Իշխանությունը ՀՅԴ-ին «ջախջախելու» խնդիր չպիտի ունենա, քանզի Դաշնակցության օրվա վերնախավը ինքնաջախջախվել է, երբ ազգային-ընկերվարական գաղափարախոսությունը այլասերել է հացկատակ հնազանդության։
Նախկին Դաշնակցական
Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը 24TV‑ն հարցազրույց է տվել եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Ալիեւին «խոստացել է ընդդիմությանը ջախջախել, բայց ընդդիմությունը ավելի շատ ձայներ է ստացել, դրա համար էլ Ալիեւի օգնական Հաջիեւը եկել է Հայաստան, որպեսզի Փաշինյանին «ավելի ծանր դեղահաբեր» տա»։ Հունիսի 7‑ի քվեարկության արդյունքներով «Հայաստան» դաշինքը, որ գլխավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստացել է մոտ 145 հազար քվե։

Հինգ տարի առաջ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան կամ Ռոբերտ Քոչարյան- ՀՅԴ տանդեմը խորհրդարանական ընտրություններում ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 21, 4 տոկոսը։ Հունիսի 7‑ի քվեարկության արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 9,9 տոկոս, այսինքն ավելի քան երկու անգամ պակաս։ Նիկոլ Փաշինայնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մինչդեռ, քվեարկողների աջակցության բացարձակ թվային ցուցանիշով դիրքերն ամրապնդել է՝ նախորդ ընտրությունների համեմատ ստանալով մոտ հիսուն հազար հավելյալ ձայն։
Այս համեմատությամբ «Հայաստան» դաշինքը արդեն իսկ ջախջախված է, նրա մաս կազմող Դաշնակցության վերնախավը՝ հատկապես։

Հինգ տարվա կտրվածքով կորցնել ընտրազանգվածի կեսից ավելին, ցանկացած քաղաքական ուժի համար աղետ է։ Բայց դա Դաշնակցության օրվա վերնախավին չի հուզում։
Նրան չի հետաքրքրում, թե ինչպե՞ս պատահեց, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ արհեստականորեն ստեղծված «Ուժեղ Հայաստանը» հարյուր երեսունհինգ տարվա քաղաքական կենսագրություն ունեցող Դաշնակցությունից բարձր վարկանիշ ունեցավ։
Չի հետաքրքրում, քանի որ Դաշնակցությունը եւ մասնավորաբար Արթուր Խաչատրյանը գերազանց գիտի, թե ով է «Ուժեղ Հայաստանի» իրական առաջնորդը եւ ինչու է ի սկզբանե Սամվել Կարապետյանին նշանակել Հայաստանի «ընդդիմության առաջնորդ»՝ հեղինակազրկելով թե ՀՅԴ-ին, թե Ռոբերտ Քոչարյանին։
Ահա թե որն է Հայաստանի իրական սպառնալիքը, որի հանդեպ անգամ սոսկական տարակուսանք ի ցույց դնելու իրավունք Դաշնակցությունը չունի, չի կարող դժգոհել, որովհետեւ կաշկանդված է վերջին ավելի քան քառորդդարյա հացկատակ «պայմանավորվածություններով»։
Արթուր Խաչատրյանին հարկ է «խորին խորհուրդ անել», թե ինչպե՞ս պատահեցավ, որ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի պատգամախոս կուսակցությունը այսօր ի զորու չէ բարձրաձայնել, որ պայքարելու է ի անուն բռնատեղահանված արցախցիների, որպեսզի երաշխավորի նրանց անվտանգ եւ որպես իրավատեր վերադարձը։ Դաշնակցությունը այդ կարգախոսով ավելի մեծաթիվ աջակցություն կստանար, քան կարողացել է Ռոբերտ Քոչարյանի հետ Սամվել Կարապետյանից «մասնատել»։

Անկումը կատարյալ է, իշխանությունը ՀՅԴ-ին «ջախջախելու» խնդիր չպիտի ունենա, քանզի Դաշնակցության օրվա վերնախավը ինքնաջախջախվել է, երբ ազգային-ընկերվարական գաղափարախոսությունը այլասերել է հացկատակ հնազանդության, որից իշխանսաղաթելյանները, արմենռուստամյանները եւ արթուրխաչատրյանները ինքնափրկության ելք չունեն, պիտի մնան պատմության փլատակների տակ։ Որպեսզի Դաշնակցության շարքերը ի փառս Հայաստանի վերածնվեն։
Նախկին Դաշնակցական
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
