատմամբ խափանման նույն միջոցի հանգամանքով հայտարարվել է հետախուզում։
Մանրամասնություններ, թե արդյո՞ք նրանք թաքնվում են Հայաստանում, թե՞ հասցրել են երկրից դուրս գալ։ Եթե նրանք Հայաստանի սահմանը հատել են, ապա կարելի է վստահաբար ասել, որ ապաստան են գտել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ եթե թաքնվում են Հայաստանում, կնշանակի, որ «Ուժեղ Հայաստանը» ժամանակին նրանց ապահովության մասին հոգացել է։ Այսինքն, քաղաքական ուժը ունի նաեւ «անվտանգության սեփական ծառայություն»։

Արդյոք դա «Կուսակցությունների մասին» օրենքի կոպտագույն խախտում չէ՞։ Օրենքը կուսակցության համար սահմանում է գործունեության միայն մեկ՝ հանրության համար թափանցիկ գործունեության իրավունք։ Գործունեության «ընդհատակյա» եղանակը հակասում է կուսակցության նպատակներին։ Օրենքը հստակ ամրագրում է, որ կուսակցությունը պետք է հարգի սահմանադրությունը եւ օրենքները։ Եթե քաղաքական որեւէ ուժ գաղտնիացնում է պատգամավորության իր թեկնածուի գտնվելու վայրը, ուրեմն նրա գործունեությունը հակասում է երկրի սահմանադրությանը կամ հենց ոուղղված է սահմանադրական կարգի դեմ։
Այդու, խնդիրը միայն կաշառք տալու մեջ չէ, այլեւ հարկ է պարզել կաշառատվության շարժառիթը։ Թե տասնյակ հազարավոր քվե «գնելով» այդ եւ մյուս կուսակցությունները առարկայական ի՞նչ նպատակ են հետապնդել։
Հանրությունը սոցիալական հարթակներում քննարկում է միայն ընդդիմության ծախսած փողերի թեման։ Մինչդեռ յուրաքանչյուր ոք պետք է անհանգստացած լինի, թե ի՞նչ տեղի կունենար, եթե հունիսի 7‑ի քվեարկությունը բերեր իշխանափոխության։
Սա չափազանց կարեւոր է։ Վտանգի հաղթահարումը դեռեւս չի նշանակում դրա ի սպառ բացառում։ Այն կարող է կրկնվել, եթե սպառնալիք ծնող հանգամանքները արմատախիլ չարվեն։ Իսկ դա պահանջում է խորքային բարեփոխում։ Առաջին հերթին՝ սահմանադրական։

Մյուս բոլոր նախաձեռնությունները միայն ժամանակավոր լուծումներ կբերեն։ Իսկ Հայաստանը հիմնովին նորացման կարիք ունի։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
