Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում ՊԱԿ‑ի վիճակը ահավոր ծանր էր, երբ Վաշինգտոնից դուրս գալը դարձել էր անհնար, հայկական ծագումով ՊԱԿ գործակալները, որոնք ստանում էին փախստականի կարգավիճակ, լավ մշակված ու պատրաստված, հազարներով մեկնում էին ԱՄՆ և հաստատվում ամենահարուստ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ ԱՄՆ ռազմարդյունաբերական մեծ ընկերություններ են աշխատում։
Մեր Ուղին
Նախաբան
Հայ ժողովրդի քաղաքական պատմության մեջ քիչ են այն կազմակերպությունները, որոնք այնքան մեծ դեր են ունեցել ազգային ինքնագիտակցության, ինքնապաշտպանության և պետականության գաղափարի ձևավորման գործում, որքան ՀՅԴ‑ն։ Տասնիններորդ դարի վերջում ստեղծված այս կազմակերպությունը ծնվել էր մի միջավայրում, որտեղ հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական ոչնչացման, քաղաքական անիրավության և պետականազրկության առաջ։ Նրա շարքերում կային մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատության գաղափարին, անցան բանտերով, աքսորներով, կախաղաններով և մարտադաշտերով։ ՀՅԴ‑ն երկար ժամանակ ոչ միայն քաղաքական կուսակցություն էր, այլև ազգային դիմադրության խորհրդանիշ։
Սակայն պատմությունը լի է ողբերգական օրինակներով, երբ մեծ գաղափարները ժամանակի ընթացքում սկսում են ծառայել իրենց իսկ հակառակ նպատակներին։ Հեղափոխական շարժումները վերածվում են բյուրոկրատական կառույցների, ազատագրական կազմակերպությունները՝ ինքնանպատակ համակարգերի, իսկ ազգային իդեալները՝ պահպանվող խորհրդանիշների, որոնց բովանդակությունն աստիճանաբար դատարկվում է։
Հենց այս հարցն է ընկած սույն ուսումնասիրության հիմքում․ ինչպե՞ս պատահեց, որ մի կազմակերպություն, որը տասնամյակներ շարունակ պայքարել էր ռուսական կայսրության, ապա խորհրդային բռնապետության դեմ, աստիճանաբար հայտնվեց այնպիսի գաղափարական և քաղաքական դիրքերում, որոնք հաճախ ավելի մոտ են Մոսկվայի շահերին, քան Հայաստանի Հանրապետության պետական շահերին։ Ինչպե՞ս պատահեց, որ կուսակցությունը, որի հազարավոր անդամներ սպանվել, աքսորվել և հալածվել էին բոլշևիկյան համակարգի կողմից, ժամանակի ընթացքում սկսեց կորցնել այդ պատմական հիշողությունը։ Ինչպե՞ս հակախորհրդային և անկախական կազմակերպությունը վերածվեց կառույցի, որի գործողությունները հաճախ ընկալվում են որպես Հայաստանի ինքնիշխանության թուլացման գործոն։
Այս հարցերը հատկապես կարևոր են, որովհետև խոսքը շարքային քաղաքական ուժի մասին չէ։ Երբ փոքր կուսակցությունը սխալվում է, վնասը սահմանափակ է։ Երբ սխալվում է ազգային պատմության ամենահին և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը, հետևանքները կարող են տարածվել ամբողջ հասարակության վրա։
Հոդվածում առաջ է քաշվում այն տեսակետը, որ ՀՅԴ‑ի գաղափարական և կազմակերպական վերափոխումները չեն կարող բացատրվել միայն քաղաքական սխալներով կամ առանձին ղեկավարների որոշումներով։ Դրանք ավելի խորքային գործընթացների արդյունք են՝ կապված արտաքին ազդեցությունների, սերնդափոխության ձախողման, կազմակերպական փակության, գաղափարական իներտության և կառույցի աստիճանական օտարման հետ իր սկզբնական առաքելությունից։ Այդ գործընթացների արդյունքում կուսակցությունը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որոնք շատ դեպքերում դժվար է համատեղել նրա պատմական ինքնության հետ։
Եթե կազմակերպության հիմնադիրներն ու առաջին սերունդները պետականությունը դիտում էին որպես ազգային գոյության գերագույն նպատակ, ապա այսօր հաճախ ստեղծվում է հակառակ տպավորությունը․կառույցի շահը գերադասվում է պետության շահից, իսկ գաղափարական հավատարմությունը՝ ազգային անվտանգության պահանջներից։ Այդ պատճառով էլ վերջին տարիներին ՀՅԴ‑ի մի շարք քաղաքական քայլեր, հայտարարություններ և դաշինքներ/գործողություններ, երբեմն ընկալվում են ոչ թե որպես պետականաշինական գործունեություն, այլ որպես Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված քաղաքական պայքարի տարրեր։
Սա ծանր և անհարմար եզրակացություն է։ Սակայն եթե որևէ ազգային կառույցի գործունեությունը հակասում է պետության ամրապնդման նպատակին, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն այդ գործունեության դրսևորումները, այլև դրանց պատճառները։ Հնարավոր է, որ այդ պատճառները պետք է փնտրել հենց կազմակերպության երկարատև գաղափարական և կառուցվածքային այլասերման մեջ, որի ընթացքում պատմական առաքելությունը զիջել է տեղը ինստիտուցիոնալ ինքնապահպանման բնազդին, իսկ ազգային ազատագրության գաղափարը՝ արտաքին ազդեցությունների և հնացած քաղաքական պատկերացումների հետ համակեցությանը։
Այս ուսումնասիրությունը փորձ է հասկանալու այդ վերափոխման բնույթը, պատճառները և հետևանքները։ Ոչ թե ՀՅԴ‑ի պատմական դերը նսեմացնելու, այլ հակառակը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է ազգային ազատագրության համար ստեղծված կազմակերպությունը ժամանակի ընթացքում այնքան հեռանալ իր սկզբնաղբյուրներից, որ նրա ներկա գործունեությունը սկսի հակասել հենց այն պետականությանը, որի համար զոհվել էին նրա լավագույն գործիչները։
Մեր Ուղին
Ստորև Ներկայացվող հոդվածը հենց այդ և նմանօրինակ խնդիրներն ընդգծելու մտահոգությունն ունի՝
Ինչպես ԽՍՀՄ‑ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է
Մաս 1‑ին
Հայկական ազատական միտքը երկար տարիներ պայքարել էր անկախության համար. այն հեշտությամբ չէր հանձնվում։ Միքայել Նալբանդյանը, Գրիգոր Արծրունին և այլք երկար տարիներ գեներացրել էին իրական անկախական միտք, սակայն ժամանակի ընթացքում հրով ու սրով, այլոց սուրը իր սրից ավելի վտանգավոր դարձնելով՝ ի վերջո ռուսական մամլիչը մեզ նետեց իր գիրկը։ Սակայն մի բան է պատերազմով ու ցեղասպանությամբ իրեն ենթարկեցնելը, մի բան է ըմբոստ միտքդ, կամքդ կոտրելը։

Ինչպես նրանք կարողացան հասնել այն աստիճանին, որ Հայկական ազատական միտքն ու մարմինը մարմնավորող կառույցներն այսօր իրեն են ենթարկված։ Խոսքը քաղաքական կուսակցությունների և եկեղեցու մասին է․ չէ՞ որ Հայաստանի 1828թ. ռուսական նվաճումից ի վեր Պետերբուրգն ու Մոսկվան մշտապես կեղեքել են հայոց եկեղեցին։ Նույնը կարելի է ասել ՀՅԴ‑ի մասին՝ ո՞վ տապալեց Հայաստանի Հանրապետությունը, ո՞վ սպանեց ու աքսորեց դաշնակցականներին. թվում է, թե ԽՍՀՄ‑ի և ՀՅԴ‑ի միջև անսահման խոր թշնամություն պետք է լիներ ու փոխանցվեր ՌԴ-ՀՅԴ հարաբերություններին։ Այդ հարաբերությունների պատմությունն իրականում այլ ընթացք է ունեցել։
Հայաստանի խորհրդայնացումից հետո խորհրդային հատուկ ծառայությունները հայկական ինստիտուցիոնալ կառույցների և հատկապես ՀԱԵ‑ի հետ աշխատում էին շատ ագրեսիվ ու կոպիտ մեթոդներով. Խորեն Ա Տփղիսեցի կաթողիկոսին խորհրդային ՆԿՎԴ‑ի սպաները ուղղակի ձեռքերով խեղդեցին։ Խորհրդային տարիների բռնաճնշումներից Հայաստանի հանրության որևէ մաս զերծ չի մնացել. այս հարցին այդպես էլ իրավական գնահատական չի տրվել։ Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր բարեկամությունը ռուսաց երկրի հետ այնքան «նուրբ» էր, որ Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի և հազարավոր հայերի սպանությունները հարկավոր էր մոռանալ։ Հուսանք՝ մի օր նաև այդ դրվագներն արժանի գնահատական կստանան։ Խորհրդային ցեղասպանությունը ևս մի օր պետք է ստանա արժանի գնահատական։

