Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ‑ն առաջիկայում ստիպված կլինեն ձևավորել նոր մոտեցումներ հատկապես Իրանի ուղղությամբ, և այդ որոշումները կազդեն նաև Հարավային Կովկասի վրա։
Արսեն Խառատյան
1inTV‑ն զրուցել է կոնֆլիկտաբան, ազգագրագետ Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության վճռորոշ շրջադարձը, որը բնորոշվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորը ճգնաժամով և Եվրամիության հետ աննախադեպ մերձեցմամբ: Արսեն Խառատյանը վերլուծում է Մոսկվայի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները որպես պատժիչ գործողություններ, որոնց Բրյուսելն արձագանքում է արագ և կազմակերպված աջակցությամբ՝ բացելով եվրոպական շուկաները հայկական արտահանման համար: Զրույցի առանցքում են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը և ռուսական կոնցեսիոն վերահսկողությունից ազատվելու հրամայականը՝ տնտեսական անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Զրույցը ներկայացնում է Հայաստանի ջանքերը՝ ինստիտուցիոնալացնելու եվրոպական ինտեգրումը և հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերները փոփոխվող տարածաշրջանային համատեքստում:
Արսեն Խառատյանը, նշեց, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները, անկախությունից ի վեր, գտնվում են տեսանելի ամենախորը ճգնաժամերից մեկում։ Նրա խոսքով՝ նախկինում ևս եղել են լարված շրջաններ, սակայն դրանք հիմնականում փակ են մնացել հանրությունից, մինչդեռ այժմ առկա է բաց և հրապարակային առճակատում։ Խառատյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը նախկինում ևս տարբեր ժամանակահատվածներում սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը՝ տնտեսական լծակներն օգտագործելով քաղաքական նպատակների համար։
Արսեն Խառատյանը դիտարկեց, որ Ռուսաստանը մինչև այժմ փաստացի չի ընդունել Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մոսկվայից չի հնչել շնորհավորանք, իսկ դրան հաջորդել են արդեն գործնական քայլեր՝ հայկական ապրանքների արտահանման խոչընդոտմամբ։ Նրա գնահատմամբ, անկախ պաշտոնական ձևակերպումներից, իրականում ստեղծվել է իրավիճակ, որը գործնականում համապատասխանում է էմբարգոյի։
Արևելագետը նշեց, որ ստեղծված իրավիճակին արագ արձագանքել են Եվրամիությունն ու առանձին եվրոպական պետություններ։ Նրա կարծիքով՝ դա վկայում է ոչ միայն քաղաքական աջակցության, այլև նախապես մշակված գործողությունների ծրագրի մասին, որը նախատեսված էր նման զարգացումների դեպքում։ Խառատյանը կարևոր համարեց այն, որ հայկական բիզնեսը կարողանա օգտվել այդ հնարավորությունից և աստիճանաբար մուտք գործել եվրոպական շուկաներ։
Խառատյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը դեռևս միայն սկսել է կիրառել այն տնտեսական ու քաղաքական գործիքակազմը, որը գտնվում է իր տրամադրության տակ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Եվրամիության արագ արձագանքը Հայաստանի համար կարևոր քաղաքական ազդակ է և կարող է նպաստել տնտեսական կորուստների մեղմելուն։

Արսեն Խառատյանը նշեց, որ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. մի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, մյուս կողմից՝ Եվրամիությունը, նույնիսկ առանց ազատ առևտրի համաձայնագրի, ժամանակավորապես բացում է իր շուկան Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շրջանցել նախկինում անանցանելի համարված սահմանափակումները։
Կոնֆլիկտաբանը կարծում է, որ Եվրամիությունը վերջին տարիներին դարձել է ավելի ճկուն և իրավիճակային որոշումներ ընդունող կառույց։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխությունները ստիպում են Բրյուսելին գործել ավելի արագ և գործնական եղանակով։
Արսեն Խառատյանը շեշտեց, որ Հայաստանի համար բացված հնարավորությունը պետք է դիտարկել որպես փորձնական փուլ։ Նրա համոզմամբ՝ եվրոպական շուկան մուտք գործելը հեշտ չի լինելու, քանի որ այնտեղ մրցակցությունն ավելի բարձր է, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նպաստել ինչպես արտահանման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ հայկական արտադրանքի որակի բարձրացմանը։ Նա հավելեց, որ եվրոպական չափորոշիչներին համապատասխանելը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի ներքին սպառողի համար։
Խառատյանը նշեց, որ տարիներ շարունակ քննարկվել էր այն սցենարը, թե ինչ պետք է անել, եթե Ռուսաստանը տնտեսական ճնշումներ գործադրի Հայաստանի նկատմամբ, իսկ այժմ այդ սցենարը դարձել է իրականություն։ Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանին ստիպում է արագացնել տնտեսական դիվերսիֆիկացիան։
