Քնեսեթում հայոց ցեղասպանության ճանաչման հարց հարուցել-չհարուցելու որոշումը կախված է լինելու իսրայելա-թուրքական լարվածության մակարդակից, չափից եւ, հատկապես, որակից։
Վահրամ Աթանեսյան
Հայ հանրությունը հակառակորդի տեղեկատվա-քարոզչական համակարգված հարձակումների դեմ լիովին անպաշտպան է։ Իսրայելական «Հաարեցը» գրել է, որ Նաթանյահուն “Ադրբեջանի պահանջով հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը Քնեսեթի հաստատմանը չի ներկայացրել”։

Հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ այդ տեղեկությունը միայն բառացի կրկնել են, իսկ սոցիալական ցանցերի օգտատերը «ողբանվագ» գրառումներ են կատարում։ Դրանք կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ․ «Տեսա՞ք, որ էլի խաբվեցինք»։
Հարկ է հիշել եւ հիշեցնել, որ լրագրողա-սոցցանցային նույն շրջանակները վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ականներին սուր քննադատության ենթարկեցին, երբ Փաշինյանը ասաց, որ ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը «մեկնաբանելու կարիք չկա»։
Ֆեյսբուքյան հայտնի «ինֆոմոջահեդները» նույնիսկ շատ հեռուն գնացին եւ Փաշինյանին մեղադրեցին Թուրքիայի «շահերը պաշտպանելու» մեջ։

Այժմ՝ ամենակարեւորի մասին։ Նույն քարոզչությունը, որ Իսրայելը հայոց ցեղասպանության ճանաչումից «հրաժարվել է Ադրբեջանի պահանջով», ծավալվել եւ շարունակում է ծավալվել Բաքվի լրատվամիջոցներում։ Ընդ որում, դա արվում է այն տեսանկյունից, որ «Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ Թուրքիայի միակ հավատարիմ դաշնակիցն է»։ Ֆեյսբուքի հայ օգտատերերն ասում են, որ «Ալիեւը այդ աջակցությունը Էրդողանի վրա թանկ կվաճառի», որ սկզբունքորեն նույնն է, ինչ ադրբեջանական քարոզչությունն է տարածում։

Փաստացի ստացվում է, որ խնդրի մակերեսային ընկալմամբ ընթացող քարոզչությունը նպաստում է «ամենակարող Ալիեւ» կերպարի ձեւավորմանը։ Քաղաքականության խոչուխութերից անտեղյակ միջին վիճակագրական հայ մարդը, լինի Հայաստանում, թե Սփյուռքում, կարդում է այդ «որակի վերլուծությունները», սոցցանցային գրառումները եւ տպավորվում, որ «Իլհամ Ալիեւի համար անլուծելի խնդիր չկա»։
Մինչդեռ իրականում Իսրայելի կառավարությունը հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է, որովհետեւ այդ երկրում նշանակված են խորհրդարանական ընտրություններ, որոնց ելքը ոչ ոք կանխորոշել չի կարող։ Ի՞նչ կառավարություն է ձեւավորվելու՝ պարզ կլինի հոկտեմբերի վերջերին։ Մինչ այդ Մերձավոր Արեւելքում ի՞նչ նոր ստատուս-քվո է սպասվում, դարձյալ ոչ մի կանխատեսման չի տրվում։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Իսրայելի կառավարության զգուշավորությունը լիովին հասկանալի է։ Մանավանդ որ կառավարության որոշումը ոչ միայն Հայաստանի կառավարության, այլեւ Սփյուռքի սառը վերաբերմունքին է արժանացել։

Ինչ վերաբերում է Ալիեւի «ամենակարողությանը», ապա ստույգ է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը կառավարոության որոշման մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովին իրազեկել է։ Եւ եթե Նաթանյահուի նկատմամբ Ալիեւի ազդեցությունը «ամենազոր» լիներ, ապա Իսրայելի կառավարությունը ցեղասպանությունը ճանաչող որոշում չէր ընդունի։ Ի վերջո, Իսրայելի համար Ադրբեջանը խնդիր չի ներկայացրել եւ չի ներկայացնում, տարածաշրջանում նրա մրցակիցը Թուրքիան է։ Եւ Քնեսեթում հայոց ցեղասպանության ճանաչման հարց հարուցել-չհարուցելու որոշումը կախված է լինելու իսրայելա-թուրքական լարվածության մակարդակից, չափից եւ, հատկապես, որակից։
Վահրամ Աթանեսյան
