«Համակեցության միջավայրի» մասին առհասարակ խոսք լինել չի կարող։ Սամվել Կարապետյանը եւ նրա թիմակիցները միայն անհանդուրժողականություն են քարոզել եւ շարունակում են քարոզել։
Մուղնի
«Սամվել Կարապետյանի խնդիրը նոր իրավիճակ, նոր իրականություն, նոր միջավայր, արժեքային, համակեցության մշակութային նոր ուղենիշներ ստեղծելն է: Այդ ամենի հանդեպ է, որ անզոր է լինելու ցանկացած «հրեշ»,- գրել է Հայաստանում հանրային կարծիք ձեւավորող մեկնաբանը։ Նրա թելեգրամյան եւ youtube ալիքները, հավանաբար, հազարավոր հետեւորդներ ունեն, որ, սակայն, սպասում են ոչ թե «տեսական» մտավարժանքների, այլ կոնկրետ-առարկայական վերլուծությունների եւ խորհրդատվության։
Այս առումով ի՞նչ կարելի է քաղել ընդդիմության առաջնորդներից մեկին տրված գնահատականից, եթե Սամվել Կարապետյանը իր ելույթներով եւ հարցազրույցներով «նոր իրականություն, նոր միջավայր, արժեքային, համակեցության, մշակութային նոր ուղենիշների» մասին բառացիորեն ոչինչ չի ասել։
Ոչ ոք հայ մեկնաբանին չի կարող զրկել Սամվել Կարապետյանի համակիրը լինելու, նրան քարոզելու իրավունքից։ Բայց երբ նա փորձում է հետեւորդներին ներշնչել, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը թե քաղաքական, թե քաղաքակրթական «նորարար է», դա արդեն բացահայտ վերագրում է։
Ի՞նչ «արժեքային ուղենիշի» մասին է խոսքը, եթե Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացու մասին դատում է որպես «գլխաքանակի»։
Հարգենք անմեղության կանխավարկածը, բայց Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, համենայն դեպս, «ինչ-որ բան ասում են»։

«Համակեցության միջավայրի» մասին առհասարակ խոսք լինել չի կարող։ Սամվել Կարապետյանը եւ նրա թիմակիցները միայն անհանդուրժողականություն են քարոզել եւ շարունակում են քարոզել։ Չխոսած արդեն այն մասին, որ նրա քաղաքական համոզմունքները խարսխված են «ավանդույթների» եւ «տղայականով սկզբունքի» վրա։
Սամվել Կարապետյանի հաշվարկը կառուցված էր «անակնկալի արդյունավետության» վրա։ Այդ առումով, թերեւս, նրա մարտավարությունը Հայաստանի քաղաքական պատմության մեջ կարելի է «նորություն» համարել, բայց դա այն է, ինչի մասին ժամանակին Վանո Սիրադեղյան գրել է՝ նկատի ունենալով Շանթ Հարությունյանին․ «Սամթ (հնար) լինի, իշխանությունը վերցնեմ»։
Այդպես քաղաքականություն չեն վարում։ Առավել եւս նորություն չեն բերում։ Դա «անվերջ անցյալին վերադարձ է»։
Բայց անցյալը սիրելի է միայն որպես անձնական հուշ։ Երկիրը կայուն ներկայի եւ ավելի կառուցիկ ապագայի կարիք ունի։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
