Եթե Հայաստանի իշխանությունները վարեն ավելի հաշվարկված և ինքնավստահ քաղաքականություն, ապա որոշ հարցերում Հայաստանը կարող է անգամ ազդեցության լծակներ ունենալ Ռուսաստանի նկատմամբ։
Արթուր Սաքունց
FactorTv‑ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Զրուցի ընթացքում վերջինս վերլուծում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացող լարվածության և Կրեմլի կողմից կիրառվող ճնշման գործիքակազմը։ Սաքունցը պնդում է, որ Մոսկվան այժմ Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես բացահայտ հակառուսական գործիչ և փորձում է պատժիչ միջոցներով, այդ թվում՝ քարոզչական սպառնալիքներով ու տնտեսական արգելքներով, ապակայունացնել երկրի ներքին վիճակը։ Ռուսաստանն օգտագործում է իր «հիբրիդային սպառնալիքները» և տեղական ռուսամետ ուժերին՝ կասկածի տակ դնելու Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը և խոչընդոտելու երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ու արևմտյան մերձեցմանը։ Սաքունցը հորդորում է հայկական իշխանություններին ձևավորել ամուր իրավական հիմքեր՝ պաշտպանելու պետական շահերը և հաղթահարելու կայսերական ազդեցության մնացորդները։
Արթուր Սաքունցը նշեց, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի պետք է բացահայտել և Ռուսաստան մուտք չթույլատրել Նիկոլ Փաշինյանին աջակցած անձանց, առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, սակայն այն պետք է դիտարկել Ռուսաստանի ներկա քաղաքական միջավայրի համատեքստում։ Իրավապաշտպանի կարծիքով՝ նման հայտարարությունը արտահայտում է Կրեմլի վերնախավում ձևավորված տրամադրությունները։

Սաքունցն ասաց, որ այդ հայտարարությունից կարելի է մեկ հստակ եզրակացություն անել․ Կրեմլն արդեն Նիկոլ Փաշինյանին համարում է հակառուսական գործիչ։ Նրա դիտարկմամբ՝ եթե Փաշինյանին աջակցող քաղաքացիներին նույնպես ներկայացնում են որպես հակառուսական, ապա դա նշանակում է, որ հենց Փաշինյանն է ընկալվում որպես հակառուսական քաղաքական դերակատար։ Նա ընդգծեց, որ սա պատասխան է նաև Հայաստանում տարածված այն տեսակետներին, թե Փաշինյանը շարունակում է ռուսական ազդեցության ներքո գործել։
Արթուր Սաքունցը նշեց, որ Ռուսաստանում «հակառուսական» պիտակը հաճախ օգտագործվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրականում քննադատում են Վլադիմիր Պուտինի վարչակարգը։ Նրա խոսքով՝ Կրեմլը խուսափում է օգտագործել «հակապուտինյան» բնորոշումը և դրա փոխարեն դիմում է «հակառուսական» ձևակերպմանը։ Նա հավելեց, որ անձամբ ունի բազմաթիվ ռուս իրավապաշտպան գործընկերներ, որոնք ճանաչվել են «օտարերկրյա գործակալներ», ենթարկվել են հետապնդումների և ստիպված լքել են Ռուսաստանը։ Սաքունցը կարծում է, որ նրանց հակառուսական անվանելն անհիմն է, սակայն ինքը բացահայտ քննադատում է Պուտինի ռեժիմը։
Իրավապաշտպանը նաև կարծիք հայտնեց, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը պետք է դիտարկել որպես Պուտինին անվերապահ ծառայելու և իր հավատարմությունն ապացուցելու փորձ։
Արթուր Սաքունցը շեշտեց, որ ազգային պատկանելությունը չի կարելի կապել մարդու քաղաքական դիրքորոշման հետ։ Նրա համոզմամբ՝ քաղաքական ընտրությունները պայմանավորված չեն ազգությամբ, իսկ նման մոտեցումները բնորոշ են ավտորիտար համակարգերին։
Խոսելով Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունների մասին, թե Ռուսաստանի շահերից է բխում համագործակցել Հայաստանի ժողովրդի ընտրած իշխանությունների հետ, Սաքունցը նշեց, որ Հայաստանի պաշտոնյաները չպետք է ավելի շատ մտահոգվեն Ռուսաստանի շահերով, քան սեփական երկրի շահերով։ Նա ասաց, որ Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի ձևակերպել և պաշտպանել սեփական պետական շահերը, հատկապես այն պայմաններում, երբ, իր գնահատմամբ, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է հիբրիդային ճնշումներ, սահմանափակումներ և այլ ազդեցության մեխանիզմներ։
Նրա խոսքով՝ անընդունելի է պնդել, թե Ռուսաստանի քայլերը վնասում են հենց Ռուսաստանի շահերին, քանի որ այդ մոտեցումը շրջանցում է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության խնդիրները։
Արթուր Սաքունցը նշեց, որ երկար տարիներ Հայաստանի իշխանությունները արդարացրել են Ռուսաստանի տարբեր քայլերը՝ դրանք ներկայացնելով որպես անվտանգության անհրաժեշտություն։ Նա հիշեցրեց նաև 2013թ. իրադարձությունները, երբ, իր գնահատմամբ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ճնշման ներքո հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց։
