Այսօր ոչ մի կուսակցություն չի կարող հպարտանալ, որ իր շարքերում կան այնպիսի մարդիկ որոնք կհամեմատվեն Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյանի, Շահան Նաթալիի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Նիկոլ Դումանի, Հրայր Դժոխքի, Նիկոլ Աղբալյանի ու բազում այլ մեծությունների հետ:
Արայիկ Մկրտումյան
Հայաստանում այսօր գործող կուսակցությունները նվազագույնս անգամ չեն հիշեցնում այն կուսակցություններին, որոնք հիմնվել էին 1800-ականների վերջերին: Հայաստանում այսօր կուսակցությունները ամբողջովին կամ գրեթե ամբողջովին քաղաքականացված են և մշակութային ֆունկցիաներ չեն կատարում:
Ոմանց համար կարող է զարմանալի թվալ, թե ինչու պիտի կուսակցությունը քաղաքականությունից բացի այլ հարցերով զբաղվի, եթե կուսակցություն ասվածը ենթադրում է հենց քաղաքականություն:
Այո՛, մի զարմացեք, բայց հայկական կուսակցությունները մի ժամանակ բավական կիրթ ու գրագետ մասսա ունեին՝ ի տարբերություն այսօրվա:
Հայկական երեք կուսակցությունները՝ Հնչակյանները, Ռամկավարներն ու Դաշնակցությունը, որ հիմնադրվել էին հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, ամեն ինչից բացի ունեին նաև հզոր մշակութային ու ռազմական անձնակազմ: Բացի քաղաքական գործիչներից, այդ կուսակցություններում համախմբվում էին մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքականությամբ էին զբաղված, այլև մտավոր մեծ խելքի տեր էին: Դա մեծ նշանակություն ունեցավ այդ երեք կուսակցությունների գործունեության ու ճակատագրերի վրա:
Ինչքան էլ, որ տարբեր լինեին այդ կուսակցությունների մոտեցումներն ու գործունեության տարբերակները, դրանք համախմբված էին հայոց ապագայի տեսլականի շուրջ, իսկ նրանց անձնակազմում գտնվող կուսակցականների մեջ ոչ միայն չոր քաղաքագետներ էին, այլև իր ժամանակի հայտնի գիտության, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, փառաբանված զինվորականներ: Ու հենց դա էլ նպաստեց ո՛չ միայն այդ կուսակցությունների գաղափարական ամրությանն ու կայունությանը, այլև գործունեության վրա ազդեց:
Անհամեմատելի են այն փոփոխությունները, որ կան ներկայիս ու անցյալի հայ քաղաքական ու հասարակական գործիչների մեջ: Անհամեմատելի՝ բացասական առումով: Մենք այսօր չունենք այնպիսի կերպարներ, ինչպիսիք կային օրինակ 1915թ. դրությամբ: Ռազմական ու մշակույթի հսկաների ժամանակաշրջանն էր ու հայկական երեք կուսակցություններն էլ ունեին այնպիսի անդամներ, որոնք շրջադարձային դեր էին կատարում:
Այսօր կուսակցությունների անդամների մեծ մասը քաղաքագետներ են, իրավաբաններ ու մեծ մասամբ այդ ոլորտի հետ շփում ունեցողներ: ՀՅԴ, ՍԴՀԿ ու ռամկավարների շարքերում ավանդաբար իրենց ուրույն տեղն ունեն պատմաբանները, բայց այդ կուսակցությունները շատ շատ են փոխվել: Անչափ շատ: Մասամբ իրենց մեղքով, մասամբ՝ ժամանակն է այդպիսին: Այսօր ոչ մի կուսակցություն չի կարող հպարտանալ, որ իր շարքերում կան այնպիսի մարդիկ որոնք կհամեմատվեն Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյանի, Շահան Նաթալիի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Նիկոլ Դումանի, Հրայր Դժոխքի, Նիկոլ Աղբալյանի ու բազում այլ մեծությունների հետ:
