Փաստը, որ սպառազինություններով կամ ռազմական նշանակության բեռներով ինքնաթիռը Հայաստանի օդային տարածք է մտնում նաեւ արեւմտյան ուղղությունից, ինքնին շատ էական նշանակություն ունի։
Մուղնի
Բաքվի minval politika իշխանական կայքը ընթացիկ տարվա վեց ամիսներին Հայաստան «սպառազինությունների ներմուծման» մասին տեղեկություններ է հրապարակել։ Ըստ այդմ, ընդհանուր առմամբ կատարվել է ռազմա-տրանսպորտային ավիացիայի 39 թռիչք․ 15‑ը՝ Հնդկաստանից, 13‑ը՝ Ռուսաստանից, 4 ‑ը՝ Իրանից, 2 ‑ը՝ Բելգիայից։ Մեկական թռիչք իրականացվել է Գերմանիայից, Արաբական միացյալ էմիրություններց եւ Նիդեռլանդներից։

Ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունները կարող են հավաստի կամ հավաստիությանը շատ մոտ լինել․ քաղաքացիական եւ ռազմա-տրանսպորտային ավիացիոն միջոցների թռիչքների մշտադիտարկումը որեւէ խնդիր չի ներկայացնում։ Նույն կերպ Հայաստանի պատկան մարմինները կարող են Ադրբեջանի մասին տեղեկություններ հրապարակայնացնել։
Բայց այս դեպքում ուշադրություն է հայցում երկու սկզբունքային հանգամանք։ Հայաստանի գործող իշխանության հասցեին քննադատությունը կառուցվում է նաեւ «բանակը կազմաքանդվում է» նարատիվի վրա։ Բաքվի հատուկ ծառայությունների կողմից հրապարակայնացված տեղեկությունը վկայում է, որ վեց ամսում Հայաստանը 39 ռազմա-տրանսպորտային թռիչք է ընդունել, իսկ IL 76-ով ոչ ոք, պատկերավոր ասած՝ «կոնֆետ չի ներմուծում»։
Իշխանությունների հասցեին քննադատության երկրորդ թեզը կառուցված է «ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների փչացման իրողության» վրա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման ասպարեզում Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական գործընկեր, իսկ Իրանի հետ համագործակցությունը փաստ է։

Ադրբեջանական լրատվամիջոցը պարզել է, որ ընդհանուր թռիչքներից 23‑ը կատարվել է Իրանի օդային տարածքով։
Բաքուն չի հրապարակայնացրել, թե Գերմանիայից եւ Նիդեռլանդներից «մեկական թռիչքները» ո՞ր երկրի օդային տարածքով են իրականացվել, բայց փաստը, որ սպառազինություններով կամ ռազմական նշանակության բեռներով ինքնաթիռը Հայաստանի օդային տարածք է մտնում նաեւ արեւմտյան ուղղությունից, ինքնին շատ էական նշանակություն ունի։

Աշխարհագրությունը քաղաքականություն է, իսկ սպառազինությունների ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիան՝ քաղաքականից զատ անվտանգային բաղադրիչ ունի։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