Խոսելով Ռուսաստանի հնարավոր հետագա ճնշումների մասին՝ Սաքունցը նշեց, որ թեև նման գործիքներ կան, սակայն Ռուսաստանը ներկայումս չունի այն ռեսուրսները, որոնք կթույլատրեն Հայաստանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ իրականացնել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը գտնվում է ծանր տնտեսական և միջազգային իրավիճակում, գտնվում է պատժամիջոցների ներքո և ինքն ունի լուրջ տնտեսական խնդիրներ, այդ թվում՝ վառելիքի ոլորտում։
Սաքունցը կարծում է, որ նույնիսկ գազի մատակարարման հարցում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ Հայաստանն ինքն էլ շուկա է Ռուսաստանի համար։ Նա նշեց, որ եթե Հայաստանի իշխանությունները վարեն ավելի հաշվարկված և ինքնավստահ քաղաքականություն, ապա որոշ հարցերում Հայաստանը կարող է անգամ ազդեցության լծակներ ունենալ Ռուսաստանի նկատմամբ։
Արթուր Սաքունցը նաև կարծիք հայտնեց, որ ռուսական ռազմաբազայի ներկայիս նշանակությունն ավելի շատ կապված է Ուկրաինայի պատերազմի հետ, քան Հայաստանի անվտանգության ապահովման։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը երկու անգամ անկախություն է ստացել ռուսական պետականության ճգնաժամերի պայմաններում՝ առաջին անգամ Ռուսական կայսրության, երկրորդ անգամ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում։ Սաքունցը կարծում է, որ այժմ ևս Ռուսաստանը գնում է թուլացման ճանապարհով, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել իրական բովանդակային անկախություն ամրապնդելու հնարավորություն։
Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ Սաքունցը նշեց, որ Ռուսաստանը բացահայտ ընդունել է Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժերի գոյությունը։ Նրա խոսքով՝ եթե պետությունն ուզում է պաշտպանել իր ինքնիշխանությունը, ապա պետք է օրենսդրորեն ստեղծի արդյունավետ մեխանիզմներ՝ կանխելու ապօրինի քաղաքական ֆինանսավորումը և արտաքին ազդեցությունը։
Իրավապաշտպանը շեշտեց, որ խնդիրը քաղաքական հետապնդումները չեն, այլ իրավական մեխանիզմների ձևավորումը, որոնք կպաշտպանեն ժողովրդավարությունը, իրավական պետությունն ու պետական անկախությունը։
Սաքունցը նշեց, որ եթե որևէ քաղաքական ուժ գործում է Հայաստանի ինքնիշխանության դեմ կամ ֆինանսավորվում է արտաքին կենտրոններից, ապա պետությունը պետք է ունենա այդ երևույթները կանխելու և պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքներ։
Նա որպես օրինակ հիշեցրեց եվրոպական որոշ երկրների փորձը, որտեղ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը կամ նրանցից ֆինանսավորում ստանալը կարող է հանգեցնել իրավական հետևանքների։
Արթուր Սաքունցը շեշտեց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և ազգային անվտանգության, ժողովրդավարության ու այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով կարող է ենթարկվել սահմանափակումների։
Իրավապաշտպանը նաև ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք, իր գնահատմամբ, վկայում են Հայաստանի պետական կառույցներում ռուսական ազդեցության մասին։ Նա օրինակ բերեց դեպքեր, երբ Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքում հայտնված անձինք փոխանցվել են ռուսական կողմին կամ ստեղծվել են նման հնարավորություններ։
Սաքունցը հիշեցրեց նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը, իր գնահատմամբ, չկանխեց 2023թ. իրադարձությունները, ինչից հետո, նրա խոսքով, այլևս հիմքեր չեն մնացել Ռուսաստանին դիտարկելու որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։
Նա նշեց, որ եթե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ, ապա Հայաստանը պետք է հստակ արձագանքի նաև քաղաքական և իրավական մակարդակներում, այդ թվում՝ վերանայելով երկկողմ հարաբերությունների իրավական հիմքերը։
Արթուր Սաքունցը կանխատեսեց, որ Ռուսաստանի հետագա քայլերը կուղղվեն Հայաստանի եվրոպական և արևմտյան ուղղությամբ համագործակցության խոչընդոտմանը։ Նրա խոսքով՝ ճնշումները կարող են վերաբերել տնտեսական ոլորտին, երկաթուղային ենթակառուցվածքներին, սահմանապահ համակարգին, գազամատակարարմանը և այլ ուղղություններին։

Վերջում Սաքունցը նշեց, որ Ռուսաստանի համար առաջնահերթ նպատակը կլինի կասկածի տակ դնել Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը և խոչընդոտել Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերների հետ համագործակցության խորացմանը։ Սակայն նա համոզմունք հայտնեց, որ այդ գործողությունները ցանկալի արդյունք չեն տալու։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
