Առաջին հայացքով Իրանը նպաստավորվում է այս փաստաթղթով։ Կրակը դադարում է, ամերիկյան պաշարումը՝ վերացվում, ստանում է վնասի հատուցում, վերսկսում է իր նավթարդյունաբերությունը։ Ամբողջ հանգույցը ձևակերպվել է միացյալ մեխանիզմի տիրույթում։
Շահան Գանտահարյան
Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- ԱՄՆ և Իրանի նախագահներն էլեկտրոնային եղանակով ստորագրեցին հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն է տալիս 60 օրով երկարաձգել զինադադարը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը. ինչպե՞ս հաջողվեց երկու երկրներին գալ համաձայնության։
- Կարծում եմ՝ կողմերը հակված էին ռազմական գործողություններին վերջ տալու առաջադրանքին։ ԱՄՆ‑ն ուզում էր վառելիքի գները իջեցնել միջանկյալ ընտրություններից առաջ, իսկ Իրանն ուզում էր վերագործարկել կասեցված նավթարդյունաբերությունը։ Ժամանակը սկսել էր երկկողմանիորեն նեղել։ Իհարկե, կան նաև ավելի հեռահար նպատակներ։ Չմոռանանք Պեկինի դերը։ Հենց որ Թրամփը հայտարարեց Վենեսուելան կրկնելու մասին, Պեկինն արտգործնախարարի խոսնակի միջոցով՝ դիվանագիտական ըսելաձևով հասկացրեց, որ Չինաստանը դա չի արտոնելու։ Այս հանգամանքներով ալ կողմերը գնացին գործարքի։
- Նաև հրապարակվել են այդ 14 կետանոց փաստաթղթի մանրամասները. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են դրանք ուղղված խնդիրների լուծմանը։
- Առաջին հայացքով Իրանը նպաստավորվում է այս փաստաթղթով։ Կրակը դադարում է, ամերիկյան պաշարումը՝ վերացվում, ստանում է վնասի հատուցում, վերսկսում է իր նավթարդյունաբերությունը։ Ամբողջ հանգույցը ձևակերպվել է միացյալ մեխանիզմի տիրույթում։ Դա ենթադրում է Հորմուզի նոր վարչակառավարում, հետևաբար՝ գերշահույթների բաշխման սկզբունք։ Դա ճշտվելու է հետագա բանակցություններում, բայց դրա նախադրյալը երևում է։
- Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները չեղարկվել են, քանի որ ԱՄՆ փոխնախագահը չի մեկնել։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ո՞րն է իրական պատճառը։
- Պետք է սպասել իսկական պատճառների մասին պաշտոնական լրատվությանը։ Առայժմ խոսվում է տեխնիկական խոչընդոտների մասին։ Վաշինգտոնն ուզում է այս ձևով ասել, որ պայմանավորվածությունը չեղարկելու հիմնական խնդիր չկա։ Մանրամասների շուրջ շարունակում են խոսել։ Լիբանանին վերաբերող հարցը բոլորովին այլ կետ է, և հնարավոր է՝ այս հարցը թաքնված լինի «տեխնիկական» ձևակերպման տակ։
- Արդյո՞ք բանակցությունների չեղարկումը կարող է նորից ռազմական գործողությունների մեկնարկի հանգեցնել։
- Չեմ կարծում, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն նախկին ձևով։ Չեն բացառվում, սակայն, սահմանափակ գործողություններ։
- Իսրայելի դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն է, և ի՞նչ ազդեցություն կունենա։
- Իսրայելը դժգոհ է այս համաձայնությունից։ Իսրայելին դեռևս չի հաջողվել իրագործել իր առջև դրված հիմնական երկու առաջադրանքները՝ անվտանգության գոտին և «Հեզբոլլահի» արմատական չեզոքացումը։ Սա ներիսրայելական լուրջ փոփոխությունների կառաջնորդի։
- Այս ամենը տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կթողնի։
- Տարածաշրջանում կլինի ընդհանուր տնտեսաքաղաքական քարտեզի փոփոխություն՝ գլխավոր դերերի վերաբաշխման առումով։ «Աբրահամյան դաշինքի» տեսությունը կվերադառնա, կսկսվեն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների նորմալացման գործընթացներ։ Իրանի դերը անվտանգության հարթակից և պրոքսի կետերից կվերափոխվի տնտեսականի։ ԱՄՆ‑ը, Իրանի հետ համաձայնության գալով, փորձում է կանխարգելել Չինաստան-Իրան-ՌԴ առանցքի կազմավորումը։ Ուշագրավ է, որ Իրանի հետ համաձայնությանն առընթեր որոշվեցին ՌԴ‑ի դեմ պատժամիջոցների խստացումները, և Ուկրաինան հարվածներ հասցրեց Մոսկվային։ Աշխարհաքաղաքական այս զուգահեռները պետք է դիտարկել փոխկապակցվածության դիտանկյունից։