Այսօր հայաստանյան կուսակցությունները ավելի շատ մանրախնդիր են քան գաղափարական, ավելի շատ քաղաքական, քան ազգային ու պետական: Այսօր կուսակցությունները չունեն այն էլիտան, որը կար սրանից 100 տարի առաջ՝ և՛ որակապես, և՛ քանակական առումով: Եթե 100 տարի առաջ հայկական կուսակցությունները օրնիբուն աշխատում էին և ջանք ու եռանդ չէին խնայում, ապա այսօր կուսակցությունների հիմնական գործը խոսելն է: Ահա երեք օր է, ինչ պետության օրենսդիր մարմնում այնպիսի խայտառակ վիճակ է, որ զարմանում ես, թե ինչպես կարող է նման մեծ ու իմաստուն ժողովուրդն այսպիսի անորակ Ազգային Ժողով ընտրել:
Երբ խոսում ենք մեկ դար առաջվա գործիչների մասին, պետք է հասկանալ, որ միայն սովորութային հիացմունքը չէ պատճառը, այլ ամենասովորական համեմատությունը անցյալի ու այսօրվա մեջ: Հայկական երեք ավանդական կուսակցությունները շատ քիչ բանով են հիշեցնում իրենց մեկ դար առաջվա իրականությանը: Այդ երեք կուսակցություններից հիմա միայն ՀՅԴ-ն է ակտիվ մնացել, իսկ Հնչակյանների ու Ռամկավարների գոյությունը մեծ հաշվով խորհրդանշական է: Ցավոք սրտի: Այդ կուսակցությունները ոչ միայն քաղաքական մարմիններ են, այլև պատմական ու մշակութային արժեք՝ հայոց քաղաքական մտքի պատմության մի կարևոր հատված:
Իհարկե կուսակցությունների թուլացումն ու ջլատումը հենց այնպես տեղի չունեցավ: Շատերը զոհ գնացին թուրքական ու կոմունիստական տեռորին, շատերն էլ հիասթափվեցին: Արդյունքում հայկական կուսակցությունները էապես տուժեցին ո՛չ միայն անձնակազմի թվով, այլև անդամների որակով:
Կոմունիստական կարգերի հաստատումը խաչ քաշեց հայկական նորաթուխ քաղաքական դաշտի վրա, ԽՍՀՄ-ում քաղաքականությամբ զբաղվելն արգելվեց ու հայ ժողովուրդը, ով դեռևս չէր էլ հասցրել հասկանալու քաղաքականության էությունն ու սկզբունքները, մնաց խորհրդային միատարրության մթնոլորտում: Իսկ քաղաքականության զարգացման համար բազմազանություն ու գաղափարների բախում, իսկ դա չկար խորհրդային պետությունում: Խորհրդային տարիներին հայկական կուսակցությունների ճակատագիրն ավելի բարդացավ: Նրանք ստիպված էին գործել օտար միջավայրում, օտար պետություններում: Այդ ամենին գումարվում էր նաև հայկական համայնքների ուծացումն ու թուլացումը:
Հայկական կուսակցություններն այլևս երբեք չունեցան այն ոսկե անձնակազմը, որ ունեին իրեն գործունեության առաջին տասնամյակներում:
Անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունում սնկի պես անթիվ, անհամար կուսակցություններ ծլեցին, որոնց ճնշող մեծամասնությունը ո՛չ յուրահատուկ գաղափարախոսություն ուներ, ո՛չ մտավորական էլիտա: Այդ կուսակցությունների մեծ մասը այդպես էլ անհայտ ու անանուն մնացին և մի անհայտ կուսակցությանը փոխարինում էր մեկ այլ նորաթուխ ու ոչնչով աչքի չընկնողը: Մենք սովորեցինք, որ կուսակցություններն անիմաստ են, մեզ համար նորմալ դարձավ, որ քաղաքական դաշտը կուռումպացված ու քրեականացված է:
Խորհրդային միակուսակցականության մեջ ընդարմացած հայ ժողովուրդն ընկավ բազմակուսակցական քաոսի մեջ: Այսօր Հայաստանում կան 100-ից ավելի կուսակցություններ, որից ամենաշատը 10-15-ը շատ թե քիչ հայտնի լինեն: Մնացյալը՝ մեռյալ մարդ-կուսակցություններ են, որոնք գործելու ո՛չ միջոցներ ունեն, ոչ էլ ուժ, կամք ու անձնակազմ: Հայաստանի քաղաքական դաշտն ավերվեց ու այլասերվեց միանգամից: Այդ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը կամ գրպանային ու դեկորատիվ պատվեր կատարողներ էին, կամ էլ ազնիվ մղումներով ստեղծված, բայց անուժ ու սակավամարդ կազմակերպություններ:
