Երեւանում պետք է լինի Հայոց արքայատոհմերի խորհդանշական պանթեոն։ Ոչ թե միայն Հայկ Նահապետի արձան։
Վահրամ Աթանեսյան
Հետաքրքիր է, երբ Երեւանի կենտրոնում Կիրովի փողոցը վերանվել է Կորյունի, բնակիչները ի՞նչ վերաբերմունք են ունեցել։ Կամ երբ Լենինգրադյանը վերանվեց Քըրք Քըրքորյանի, որեւէ մեկը բողոքե՞ց։ Կարծես՝ ոչ։ Ընդհակառակը, շատերը ողջունեցին, որ հայ մեծ բարերարի հիշատակը հավերժացվել է։
Ամիրյան փողոցը Երեւանի ավագանու որոշմամբ կոչվել է Պապ թագավորի։ Սոցիալական ցանցերում, որքան դիտարկումները թույլ են տալիս, օգտատերերը հիմնականում «տարակուսած են»։
Բայց եթե դա կարելի է բացատրել Փոքր կենտրոնի բնակիչների «քաղքենիությամբ», ապա մի քաղաքագետի դիտարկումը, որ դա արվել է «պետությունը եկեղեցուն հակադրելու, Ձիրավի ճակատամարտի հերոս Պապ թագավորին եկեղեցու դեմ պայքարողի կերպափոխելու եւ մեր ազգային արժեքներով մեր ինքնության դեմ պայքարելու նպատակով», մեծ ցանկության դեպքում իսկ դժվար է «անձնական տեսակետ» համարել։
Երեւանում կա Արշակունյաց պողոտա։ Եւ եթե մեր պատմագրությանը հավատանք, Տրդատից հետո գրեթե բոլոր Արշակունի արքաները, մեղմ ասած, Եկեղեցու հետ խնդիրներ են ունեցել։ Այդ թվում եւ՝ Պապի հայր Արշակ Երկրորդը։ Նրա եւ Ներսես Մեծի հակառակությունը հայտնի է, իսկ Արշակի հայր Տիրանը հայ միակ թագավորն է, ում հրամանով կաթողիկոս է սպանվել։
Երբ Հոկտեմբերյան պողոտան վերանվանվել է Արշակունյաց, Մայր աթոռը դժգոհություն հայտնե՞լ է, այդ որոշումը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ Եկեղեցին բավարարվել է նրանով, որ Կարմիր բանակի փողոցն էլ կոչվել է Գրիգոր Լուսավորչի՞։
Անկախ նրանից, թե որտեղ է ծնվել Արսեն Ամիրյանը, ինչ հայացքներ է ունեցել, նրա անունով փողոց անկախ Հայաստանի մայրաքաղաքում չի կարող լինել, քանի որ ոչ կենսագրությամբ, ոչ գործունեությամբ նա Հայաստանի հետ որեւէ կապ չի ունեցել։
Օգտատերերից մեկը հիշել է, որ Ամիրյան փողոցը ժամանակ առաջ վերանվանվել է Վռամշապուհ արքայի, բայց «անունը չի կպել, անբարեհունչ էր»։ Երեւանում Մաշտոցի պողոտա կա, պետք է լինի նաեւ կամ նախ պետք է լիներ Վռամշապուհ արքայի փողոց, որովհետեւ Հայոց գրի համար նախ նրան ենք պարտական։
Երեւանում պետք է լինի Հայոց արքայատոհմերի խորհդանշական պանթեոն։ Ոչ թե միայն Հայկ Նահապետի արձան, բայց՝ Նոր Նորքում։ Այդ արձանի տեղը Հանրապետության հրապարակն է։
Վերջին շրջանում նախանձախնդիր մարդիկ բացում են աշխարհիկ Հայաստանի «թաքցված գանձերը»՝ բերդեր, ամրոցներ։ Հայաստանը տասնամյակներ շարունակ զբոսաշրջիկներին ներկայացրել են Մատենդարանով, Էջմիածնով, Սեւանով եւ Գառնի-Գեղարդով։ Հայաստանը պետք է ներկայանա նաեւ, պայմանական ասած՝ Հալիձորով։

Մի սերունդ հետո երիտասարդությունը պետք է հպարտանա, որ ծնվել եւ մեծացել է Երեւանի կենտրոնում՝ Պապ թագավորի փողոցում։
Վահրամ Աթանեսյան
