Եթե Հայաստանը դիտարկվում է որպես սուբյեկտ, ապա պետության հիմնական դերակատարը քաղաքացին է, ոչ թե հպատակը։ Ինքնիշխան պետությունը գործում է սեփական քաղաքացիների շահերից ելնելով, այլ ոչ թե արտաքին կենտրոնների շահերին ծառայելու նպատակով։
Կայծ Մինասյան
1inTV‑ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում
քննարկվում է Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի (TRIPP) վավերացման գործընթացը, որն ուղղված է երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը: Քաղաքագետ Կայծ Մինասյանը շեշտում է, որ այս նախագիծը Հայաստանին ներառում է միջազգային խոշոր տնտեսական ուղիներում՝ նպաստելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը և նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանի ազդեցությունից: Զրույցի առանցքում ընկած է Հայաստանի վերափոխումը քաղաքական սուբյեկտի, որն այլևս ոչ թե գործիք է գերտերությունների ձեռքում, այլ սեփական շահերով առաջնորդվող անկախ պետություն: Վերլուծությունը նաև անդրադառնում է տարածաշրջանային մարտահրավերներին՝ փաստելով, որ չնայած Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից առկա ճնշումներին, Հայաստանը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը սահմանների և մաքսային վերահսկողության նկատմամբ:

Կայծ Մինասյանը նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև «TRIPP» նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը բնական և օրինական ընթացակարգ է, որն իրականացվում է բացառիկ տարածաշրջանային պայմաններում։ Նրա խոսքով՝ Հայաստանի հյուսիսային և հարավային ուղղություններով պատերազմական միջավայրի առկայության պայմաններում կարևոր է, որ գործընթացը շարունակվի հանգիստ, թափանցիկ և սովորական աշխատանքային տրամաբանությամբ։
Նա կարծում է, որ որքան նախագիծն առաջ շարժվի առանց ավելորդ աշխարհաքաղաքական լարվածության, այնքան ավելի նպաստավոր կլինի Հայաստանի անվտանգության և խաղաղության համար։ Մինասյանի գնահատմամբ՝ այս գործընթացը չի հանգեցնի խոշոր աշխարհաքաղաքական բախումների, քանի որ նախագծի հիմնական դերակատարը Միացյալ Նահանգներն է, որի ներգրավվածությունը զսպող գործոն է մյուս խաղացողների համար։
Քաղաքագետը դիտարկում է, որ «TRIPP» նախագիծը Հայաստանի համար ավելի լայն ռազմավարական նախաձեռնության մաս է, որը պետք է կապի Կենտրոնական Ասիան Եվրոպային։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը վերջնականապես տեղ կզբաղեցնի միջազգային հաղորդակցային քարտեզում, կներգրավվի բազմակողմ տնտեսական ծրագրերում, ինչը կխթանի ներդրումները, տնտեսության զարգացումը և շուկաների ընդլայնումը։ Նա չի տեսնում անվտանգային այնպիսի ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել նախագծի իրականացմանը։
Անդրադառնալով Իրանին՝ Մինասյանը նշեց, որ ներկայիս լարվածությունը չի սպառնում նախագծին։ Նրա գնահատմամբ՝ Իրանը կենտրոնացած է սեփական անվտանգային խնդիրների և արևմտյան ուղղության վրա, իսկ Հարավային Կովկասում, բարեբախտաբար, լուրջ սրացումներ չկան։ Նա ընդգծեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը վարում են զգուշավոր քաղաքականություն, իսկ Իրանը չի կարող միաժամանակ ակտիվ լինել բոլոր ուղղություններով։
Խոսելով Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ քաղաքագետը նշեց, որ խաղաղության գործընթացն ու «TRIPP» նախագիծը փոխկապակցված են, սակայն ամբողջությամբ կախված չեն սահմանադրության փոփոխության հարցից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի հիմնական դերակատարները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի պետությունները, ընդհանուր շահ ունեն՝ ապահովել խաղաղություն, կայունություն և տնտեսական զարգացում։
Կայծ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը ներկայում վարում է երկակի քաղաքականություն։ Մի կողմից՝ ձգտում է իրականացնել «TRIPP» նախագիծը և խորացնել համագործակցությունը Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ մարտավարական քայլերով փորձում է ցույց տալ Մոսկվային, որ շարունակում է հաշվի առնել նրա շահերը։ Նրա համոզմամբ՝ սահմանադրության փոփոխության թեման նույնպես այդ մարտավարության բաղադրիչներից մեկն է, սակայն դա չի նշանակում, թե Բաքուն հրաժարվում է նախագծի իրականացումից։
Նա նաև նշեց, որ եթե Հայաստանը որոշի փոխել իր սահմանադրությունը, ապա դա չպետք է դիտվի որպես Ադրբեջանի ճնշման արդյունք, այլ որպես Հայաստանի ներքին քաղաքական որոշում։
Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը՝ քաղաքագետը նշեց, որ Մոսկվայի նախկին լծակների մեծ մասն այսօր էականորեն թուլացել է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում ռուսական ազդեցության վերադարձը տարածաշրջան, Հայաստանում նույնպես նախկին ազդեցության մեխանիզմներն այլևս արդյունավետ չեն, իսկ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանը չի կարող իր կամքը թելադրել։

