ԱՄՆ-ում հետաքրքրությունն այնքան է աճել, որ արդեն քննարկվում է ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացումը՝ սկզբնական 200 միլիոն դոլարից մինչև 400 միլիոն դոլար։ Առաջիկա շաբաթներին հնարավոր են այդ ուղղությամբ նոր հայտարարություններ։
Վիգեն Հովսեփյան
1inTV‑ն զրուցել է ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է TRIPP նախագծի ռազմավարական նշանակությունը, որը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ‑ի ներկայության ուժեղացման և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխման առանցքային գործիք։ Քաղաքագետ Վիգեն Հովսեփյանը շեշտում է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է զգալիորեն ավելացնել այս ծրագրի ֆինանսական հատկացումները, ինչը նպատակ ունի ստեղծել տնտեսական այլընտրանքներ և թուլացնել ռուսական ազդեցությունը։ Չնայած Իրանի հետ առկա լարվածությանը և Ռուսաստանի հնարավոր դիմադրությանը, նախագիծը ներկայացվում է որպես բազմակողմանի շահավետ ձեռնարկ, որից կարող են օգտվել տարածաշրջանի գրեթե բոլոր խաղացողները։ Ըստ Հովսեփյանի Հայաստանի համար այս գործընթացը պատմական հնարավորություն է՝ ամրապնդելու իր անվտանգային և տնտեսական դիմակայունությունը արևմտյան գործընկերների աջակցությամբ։

Վիգեն Հովսեփյանը նշեց, որ «TRIPP» նախաձեռնության նկատմամբ ԱՄՆ‑ի հետաքրքրությունը հատկապես մեծացել է Իրանի հետ պատերազմի ֆոնին։ Նրա խոսքով՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել նախաձեռնության շուրջ ակտիվությունը, քանի որ Միացյալ Նահանգները պատմության ընթացքում առաջին անգամ նման ծավալով փորձում է ներգրավվել տարածաշրջանում՝ տարբեր ձևաչափերով։ Նա կարծում է, որ նախագծի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքն է որոշիչ գործոնը, իսկ մյուս դերակատարները՝ Ռուսաստանը, Իրանը և մյուսները, թեև ունեն սեփական շահերն ու մտահոգությունները, այս փուլում երկրորդական նշանակություն ունեն։
Քաղաքագիտության դոկտորը ասաց, որ ԱՄՆ-ում հետաքրքրությունն այնքան է աճել, որ արդեն քննարկվում է ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացումը՝ սկզբնական 200 միլիոն դոլարից մինչև 400 միլիոն դոլար։ Հովսեփյանի դիտարկմամբ՝ առաջիկա շաբաթներին հնարավոր են այդ ուղղությամբ նոր հայտարարություններ։
Նրա գնահատմամբ՝ Իրանի հետ պատերազմը Հայաստանի համար ստեղծում է լուրջ ռիսկեր, սակայն «TRIPP» նախաձեռնության տեսանկյունից կարող է նաև նպաստավոր ազդեցություն ունենալ, քանի որ Միացյալ Նահանգները փորձում է ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։Նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես ԱՄՆ‑ի ավելի լայն ռազմավարության մաս՝ ուղղված տարածաշրջանում ազդեցության մեծացմանը։ Նա նշեց, որ Վաշինգտոնը միաժամանակ բախվում է արտաքին քաղաքական և տնտեսական բազմաթիվ մարտահրավերների, առաջին հերթին՝ Չինաստանի հետ մրցակցությանը, և այդ պայմաններում «TRIPP»-ը կարող է դառնալ վարչակազմի հաջողված արտաքին քաղաքական նախագծերից մեկը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի ղեկավարության ակտիվությունը՝ Ջեյ Դի Վենսի, Մարկո Ռուբիոյի այցելությունները և Հայաստանի նկատմամբ աճող ուշադրությունը, վկայում են նախաձեռնության ռազմավարական նշանակության մասին։ Հովսեփյանը նաև ընդգծեց, որ Թրամփի վարչակազմի համար նախագիծը կարևոր է նաև ներքաղաքական առումով, քանի որ Կոնգրեսի ընտրություններից առաջ արտաքին քաղաքական հաջողությունները կարող են օգտագործվել որպես ընտրական ձեռքբերումներ։
Անդրադառնալով նախաձեռնության տնտեսական նշանակությանը՝ Հովսեփյանը նշեց, որ այն չպետք է ընկալել բացառապես որպես ռուսական կամ չինական ազդեցությանը հակադրվող նախագիծ։ Նրա խոսքով՝ հատկապես Չինաստանի գործոնը պետք է ճիշտ գնահատել, քանի որ ծրագրի հաջող իրականացումը կարող է նպաստել նաև Կենտրոնական Ասիայի տնտեսական կապերի զարգացմանը, որտեղ Պեկինն արդեն ունի լուրջ ներկայություն։
Նա կարծում է, որ «TRIPP»-ը Չինաստանի հետ ուղիղ մրցակցության նախագիծ չէ։ Ըստ Հովսեփյանի՝ տարբեր ուղղություններով ԱՄՆ‑ն ու Չինաստանը շարունակում են մրցակցել, սակայն այս նախաձեռնության շրջանակում առանձին շահեր կարող են նույնիսկ համընկնել։ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ նախաձեռնությանը մասնակցող գրեթե բոլոր տարածաշրջանային դերակատարները կարող են շահել դրանից, իսկ հիմնական կորուստները կարող է կրել միայն Ռուսաստանը, որը տարիներ շարունակ եղել է տարածաշրջանի գլխավոր ազդեցիկ ուժը։
Խոսելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին՝ նա ասաց, որ Ռուսաստանի համար նախաձեռնությունը միանշանակ խնդիր է, քանի որ այն սպառնում է նրա երկարամյա ազդեցությանը։ Միևնույն ժամանակ, Հովսեփյանի համոզմամբ, Եվրոպան, Կենտրոնական Ասիայի երկրները և նույնիսկ Չինաստանը տարբեր չափով կարող են շահել ծրագրից, մինչդեռ ԱՄՆ‑ի համար դրա արժեքն ավելի շատ ռազմավարական և խորհրդանշական է, քան տնտեսական։