Մեծ փոփոխություններ կրեցին նաև ավանդական երեք կուսակցությունները: Հնչակյաններն ու Ռամկավարները այլևս չկարողացան վերականգնվել ու հիմա գոյություն ունեն մեծ մասամբ ֆորմալ առումով: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին ապա այն այլևս այն ՀՅԴ-ն չէր, ինչ և մեկ դար առաջ:
Եվ եթե համեմատելով տեսնում ենք, որ կուսակցությունները այժմ բավական աղքատ են մեկ դար առաջ գոյություն ունեցած կուսակցությունների համեմատ, ապա կարող ենք ասել, որ այժմյան կուսակցական ձախողումների պատճառ է նաև նրանց թերի անձնակազմը:
Հայաստանում այսօր մտավորականություն էլ չկա, որպես այդպիսին: «Մեզ նժդեհներ պե՞տք են» հոդվածում խոսել ենք այն պատճառների մասին, թե ինչու Հայաստանում հիմա մտավորական էլիտա չկա: Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ դրա բացակայությունն ուղղակիորեն ազդում է քաղաքական ուժերի որակի վրա:
Ներկայիս քաղաքական ուժերը շատ ավելի քիչ գաղափարական են ու ավելի շատ կրկնօրինակող: Գլոբալիզացված են նաև նրանց նպատակներն ու գաղափարները: Պետությունն ու հայրենիքը իրենց տեղն են զիջել համամարդկային արժեքներին: Թվում է, թե դա պիտի պրոգրեսի ցուցանիշ լիներ: Համամարդկային արժեքների դավանումն իրոք որ ուրախալի է, բայց դա չպիտի լինի հայրենիքի ու պետության ինքնուրույնության հաշվին:
Այժմյան կուսակցություններին պակասում է ինքնուրույնությունն ու մշակութային առանձնահատկություն: Այժմյան կուսակցությունների գործունեության հիմնական ուղղությունը դիմացինի աշխատանքի բացթողումների վրա կենտրոնանալն է: Մենք դրան ականատես ենք լինում արդեն 30 տարի:
Հայկական երեք կուսակցություններն իրար հետ 10 տարում տասնյակ անգամներ ավելի շատ գործեցին, քան մերօրյա հարյուրավոր կուսակցությունները՝ երեսուն տարի:
Հայկական կուսակցություններն ու հայ էլիտան այն ժամանակ կազմակերպեցին և իրականացրին հսկայական ազգային ազատագրական կռիվներ, իրականացրին ինքնապաշտպանական փայլուն օպերացիաներ, մասնակցեցին հանրապետության ստեղծմանը, Սյունիքի պաշտպանությունը, պայքարեցին Ռուսական ու Թուրքական կայսրությունների դեմ, գործեցին Ցեղասպանության ու համաշխարհային պատերազմների ժամանակ և…կոտրվեցին խաղաղ ժամանակներում: Այդ ուժերը, որոնք դիմացան ամենածանր ու սարսափելի փորձություններին, չկարողացան դիմանալ խաղաղ ժամանակներին:
Այժմ ո՞ր կուսակցությունը կարող է հպարտանալ նման գործունեությամբ: Ոչ ոք: Ոչ էլ նույնիսկ այն երեք կուսակցությունները:
Այսօր հայկական կուսակցությունները կուսակցություն են այնքանով, որ ունեն ստանդարտ կանոնադրություն, ծրագիր և լոգո: Մնացյալ ոչ մի բանը չի հիշեցնում կուսակցություն:
Կրթությունն է, որ պիտի փրկի Հայաստանն ու նրա ապագան ու մտավորականներն են միայն, որ կարող են գաղափարական հարություն տալ նաև կուսակցություններին ու նրանց դեկորատիվ երևույթից վերածել ակտիվ գաղափարական ուժի, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է Հայաստանում, ավելի է խորացնելու այս ամբողջ սարսափը: Այն ինչ կատարվում է Աժ-ում, այս ամբող խայտառակության հետևանքն է և մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են գաղափարական ու կարող կուսակցություններ: Դրանք կարող են կայանալ միայն ու միայն գաղափարական ու մտավորականների ներկայությամբ ու աջակցությամբ: Հակառակ դեպքում այդ ամենը ժամավաճառություն է:
