Ընթացող դատավարությունը ՀՀ յոթ քաղաքացու սպանության համար անձնական պատասխանատվություն սահմանելու ոչ մի հույս չի ներշնչում։
Մուղնի
Շուրջ մեկ տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ֆարմանյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրել է վճիռ եւ արձանագրել է, որ մարտի մեկին յոթ անձի կյանքի իրավունքը Հայաստանի պետությյան կողմից խախտվել է։ ՄԻԵԴ վճռով նրանց մահվան պատճառը «վատ կազմակերպված օպերացիան է, սպառազինությունների անտեղի կիրառումը, մահացու ուժի անխոհեմ եւ անհամաչափ կիրառումը»։

Դատական այդ ակտը ուժի մեջ է մտել հրապարակման պահից, քանի որ ՄԻԵԴ վճիռները բողոքարկման ենթակա չեն։ Հարց է առաջանում, Հայաստանի դատարանը նույն գործով ի՞նչ քննություն է տանում կամ քննություն է տանում որ ի՞նչ անի։ Մի X պահի վաղեմության ժամկետ կիրառի՞, թե «իրավիճակի փոփոխության հիմնավորմամբ» գործը կարճի՞։
ՄԻԵԴ վճռից հետո Հայաստանի իրավապահ համակարգը մեկ խնդիր ունի՝ կոնկրետացնել, թե օպերացիայի վատ կազմակերպման, սպառազինությունների անտեղի կիրառման, մահացու ուժի անխոհեմ եւ անհամաչափ կիրառման պատասխանատուն ո՞վ է կամ ովքե՞ր են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանատու է ճանաչել Հայաստանի Հանրապետությանը, պետությանը։

Իսկ 2008թ․ մարտի 1‑ին, ըստ այդ պահի դրությամբ գործած ՀՀ սահմանադրության ո՞վ եւ ովքե՞ր են ներկայացրել պետությունը։ Խոսքը սահմանադրությամբ գործելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց, պետական մարմինների մասին է։
Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այն հաստատել է Ազգային ժողովը։ Միայն դրանից հետո են բանակը, ոստիկանության ուժերը, ԱԱԾ‑ն ստացել «ապօրինի ցույցը ցրելու եւ զանգվածային անկարգությունները կանխարգելելու» հրաման ստացել։ Արդյունքում, ըստ ՄԻԵԴ վճռի, ՀՀ յոթ քաղաքացի զրկվել է կյանքից կամ պարզ ասած՝ պետության անհամաչափ գործողությունների հետեւանքով սպանվել է։

Խնդիրը նույնիսկ պաշտոնատար անձի կամ նրան ենթակա զինվորականների նկատմամբ մեղադրական վճիռ կայացնելը չէ, թեեւ հանրության մեծամասնության պահանջը դա է, այլ՝ նրանց այդ օրվա որոշումների իրավական գնահատականը։ Դատական ո՞ր ատյան, ու՞մ հայցի հիման վրա կարող է նման վճիռ կայացնել, իրավաբանները կարող են ասել։
Ավելի տրամաբանական է թվում, որ Սահմանադրական դատարանը որոշի, թե 2008թ․ մարտի 1‑ի դրությամբ ո՞վ եւ ովքե՞ր են ներկայացրել ՀՀ պետությունը։ Այդուհետեւ նրանց անձնական մեղավորությունը կպարզի դատարանը։
Ընթացող դատավարությունը ՀՀ յոթ քաղաքացու սպանության համար անձնական պատասխանատվություն սահմանելու ոչ մի հույս չի ներշնչում։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
