2026թ․ ընտրություններին Հայաստանը մոտեցել էր զգալիորեն ավելի ամուր դիրքերից։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, հարևանների հետ հարաբերություններն ավելի կանխատեսելի են, սահմանին իրականացվել են ամրաշինական աշխատանքներ, սպառազինությունը թարմացվել է, զարգացել է ռազմարդյունաբերությունը, աճել է տնտեսությունը և բարելավվել սոցիալական վիճակը։
Թագուհի Ղազարյան
1inTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունները՝ կենտրոնանալով պետական ինքնիշխանության ամրապնդման և արտաքին մարտահրավերների դիմակայման վրա։ Զրույցի ընթացքում շեշտվում է, որ հայ ժողովուրդը ընտրություններով մերժել է օտարածին միջամտությունները՝ նախապատվությունը տալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տնտեսական դիվերսիֆիկացիային։ Հատուկ անդրադարձ է կատարվում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդությանը և երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման հրամայականին, ինչն անհրաժեշտ է միջազգային մրցակցությանը դիմանալու համար։ Վերջնական նպատակն է ներկայացնել Հայաստանի ջանքերը՝ ձևավորելու անկախ օրակարգ, որը հիմնված է խաղաղության, ժողովրդավարության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վրա։

Թագուհի Ղազարյանը նշեց, որ 2021թ․արտահերթ ընտրությունները տեղի ունեցան խոր քաղաքական ճգնաժամի պայմաններում, մինչդեռ 2026թ․ընտրությունները կայացան հերթական կարգով, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է պետական համակարգի կայունության մասին։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանը բախվել է բազմաթիվ մարտահրավերների՝ ռազմական գործողություններից և տեղահանվածների ընդունումից մինչև անվտանգության մշտական սպառնալիքներ, սակայն, ըստ նրա, կարողացել է հաղթահարել այդ ճգնաժամերը։
Նրա խոսքով՝ 2021թ․ ընտրություններին նախորդած շրջանում փորձեր են արվել Հայաստանը մտցնել անիշխանության վիճակի մեջ։ Ղազարյանը հիշեցրեց, որ վարչապետի և կառավարության հրաժարականից հետո երկիրը գործում էր ժամանակավոր պաշտոնակատարներով, տեղի էին ունեցել սահմանային հարձակումներ, Գլխավոր շտաբը հրաժարվել էր կատարել իր պարտականությունները, իսկ արտաքին գործերի նախարարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել։ Նա կարծում է, որ այդ ամենի նպատակը Հայաստանի պետական կառավարման թուլացումն էր։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամը նշեց, որ 2026թ․ընտրություններին Հայաստանը մոտեցել էր զգալիորեն ավելի ամուր դիրքերից։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, հարևանների հետ հարաբերություններն ավելի կանխատեսելի են, սահմանին իրականացվել են ամրաշինական աշխատանքներ, սպառազինությունը թարմացվել է, զարգացել է ռազմարդյունաբերությունը, աճել է տնտեսությունը և բարելավվել սոցիալական վիճակը։ Այդ պատճառով, նրա գնահատմամբ, այս անգամ արտաքին և ներքին ճնշումներին դիմակայելն ավելի հեշտ էր։
Թագուհի Ղազարյանը շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ ձևավորված խորհրդարանը հիմնականում արտացոլում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների քաղաքական տրամադրությունները։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հակակոռուպցիոն մարմիններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակությանը՝ ընտրակաշառքների և, իր բնորոշմամբ, «հիբրիդային ազդեցությունների» դեմ պայքարում ներգրավված լինելու համար։

Նրա խոսքով՝ թեև Քաղաքացիական պայմանագրի տոկոսային արդյունքը նվազել է, սակայն կուսակցությունը շուրջ 40 հազարով ավելի շատ ձայն է ստացել, ինչը, ըստ Ղազարյանի, ցույց է տալիս, որ քաղաքացիների մի մասը վերանայել է նախկին ընտրությունը կամ այս անգամ առաջին անգամ է աջակցել իրենց քաղաքական ուժին։ Նա ընդգծեց, որ կուսակցության հիմնական ուղերձները շարունակում են մնալ խաղաղությունը, պետական ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին՝ պատգամավորը նշեց, որ չի համարում առանձնապես կարևոր այն հանգամանքը, որ Մոսկվան չի շնորհավորել Հայաստանի իշխանություններին ընտրությունների կապակցությամբ։ Նրա կարծիքով՝ իրական քաղաքականությունը որոշվում է գործնական համագործակցությամբ, և եթե Ռուսաստանը շարունակում է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ, ապա այդ հարցը երկրորդական նշանակություն ունի։
Թագուհի Ղազարյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց հայկական գյուղմթերքի նկատմամբ ռուսական սահմանափակումների վրա։ Նա նկատեց, որ Հայաստանում ռուսամետ գործիչներն իրենք են այդ սահմանափակումները բնութագրում որպես քաղաքական պատժամիջոցներ, ոչ թե սանիտարահիգիենիկ խնդիրների հետևանք, և սա, նրա գնահատմամբ, հետաքրքիր հակասություն է։ Նա ասաց, որ եթե այդ սահմանափակումներն իսկապես քաղաքական բնույթ ունեն, ապա դրա մասին պետք է բաց խոսել։
Խոսելով Սամվել Կարապետյանի հայտարարած «գաղտնի պլանի» մասին՝ Ղազարյանը նշեց, որ, իր կարծիքով, այդ պլանը գաղտնի է հենց Սամվել Կարապետյանի համար, քանի որ, ըստ նրա, վերջինս դեռ չգիտի, թե ինչ քայլեր պետք է իրականացնի։ Նա ընդգծեց, որ քաղաքական գործունեության մեջ գաղտնի ծրագրեր չպետք է լինեն, իսկ իշխանությունն իր ծրագրերը հրապարակային ներկայացնում է քաղաքացիներին։
Պատգամավորը նաև անդրադարձավ Սամվել Կարապետյանի՝ կուսակցության ղեկավարի հայտարարագիր չներկայացնելու թեմային՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչու է նա հրաժարվում հրապարակել իր ունեցվածքի վերաբերյալ տվյալները, եթե հավակնում է ղեկավարել քաղաքական ուժ։
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Թագուհի Ղազարյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է խնդիրները լուծի փուլային ճանապարհով և առանց ավելորդ սրումների։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է տնտեսության դիվերսիֆիկացիա իրականացնել, բարձրացնել հայկական արտադրանքի որակը և ապահովել, որ այն հնարավոր լինի արտահանել ոչ միայն ռուսական, այլև այլ շուկաներ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չպետք է կախված մնա մեկ շուկայից։

Ղազարյանը նշեց նաև, որ Հայաստանի արտադրանքը որոշ դեպքերում խնդիրներ է ունենում նաև եվրոպական շուկաներում, ուստի անհրաժեշտ է բարելավել արտադրանքի ստանդարտները, այլ ոչ թե բոլոր խնդիրները վերագրել բացառապես քաղաքական պատճառների։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է կարողանա նորմալ հարաբերություններ պահպանել բոլոր հարևանների հետ՝ ներառյալ Ռուսաստանը, քանի որ տարածաշրջանը շարունակում է մնալ անկայուն։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա կառավարել բոլոր ուղղություններից եկող ռիսկերը։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ ներկայումս արևելք-արևմուտք ամենաանվտանգ երթուղին անցնում է Հարավային Կովկասով, և Հայաստանը պետք է օգտվի այդ առավելությունից։ Նա կարևորեց ինչպես «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, այնպես էլ հյուսիսային ուղղությամբ հաղորդակցությունների զարգացումը՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերները Հայաստանն ու տարածաշրջանը դիտարկում են միասնական համատեքստում։
Խոսելով երկաթուղային ենթակառուցվածքների մասին՝ Ղազարյանը համաձայնեց, որ Հայաստանը մտել է տարածաշրջանային մրցակցության փուլ, և երկրի հաջողությունը կախված է մրցունակ երկաթուղային համակարգ ունենալուց։ Նրա գնահատմամբ՝ գործող ենթակառուցվածքները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման պայմաններում անհրաժեշտ ներդրումները չեն իրականացվում, ինչը սահմանափակում է նաև այլ ներդրողների հնարավորությունները։
Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որպեսզի Հայաստանը կարողանա ժամանակին վերականգնել և արդիականացնել իր երկաթուղային ցանցը։ Ղազարյանը նաև նկատեց, որ ապագայում կարող է առաջանալ մասնագետների պակաս, քանի որ Հայաստանում երկար տարիներ երկաթուղային նոր շինարարություն չի իրականացվել, և հենց գործնական փուլում կարող են ի հայտ գալ նոր մարտահրավերներ։

Ամփոփելով՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ Հայաստանի համար կարևորագույն նպատակն է հնարավորինս արագ իրականություն դարձնել տարածաշրջանային հաղորդակցային նախագծերը, քանի որ մրցակցությունից դուրս մնալը կնշանակի վտանգի տակ դնել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հաջողությունը, իսկ իշխանությունները, նրա խոսքով, պատրաստ չեն նման սցենարի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