ՀՅԴ գործիչներ այդ շրջանում Հայաստանում չկային. ով չէր փախել արտերկիր, սպանվել էր: Երկրորդ համաշխարհայինից հետո ՀՅԴ‑ի նկատմամբ վերաբերմունքը մի փոքր մեղմվեց, սակայն ՀՅԴ‑ն շարունակում էր լինել խորհրդային կարգերի թշնամի։ Ավելին՝ դաշնակցական թերթերը նույնիսկ գրում էին այն մասին, որ կարելի է ՆԱՏՕ‑ի դաշնակից Թուրքիայի օգնությամբ անգամ ազատագրել Հայաստանը կարմիր թշնամուց։ Այս թերթերը դեռ հանգիստ տպագրվում էին արաբական այն երկրներում, որոնք դեռ ԽՍՀՄ‑ի դաշնակիցը չէին։ Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրանը, որտեղ ապրում ու բարգավաճում էր հայկական սփյուռքը, դեռ արևմտյան երկրների ազդեցության տակ էին։ ՀՅԴ‑ի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1970-ականների սկզբին․դա ԽՍՀՄ հզորության գագաթնակետի տարիներն էին։ Նշված երկրները գրեթե առանց բացառության դարձան ԽՍՀՄ‑ի դաշնակիցները ատելի կապիտալիստների դեմ պայքարում։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ հայ ժողովրդի վրա։ Անդրոպովյան դարաշրջանի ՊԱԿ‑ը հզորության նոր հորիզոններ էր նվաճում՝ առաջ անցնելով մրցակից երկրների հատուկ ծառայություններից։ ՊԱԿ‑ը Ֆրանսիայում ու Իտալիայում քողարկված մասնակցում էր քաղաքական գործընթացներին, ազդում ընտրությունների արդյունքների վրա, ԱՄՆ-ում հակավիետնամական ցույցեր էր հրահրում, նույնիսկ շրջանակներ կային, որ լրջորեն կարծում էին, թե այդպես շարունակելով՝ ԽՍՀՄ‑ը շուտով ԱՄՆ-ին ծնկի կբերի։
Խորհրդային այդ ութոտնուկի մատերը հասնում էին աշխարհի ցանկացած անկյուն, և ՊԱԿ‑ը, բնականաբար, մեծ ազդեցություն ուներ նաև այն երկրներում, որտեղ ՀՅԴ‑ն ամրացված էր՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Իրան և այլն։

ՀՅԴ‑ն և ՀԱԵ‑ն համակարգային կառույցներ են, որոնցում անձնական որոշումները նվազագույնի են հասցված։ Ավելին՝ դրանք մեծ ու ցանցային կառույցներ են, ինչի շնորհիվ ավելի կենսունակ են ու ճկուն։ Խորհրդային ՊԱԿ‑ը թիրախավորել է հենց այս կառույցները, քանի որ անձանց շուրջ հավաքված կառույցների վրա ազդելը, վերահսկելը կամ քանդելը շատ ավելի դյուրին է, քան համակարգային կառույցների դեպքում։
ՀՅԴ-ից վերացվեցին բոլոր այն ազգային խորագիտակները, որոնք ատում էին ԽՍՀՄ‑ը որպես ՀՀ անկախության ամենամեծ խոչընդոտ։ Վերացվեցին շատ նուրբ՝ օգտագործելով արաբա- իսրայելական պատերազմները, Լիբանանյան քաղաքացիական պատերազմը, Իրանի հեղափոխությունը և այլն։ ՊԱԿ‑ը հիանալի կերպով վերահսկողության տակ առավ նաև հայկական վրիժառուական կազմակերպությունների աշխատանքը. «ԱՍԱԼԱ»-ն սկզբից լրիվ դուրս էր խորհրդային վերահսկողությունից, սակայն հետո ստեղծվեց ՀՅԴ‑ի համապատասխան մրցակիցը, և ամեն ինչ արդեն ՊԱԿ‑ի վերահսկողության գոտում էր։

Խորհրդային ՊԱԿ‑ի հզորագույն ժամանակահատվածում՝ 1960–1980 ականներին, արաբական այս երկրներում որևէ հայկական ազգայնական կառույց, այն էլ՝ զինված, կանոնավոր մարզվող, չէր կարող գոյություն ունենալ ՊԱԿ‑ի վերահսկողության գոտուց դուրս առավել ևս չէր կարող այս ու այն կողմ հարձակումներ գործել։ Ավելին՝ այս գործողությունները ավելի մեծ խորություն ստացան այն ժամանակ, երբ հայությունը փորձում էր այս երկրներից գաղթել դեպի ԱՄՆ։

Խորհրդային ՊԱԿ‑ի համար սա ուղղակի հրաշալի հնարավորություն էր։ Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում ՊԱԿ‑ի վիճակը ահավոր ծանր էր, երբ Վաշինգտոնից դուրս գալը դարձել էր անհնար, հայկական ծագումով ՊԱԿ գործակալները, որոնք ստանում էին փախստականի կարգավիճակ, լավ մշակված ու պատրաստված, հազարներով մեկնում էին ԱՄՆ և հաստատվում ամենահարուստ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ ԱՄՆ ռազմարդյունաբերական մեծ ընկերություններ են աշխատում։
[շարունակելի]
Աղբյուրը՝
