Ըստ ադրբեջանցի վտարանդի լրագրողի, Ադրբեջանում անցած երկու օրերին «կրոնական համոզմունքների պատճառով եւս վեց անձ է ձերբակալվել»։
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանում «Աշուրայի» արգելքը կրկին օրակարգում է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին։ Նրա տեղեկություններով, ոստիկանությունը «Նարգիզ անունով մի կնոջ արգելել է կանաչ դրոշով մտնել Նարդարան»։ Խոսքը Բաքվին մերձակա ավանի մասին է, որ Ադրբեջանում հայտնի է որպես «ոչ կանոնական իսլամականության կենտրոն»։

«Աշուրան» շիադավան մուսուլմանները նշում են որպես սգո օր՝ ի հիշատակ Մուհամեդ մարգարեի Հուսեյն թոռան նահատակության։ Այս տարի այդ օրը համընկել է հունիսի 25–26‑ի հետ։ «Խաղաղության եւ ժողովրդավարության» ինստիտուտի տվյալներով Ադրբեջանում «ավելի քան երեք հարյուր շիադավան հավատացյալ դատապարտված է ազատազրկման»։
Պաշտոնապես նրանց մի մասը մեղադրվում է «Իրանի հատուկ ծառայությունների հրահանգով Ադրբեջանում արմատական իսլամ քարոզելու», մյուսը՝ «Իրանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ ներկրելու եւ իրացնելու» մեջ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց մեծ մասին ճանաչել է «խղճի կալանավոր-քաղբանտարկյալ»։ Ըստ ադրբեջանցի վտարանդի լրագրողի, Ադրբեջանում անցած երկու օրերին «կրոնական համոզմունքների պատճառով եւս վեց անձ է ձերբակալվել»։

Տառացիորեն երկու օր առաջ Բաքուն հյուրընկալել է Իսլամական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական միության հերթական նստաշրջանը, որի մասնակիցներին հղած ուղերձում Իլհամ Ալիեւը Եվրահանձնաժողովին եւ ԵԽԽՎ-ին սուր քննադատել է եւ մեղադրել «իսլամատյացություն սնուցելու, իսլամը եւ ահաբեկչությունը նույնականացնելու» մեջ։
Աֆղան Մուխթարլին բացահայտել է, որ անազատության դատապարտված շիադավան հավատացյալներից «շատերը մեղադրվել են որպես ահաբեկիչներ»։ Ստացվում է, որ իսլամադավան Ադրբեջանում հավատացյալները, ի տարբերություն Եվրոպայի, համարվում են «ահաբեկիչներ»։ Ադրբեջանցի վտարանդի լրագրողը կանխատեսել է, որ Իլհամ Ալիեւը հակակրոնական քաղաքականությամբ «հավատացյալներին մղում է դեպի Իրանի գիրկը»։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը, որ Իլհամ Ալիեւը Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպմանը հռչակել է Ադրբեջանի պետական քաղաքականության առաջնահերթություն, իրոք, կարող է նպաստել ադրբեջանական հանրության իսլամական «վերածննդին»։ Այլ բան է, թե այն ի՞նչ նպատակի կծառայի։
Վահրամ Աթանեսյան