Մինասյանը կարծում է, որ Ռուսաստանին հիմնականում մնում են տնտեսական ճնշումների և սադրանքների գործիքները, սակայն դրանք նույնպես հակառակ արդյունքն են տալիս, քանի որ արագացնում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը շարունակում է առաջնորդվել ազդեցության պահպանման հին մեթոդներով, որոնք այլևս արդյունավետ չեն։
Նա նաև դիտարկեց, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը նախկին խորհրդային տարածքում ազդեցության վերականգնումն է, սակայն այդ քաղաքականությունն այսօր ճգնաժամի մեջ է։ Նրա խոսքով՝ Խորհրդային Միության իրական փլուզման գործընթացը դեռ շարունակվում է, քանի որ երկար տարիներ պահպանվել էին ռուսական վերահսկողության մեխանիզմները։
Կայծ Մինասյանը նշեց, որ Հայաստանը ներկայում ավելի ուժեղ դիրքերում է, քան մի քանի տարի առաջ, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնպես ավելի կայուն է։ Նրա գնահատմամբ՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը կասկածանքով էին վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին, ինչը նպաստեց 2020թ. պատերազմի նախադրյալների ձևավորմանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հայտարարություններին խաղաղության գործընթացում միջնորդ լինելու պատրաստակամության մասին՝ նա նշեց, որ Մոսկվան շարունակում է փորձել պահպանել իր ազդեցության տպավորությունը, սակայն իրականում ոչ Երևանը, ոչ Բաքուն այլևս չեն ցանկանում ռուսական միջնորդություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկնում է նախկին օրակարգերը, քանի որ այլ ազդեցության միջոցներ չունի։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Մինասյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը չի վարում հակառուսական քաղաքականություն։ Նրա խոսքով՝ նպատակը հարաբերությունների նոր մոդել կառուցելն է, որտեղ Հայաստանը հանդես կգա որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ ոչ թե որպես վասալ կամ օբյեկտ։
Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ դիվերսիֆիկացնում է իր արտաքին տնտեսական և քաղաքական կապերը։ Նրա կարծիքով՝ որքան Ռուսաստանը փորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, այնքան արագ կընթանա այդ դիվերսիֆիկացումը։
Քաղաքագետը հատուկ շեշտեց, որ ներկայիս իշխանության և նախկին իշխանությունների միջև գլխավոր տարբերությունը պետության ընկալումն է։ Նրա խոսքով՝ նախկինները Հայաստանը դիտարկում էին որպես արտաքին ուժերի ազդեցության օբյեկտ, մինչդեռ գործող իշխանությունը Հայաստանը դիտում է որպես ինքնիշխան սուբյեկտ։

Վերջում Կայծ Մինասյանը նշեց, որ եթե Հայաստանը դիտարկվում է որպես սուբյեկտ, ապա պետության հիմնական դերակատարը քաղաքացին է, ոչ թե հպատակը։ Նրա համոզմամբ՝ ինքնիշխան պետությունը գործում է սեփական քաղաքացիների շահերից ելնելով, այլ ոչ թե արտաքին կենտրոնների շահերին ծառայելու նպատակով։ Այդ պատճառով, ըստ նրա, Հայաստանի ապագան պետք է կառուցվի պետական ինքնիշխանության, քաղաքացիության և անկախ որոշումների սկզբունքների վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