Արևելագետը դիտարկեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից է բխում Հայաստանը հնարավորինս քիչ ներգրավված լինի տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում։ Նրա խոսքով՝ Հայաստանի շահը ճիշտ հակառակն է՝ հնարավորինս ակտիվ մասնակցել այդ ծրագրերին։ Նա նաև ընդգծեց, որ այս գործընթացում Հայաստանը միայնակ չէ որոշումներ կայացնողը, քանի որ զարգացումները կախված են նաև արտաքին դերակատարներից։
Արսեն Խառատյանը նշեց, որ եթե հայ-ռուսական ճգնաժամը խորանա, ապա Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կարող են ավելի ակտիվ ներգրավվել՝ աջակցելով Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը։
Խառատյանի խոսքով՝ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ անկախ նրանից, թե երբ կբացվեն հաղորդակցությունները։ Նա գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական կոնցեսիայի պայմանները, քանի որ Ռուսաստանից նոր ներդրումների ակնկալիքը իրատեսական չի թվում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը բավարար իրավական և քաղաքական հիմքեր ունի այդ հարցը վերանայելու և նոր ներդրողներ ներգրավելու համար։
Արևելագետը, սակայն, լավատես չէ, որ Թուրքիան մոտ ապագայում կբացի սահմանը հայկական ապրանքների տարանցման համար։ Նրա կարծիքով՝ տեսանելի ապագայում Հայաստանի հիմնական արտահանման ճանապարհը կմնա Վրաստանի միջոցով դեպի Սև ծով և այնտեղից՝ Եվրոպա, ինչպես նաև օդային փոխադրումները։
Արսեն Խառատյանը նշեց, որ ներկայումս Հայաստանի և Եվրամիության միջև գործում է նոր համագործակցության օրակարգ, որն արդեն տարբերվում է 2013 թվականի իրավիճակից։ Նա հիշեցրեց, որ այն ժամանակ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից՝ Մոսկվայի ճնշման ներքո, ինչից հետո միացավ Մաքսային միությանը և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը։
Խառատյանի խոսքով՝ այսօր Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ընթանում են մի քանի ուղղություններով՝ վիզաների ազատականացման գործընթաց, համապարփակ քաղաքական համագործակցություն, ինչպես նաև անվտանգության ոլորտում փոխգործակցություն։ Նա ընդգծեց, որ Եվրամիությունը փոխել է իր մոտեցումը և այլևս չի փորձում բոլոր երկրների հետ շարժվել նույն ժամանակացույցով ու նույն փաստաթղթային մեխանիզմներով։
Արսեն Խառատյանը կարևորեց նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում և դրան հաջորդած Հայաստան–Եվրամիություն առաջին երկկողմ գագաթնաժողովը՝ դրանք գնահատելով որպես հարաբերությունների ինստիտուցիոնալ խորացման կարևոր քայլեր։
Նրա կարծիքով՝ աշխարհում փոփոխություններն այնքան արագ են ընթանում, որ դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել, սակայն առայժմ որևէ ազդակ չկա, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվում է վերանայել եվրոպական ինտեգրման ուղղությունը։ Խառատյանը հավելեց, որ Մոսկվայի ներկայիս քաղաքականությունը, հակառակը, կարող է ավելի արագացնել Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների խորացումը։
Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում են նաև որպես գործիք՝ իրենց հարաբերություններում Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ հավելյալ քաղաքական շահեր ստանալու համար։ Նրա խոսքով՝ մասնավորապես Թուրքիայի դեպքում փորձագիտական շրջանակներում հաճախ նշվում է, որ Վաշինգտոնի ուղղակի միջամտությունը կարող է արագացնել որոշ գործընթացներ։
Խառատյանը կարծում է, որ Հարավային Կովկասում զարգացումները մեծապես կախված են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ ճակատում իրավիճակը փոխվի, ապա Հայաստանի ռազմավարական նշանակությունը կարող է աճել թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրամիության համար։
Արևելագետը անդրադարձավ նաև Թուրքիայի և Իսրայելի միջև խորացող հակասություններին՝ նշելով, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության, Իրանի շուրջ զարգացումների և ընդհանուր տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ‑ն առաջիկայում ստիպված կլինեն ձևավորել նոր մոտեցումներ հատկապես Իրանի ուղղությամբ, և այդ որոշումները կազդեն նաև Հարավային Կովկասի վրա։

Արսեն Խառատյանը եզրափակեց, որ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր տրամաբանությունը մեծապես պայմանավորված կլինի Իրանի շուրջ Արևմուտքի հետագա քաղաքականությամբ, քանի որ հենց այդ ուղղությամբ ընդունվող որոշումները կարող են ձևավորել նոր ռազմաքաղաքական իրողություններ ամբողջ տարածաշրջանի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