Մեր իրականութեան ճշգրիտ պատկերն է Արայիկ մկրտումեանի այս յօդուածը, որ արժէ արեւմտահայերէնով դիւրութեամբ հասանելի դարձնել նաեւ սփիւռքահայութեան, ուր կը տիրէ յուսախաբութիւն՝ չիրականացուած բայց կարելիութիւններով յղի մեր հայրենիքին, մեր պետականութեան բարգաւաճման վերջին 30 տարիներու ընթացքին: Մեր գրականութեան Զարթօնքի շրջանէն մինչեւ ցեղասպանութիւն, Հայաստանը մտածող ու գործող ժողովուրդի վերածելու հսկայական աշխատանք տարած են մեր կուսակցութիւնները, որոնցմով կը հպարտանան այսօրուան ղեկավարները, եւ ճիշդ էք, առանց մեր Մեծերու ղեկավարելու ունակութիւնը ձեռք բերած ըլլալու: Թուրքը գիտցաւ յօտել մեր արթնցող ժողովուրդը մտաւորականութիւնը ոչնչացնելով: Իսկ Հայաստանի առաջին կարճատեւ անկախութեան շրջանին, Քաջազնունին եւ Դաշնակցական վերոնշեալ ղեկավարութիւնը 600 տարի ստրկութեան մէջ տուայտող մեր ժողովուրդին Ազատ Անկախ Հայաստանը նպատակակէտ դարձնելու ոգին ներշնչեցին, ամէն բանէ առաջ պետական համալսարան հիմնելով, եւ ոչ թէ պալատներու եւ «տաչաներու» (ամարանո՞ց) տիրանալէ ետք, բռնանային հարազատ ժողովուրդին իրաւունքները կողոպտելով: Մեր Մեծերը գիտցան Եւրոպայի համալսարաններուն մէջ հասունացած մտաւորականութիւնը հրաւիրելու պէս հրահանգելով բերել Հայաստան պատրաստելու համար մտածող, հաւասարակշռուած ոյժ, որպէսզի ազգային ոգիով ու կորովով գործեն երկրի հոգեմտաւորական կառոյցը ամրապնդելու համար: Դժբաղդաբար Ստալինեան մանգաղը չուշացաւ հասցնել երկրորդ գլխատումը մեր մտաւորականութեան: Սուտի ու կեղծիքի ճամբով գործող ամբողջ խորհրդային համակարգը թոյն ու չարիք սերմանեց մեզ իրարմէ բաժնելու համար. (Մեսրոպեան կամ դասական ուղղագրութեան խեղում, «դաշնակ շներ» լօզունքային արտայայտութիւն ամբողջ 70 տարի եւ ցարդ անպակաս սովորական հայու բառամթերքէն, այն ատեն բոլորիս հասանելի ռատիոհաղորդումներով եւ մասամբ նորին): Հայաստացնի հայը չճանչցաւ թէ ինչ բան է «գաղափարականի ոյժը» մանաւանդ՝ երկիր ու պետականութիւն կերտող ոգեկան ոյժը: Ինչպէ՞ս ճանչնար, երբ ընդամէնը երկուքուկէս տարի տեւող ազատագրուած Հայաստանի մէջ, ջարդէն մազապուրծներու անչափելի կարիքներն էին ամենուրեք, որուն յաջորդեց ահռելի յուսախաբեցնող ներգաղթը, որուն զոհերէն եղան նաեւ սփիւռքէն Հայաստանը երազող մտաւորականներ, արուեստագէտներ, ճարտարապետներ, ճարտարագէտներ, երաժիշտներ: Ասոնցմէ շատեր ղրկուեցան Սիպիր «մեղանչելու» դաշնակցական եղած ըլլալնուն, կամ դաշնակցութեան մասին «բաներ մը» ըսած ըլլալնուն համար: Ասոնք իրենց հետ բերած էին այն գաղափարաբանութիւնը, որուն անծանօթ մնացած էր տեղացի հայաստանցին, որովհետեւ ան չէր ապրած ջարդը, չէր կորսնցուցած հող ու «Էրկիրը» եւ այդ կորուստէն պիտի ծնէր ապագայ հայուն ազգային դիմագիծը, հայ ծնած ըլլալու հպարտութիւնը, ինքնութեան ճշմարիտ գիտակցութիւնը որ ներգաղթողները իրենց հոգիին մէջ բերած էին: Ահա ա՛յդ էր որ Ռուսը այնպէս ճզմեց, որ վախւորած տեղացի հայը դարձաւ կամայ թէ ակամայ «ռուսասէր, ռուսամէտ», մինչեւ անգամ ցայսօր կ’ապրի Ռուսին ցուցաբերած հայը արհամարհող կեցուածքին հանդէպ տեսակ մը խեղճացած հոգեբանութեամբ, ահռելի ստորակայութեան բարդոյթով: Չեմ զարմանար, որ ինչպէ՞ս Հայաստանցի հայը նկարագիր փոխեց. ինչպէ՞ս չփոխէր 70 տարի ստրուկի հոգեբանութիւնը տակաւին քանի մը սերունդ եւս պիտի կլանէ: Երկիրը վաճառքի հանելու այդ հոգեփոխութեամբ այսօր ան նաեւ թրքամէտ է դարձած, ինչպէս որ ռուսամէտ եղած է կամ՝ դարձուցած են զինք ամբողջ 70 տարի, որուն համար դարաւոր հողն ու հայրենիքը ոչ մէկ նշանակութիւն ունին, համաշխարհայնացում քարոզողներու փաղանգը իր աւերը արդէն գործած է Հայաստանի վերջին 30 տարիներու ընթացքին, նախագահներու եւ ղեկավար տարրի թոյլտուութեամբ, իբրեւ թէ «զարգանալու» միտումով…: Առանց ազգային գիտակցութեան ալ ի՞նչ զարգացում: Այսօրուան փտածութեան միւս տարբերակն ալ կար սովետի ժամանակ, մանաւանդ՝ 30-ականներուն, յաչս սովետին «լաւ կարմիր կուսակցական գործիչ»ի կոչումին, կտոր մը մետաղով արժեւորուելու տենչանքով, քծնանքով, այնպէս՝ ինչպէս մերօրեայ վարչապետը՝ մուրացկանութեամբ – մեր ամբողջ պատմութեան մէջ չտեսնուած երեւոյթ: Սովետի շրջանին զրպարտութիւններով մատնութիւններու շարքը ժողովուրդը լլկեց, հաւասարեցուց խոտի աստիճանին, հոգեպէս ընկճուած գիտակցութեամբ ինչպէ՞ս վերականգնել ինքնութիւնդ. ոչ հաւատք մնաց, ոչ ալ իրա՛ւ արժեհամակարգ: Սովետով «երաշխաւորուած» ազատութիւնը դարձաւ այն բանտը, ուրկէ դուրս գալը սկսաւ կողոպուտի նոր ձեւերով: Մինչդեռ, 1920-ականներուն, Սովետական բանտէն ու սպառնալիքներէն մազապուրծ փրկուած դաշնակցական մտաւորական խաւը հասաւ Եգիպտոս, Սուրիա ու Լիբանան, ուր վերջին 105 տարիներու ընթացքին կերտեցին ազգային կեդրոններ, ակումբներ, եւ մտաւորական պատկառելի դասակարգ, հարիւրաւոր վարժարաններ ու համալսարան, որպէսզի պահուի Արեւմտահայերէնը, որպէսզի լուսաւոր օր մը տուն դառնանք, մե՛ր երկիրը կերտենք փոխանակ՝ մեզ սիրով ընկալող երկիրները: Մենք մեր հոգեւոր սնունդը առած ենք այդ Մեծերէն, որ կ’անցնի ժառանգաբար նորագոյն սերունդներուն, եթէ ոչ՝ նոյնութեամբ, այնպէս ինչպէս էր 50-ական թէ 60-ական թուականներուն, բայց պայմաններուն բերումով փոխուած ենք նաեւ մենք, եւ մեր ապրելակերպերը, բայց ոչ՝ ազգային ինքնութեան անխուսափելի թուացող սահանքով: 105 տարեկան է Դաշնակցութիւնը, մենք կը ջանանք ամէն գնով հայերէնը պահել անաղարտ, իսկ հայաստանցիին լեզուն անհասկնալի է այսօր Հայաստան այցելող սփիւռքահայուն: Ինչո՞ւ կը կարծուի թէ հայերէնը այնքան ճկուն չէ արտայայտելու ամէն միտք ու բան: Ինչո՞ւ որեւէ յօդուած կը վխտայ օտար բառերով: Ռուսին ուզածը այդ չէ՞ր միթէ, մեզ բաժնել իրարմէ, կը յիշեմ տակաւին առաջարկել որ Ռուսերէնը դառնայ պետական լեզուներէն մին…: Ահա թէ ինչն է, որ մեզ կը տարբերէ Հայաստանցիէն: Այսօր շատերէ կը լսենք կրկնուող մտածում մը, որ կը հետզհետէ սկսած է դառնալ մտածելակերպ. «մենք եւ հայաստանի հայերը նոյն ազգէն չենք» բայց այդ ըսողը չի զլանար իր լուման Հայաստանի կարիքները հոգացող հիմնադրամին: Սփիւռքը հարուստ է իր մտաւորական ուժով, մասնագէտներով ու քաղաքագէտներով, վերլուծաբաններով ու մշակոյթ կերտողներով: Կարեւորը անյապաղ զանոնք ներգրաւելն է Հայաստանի պետականութիւնը փրկելու հրամայականին շուրջ: