Եթե Ստեփանակերտի քաղաքական վերնախավը իրոք ցանկանում էր պահպանել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների ինստիտուտը, ապա պետք է Ազգային ժողովը հայտարարեր լիազորությունները սպառած եւ ընտրեր նոր Մարմին։
Վահրամ Աթանեսյան
Մի քանի լրատվամիջոցներ քննարկում են Արցախի Ազգային ժողովի նախագահի հրաժարականի թեման։ Ըստ տեղեկությունների, «խմբակցությունները քննարկել են հարցը, բայց որոշում դեռեւս չի ընդունվել»։ «Հրապարակը» իրավիճակի պատասխանատվությունը բարդել է «Ազատ հայրենիք» խմբակցության վրա՝ պատճառաբանելով, որ «նրա որոշ անդամներ աշխատանքի են անցել պետական կառավարման կամ իշխանությանը աջակցող բիզնես-համակարգում»։
Լրատվամիջոցը, երեւում է, ցանկություն չի ունեցել նշելու, որ մի քանի այլ պատգամավորներ նույնպես աշխատում են պետական բուհերում եւ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, բայց «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ չեն։
Բայց դա այնքան էլ էական չէ։ Խնդիր է, որ Ազգային ժողովի երեսուներկու պատգամավորներից ոչ ոք չի ցանկանում գլխավորել Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմինը։
Ինչու՞։
Թվում է, պատասխանը մեկն է․ նրանք գիտակցում են, որ այդ մարմինը այլեւս լեգիտիմ չէ, նրա լիազորությունները սպառվել են անցյալ տարվա մայիսին։ Եւ եթե Ստեփանակերտի քաղաքական վերնախավը իրոք ցանկանում էր պահպանել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների ինստիտուտը, ապա պետք է Ազգային ժողովը հայտարարեր լիազորությունները սպառած եւ ընտրեր նոր Մարմին։
Մինչդեռ ընտրվել է այլ՝ Արցախի ներկայացուցչությունը ապալեգիտիմացնելու, ճանապարհ։
Այդպիսով Ստեփանակերտի քաղէլիտան, կարելի է ասել, ավարտին է հասցրել այն սեւ գործը, որ սկսել է 2023թ․-ին՝ իրականացնելով սահմանադրական կարգի տապալում, որ դրսեւորվել է ԼՂՀ‑ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագրով։

Ի՞նչ շահերով եւ դրդապատճառներով են նրանք առաջնորդվել, ու՞մ ցուցումն են անվերապահորեն կատարել, այս հարցերին, երեւի, կպատասխանի ապագայի անաչառ պատմաբանը։ Այսօր ունենք այն, ինչ ունենք․ Արցախի հարյուր հիսուն հազար հայ բնակչության ներկայացուցչությունը փաստացի դադարել է։ Այն, ինչ մամուլում արծարծվում է, պատասխանատվությունից հրաժարվելու ցինիզմ է։
Իսկ թե ե՞րբ եւ ներկայացուցչական ի՞նչ Մարմին կունենա Արցախը, կախված է հանգամանքներից եւ բռնատեղահանված բնակչության քաղաքական կամքից։
Վահրամ Աթանեսյան
