Չճանաչված երկրի համար դա ներքին համակարգի փլուզվածության հրապարակայնացում էր, որից նրա թշնամիները չօգտվել չէին կարող։«Ղարաբաղը հանձնվել է» նախագահական վերջին ընտրությունների ապալեգիտացմամբ։
Վահրամ Աթանեսյան
«Ազգային անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «Նոյան տապանին» հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը «հանձնել է Ղարաբաղը, աջակցել էթնիկ զտումներին» եւ ունի «Սյունիքը Հայաստանից օտարելու խարդախ ծրագիր, որ արդեն իրական սպառնալիք է»։

Կուզենայի նրան հիշեցնել ավելի քան վեցամյա վաղեմություն մի դեպք։
ԼՂՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերից մեկն էր, ամսաթիվը կոնկրետ չեմ հիշում։ Երեւանից նախկին պաշտոնյաներ էին Ստեփանակերտ այցելում։ Իմացա, որ Դավիթ Շահնազարյանը, ինչպես ստեփանակերտցիներն են ասում՝ «քաղաքում է»։
Զանգեցի եւ խնդրեցի, որ Սերժ Սարգսյանին փոխանցի խնդրանքս․ հաշվի առնել առկա ծանրագույն իրավիճակը եւ չաջակցել Վիտալի Բալասանյանին, որպեսզի Արայիկ Հարությունյանը մեկ փուլի քվեարկությամբ հաղթի եւ կարողանա ուժեղ կառավարություն ձեւավորել։
Նա ինձ ուշադիր լսեց, բայց պատասխանեց, որ իմ «փոստատարը չէ»։
Նրա իրավունքն էր՝ դեմ լինել Նիկոլ Փաշինյանին։ Բայց որպես իրազեկված եւ վերլուծաբանի տաղանդ ունեցող անձ, պետք է իմանար, որ «Ղարաբաղի հանձնումը սկսված է» եւ եթե կանխելու որեւէ հնարավորություն կա, ապա մեկն է՝ միջազգային հանրությանը հզոր ազդակ հղել, որ Ստեփանակերտում կա պատասխանատու էլիտա։

Արայիկ Հարությունյանը, ինչ խոսք, այդ դերի լավագույն թեկնածուն չէ, բայց այդ պահին միակն էր, որ կարող էր հանրային համախմբում ապահովել։
Ցավոք, այդ ռեսուրսը մսխվեց, երբ փաստացի հիսուն հազար ընտրող ունեցող ԼՂՀ-ում քվեարկվեց նախագահի ավելի քան տասը թեկնածու։

Չճանաչված երկրի համար դա ներքին համակարգի փլուզվածության հրապարակայնացում էր, որից նրա թշնամիները չօգտվել չէին կարող։
«Ղարաբաղը հանձնվել է» նախագահական վերջին ընտրությունների ապալեգիտացմամբ։
Վահրամ Աթանեսյան