Ռուսաստանի հնարավոր հակազդեցության վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ տեսականորեն նման վտանգներ կան, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան դժվար թե գնա կոշտ հակամարտության ԱՄՆ‑ի հետ։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է փորձել որոշակի դժվարություններ ստեղծել Հայաստանի համար, սակայն այժմ արդեն ուշ է այդ գործընթացը կանգնեցնելու տեսանկյունից։ Նա հիշեցրեց, որ նախագծի գաղափարը գոյություն ուներ դեռ Բլինքենի օրոք ստորագրված ռազմավարական համաձայնագրում, իսկ Թրամփի օրոք այն պարզապես ստացավ նոր անվանում և ավելի մեծ քաղաքական կենտրոնացում։
ԱՄՆ–Իրան հարաբերությունների վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ իրավիճակը շարունակում է արագ փոխվել։ Նրա խոսքով՝ պատերազմի առաջին փուլը Իրանը կարողացավ հաղթահարել, և այժմ սկսվում է նոր փուլ, որտեղ Թրամփը շահագրգռված է հնարավորինս արագ հանգուցալուծում գտնել՝ հաշվի առնելով առաջիկա Կոնգրեսի ընտրությունները։
Նա կարծում է, որ այս պայմաններում Հայաստանի համար ամենաճիշտ քաղաքականությունը ԱՄՆ–Իրան դիմակայությունից հնարավորինս հեռու մնալն է։ Հովսեփյանի գնահատմամբ՝ առաջիկա երկու-երեք ամիսներին Հայաստանը պետք է պահպանվի դիտորդի դիրքում և չներքաշվի այդ հակամարտության մեջ, իսկ «TRIPP»-ն այս համատեքստում երկրորդական նշանակություն ունի։
Խոսելով հնարավոր հանգուցալուծման մասին՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ այն կարող է վերաբերել ինչպես Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշ խորհրդանշական զիջումների, այնպես էլ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ զարգացումները ցույց են տալիս, որ գործընթացում արդեն ներգրավվում են նաև եվրոպական երկրները, որոնք փորձում են միջնորդական դեր ստանձնել։
Հովսեփյանի դիտարկմամբ՝ Իրանը փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը՝ հասկանալով, որ Թրամփի վարչակազմը ժամանակային ճնշման տակ է և ցանկանում է հնարավորինս արագ ներկայացնել արտաքին քաղաքական հաջողություն։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ այն էական ազդեցություն չի ունենա ԱՄՆ‑ի վերաբերմունքի կամ նախաձեռնության իրականացման վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն արդեն կատարել է իր քաղաքական ընտրությունը Հայաստանի նկատմամբ։

Նա նաև ասաց, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի և դեմոկրատներն ավելի մեծ դեր ստանձնեն Կոնգրեսում, դա Հայաստանի համար կարող է նույնիսկ նպաստավոր լինել, քանի որ Վաշինգտոնում ներքաղաքական մրցակցությունը Հայաստանի նկատմամբ ուշադրությունը միայն կմեծացնի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
