Գյուղատնտեսությունը Ադրբեջանի հպարտությունը չէ բոլոր առումներով։ Բավական է ասել, որ Ադրբեջանը տասնյակ երկրներից, նույնիսկ հեռավոր Բրազիլիայից միս է ներկրում։
Վահրամ Աթանեսյան
Անցյալ ամիս ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքները կփոխարինի ադրբեջանականով։ Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ «Ադրբեջանը կարող է ռուսական շուկային ավելի շատ գյուղմթերք առաջարկել, քան Հայաստանը»։ Անցած ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան գյուղմթերքների արտահանման ծավալների մեծացման մասին հրապարակային տեղեկություն չի ստացվել։
Պետք է ընդգծել, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանը քաղաքացիների տեղաշարժի համար շարունակում է փակ մնալ, ուստի ադրբեջանական գյուղմթերքների, առաջին հերթին՝ մրգերի եւ պտուղ-բանջարեղենի անհատական արտահանումը բացառված է։
Բայց ավելի հետաքրքիր է, որ Ադրբեջանի «ագրարային ավելի մեծ ներուժի» մասին Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցչի դիտարկումը, պարզվում է, իրականությունից կտրված է կամ արվել է քարոզչական նպատակով՝ տպավորություն ստեղծելու, թե Հայաստանի կառավարությունը Մոսկվային դրդում է «հայերի համար ատելի Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական կապերը խորացնել»։
Բաքվի իշխանամետ haqqin.az‑ը պարզել է, որ տարին ադրբեջանցի ֆերմերների համար բարենպաստ չէ, տեւական անձրեւները վնասել են հատկապես կեռասի եւ ելակի բերքը։ Այդ իսկ պատճառով Բաքվի շուկաներում գները «կտրուկ երկինք են թռել»։ Խաչմասի շրջանի այգետեր Ռասուլ Աղաեւը պատմել է, որ աշխատուժ վարձելու, տրանսպորտային ծախսեր հոգալու, Բաքվում վաճառակետ զբաղեցնելու ֆինանսական միջոցներ չունի, ստիպված է կեռասի բերքը «ջրի գնով տալ վերավաճառողներին»։ Աղաեւի վկայությամբ՝ նրանք կեռասը «գնում են կիլոգրամը մեկուկես մանաթով, իսկ իրացնում յոթ-ութով»։ Լրատվամիջոցի թղթակիցը Բաքվից «հազիվ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնող շրջանում ականատես է եղել, թե ֆերմերներն ինչպես են թափում ելակի եւ լոլիկի բերքը»։

Կարելի է պատկերացնել Ադրբեջանում գյուղմթերքների շուկայի իրական պատկերը, եթե Իլհամ Ալիեւի հարս Ալյոնա Գոնչարի ուղղակի վերահսկողության տակ գտնվող haqqin.az‑ը նման հրապարակում է արել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից Ռուսաստան գյուղմթերքների ներկրման ծավալների մեծացմանը, ապա դրա համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի ոչ միայն քաղաքական կամք, այլեւ՝ ժամանակ եւ լուրջ ներդրումներ։ Գյուղատնտեսությունը Ադրբեջանի հպարտությունը չէ բոլոր առումներով։ Բավական է ասել, որ Ադրբեջանը տասնյակ երկրներից, նույնիսկ հեռավոր Բրազիլիայից միս է ներկրում։
Վահրամ Աթանեսյան
