Քչերը չգիտեն, որ Րաֆֆու այդ խոսքը շարունակություն ունի, որում ասում է, որ «թուրքերն այսօր բռնի ուժով են գողանում մեր կանանց ու մանուկներին և տանում իրենց մոտ, իսկ վաղն էնպիսի հրապուրիչ պայմաններ կստեղծեն, որ հայ երիտասարդն իր կամքով կմտնի մզկիթ»:
Արայիկ Մկրտումյան
Ամեն անգամ, երբ խոսք է գնում հայոց պատմության անվանի դեմքերի, հասարակական, գիտական ու ազգային գործիչների մասին, միանգամից առաջ է գալիս հայ գրող, վիպասան, հասարակական գործիչ և մանկավարժ, գիտնական Հակոբ Մելիք Հակոբյանը, կամ ինչպես ավելի հայտնի է՝ Րաֆֆին:
Րաֆֆին առանձնանում է իր ողջ կեցվածքով, մտքի խորությամբ և ռացիոնալիզմով: Ի հակադրություն շատ շատերի, ովքեր Րաֆֆուն համարում են ռոմանտիկ գրող, հաշվի առնելով «Սամվել» կամ «Ոսկե աքաղաղ» գործերը, ես ավելի շատ տրամադրված եմ նրան անվանել հայ գիտական-վերլուծական մտքի հիմնադիրներից մեկը:
Ինչո՞ւ արժե խոսել Րաֆֆու մասին: Այն պարզ պատճառով, որ լինելով հանճարեղ և խորաթափանց գործիչ, Րաֆֆին շատ պարզ պատկերացում էր կազմում իր ժամանակների ու ապագայի վտանգների մասին: Րաֆֆին այն գործիչներից էր, որ չվախեցավ քանդելու հայ հասարակության «կեղտոտ սպիտակեղենն» ու համարձակորեն ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում հայ հասարակությունն ու որտեղից ինչ վտանգ է պետք սպասել: Բոլոր նրանք, ովքեր Րաֆֆուն ճանաչում են «Սամվել» պատմավեպով, գաղափար անգամ չունեն, թե ինչ հզոր դեմք էր Հակոբ Մելիք Հակոբյանն ու ինչ վիթխարի ավանդ ունի հայ ժողովրդի կյանքում որպես գիտնական և որպես մանկավարժ:
Բայց ամեն ինչ հերթով:
Րաֆֆին պարզապես գրող չէր, ով հմայում էր ընթերցողին կամ նրա համար հայրենասիրական ժամանց ապահովում, ո՛չ, Րաֆֆին այն մարդն էր, ով չվախեցավ ասել, որ հայկական եկեղեցին, հայկական կրթական համակարգը, հայկական ընտանեկան բարքերը փտած են ու այլասերված, նա չվախեցավ ասել, որ սարսափելի ընչաքաղցությունը հայ վաճառականին վերածել է մի ագահ սարդի, որը ներծծում է իր իսկ ազգակցի արյունը, Րաֆֆին չվախեցավ ասելու, որ հայկական լրագիրները զբաղված են աննպատակ ժամավաճառությամբ և ամեն կողմից փող աշխատելով հիմարացնում են հասարակությանն ու նրան վերածում փափուկ ու աննպատակ զանգվածի, Րաֆֆին չվախեցավ ասելու, որ իրենց ազգային հռչակած ուժերը զբաղված են իրար ատելով ու իրար ոչնչացնելով, դառնորեն նշելով, որ աշխարհում ամեն հայ ունի իրեն ատող մեկ այլ հայի ու եթե հայերն իրար այսպես ատելու փոխարեն այդ ատելությունն ուղղեին թշնամու դեմ, ապա ամեն ինչ լրիվ այլ կերպ կլիներ:
Լինելով իր ժամանակի լավագույն կրթություն ստացած մարդանցից մեկը, Րաֆֆին առաջ քաշեց կրթության նոր փոփոխություններ ու առաջարկներ և ուշադրություն հրավիրեց հայ ազատագրական մտքի պատմության, ընթացքի ու հնարավոր ապագայի վրա:
Րաֆֆուն մենք կարող ենք համեմատել հայ ազգի մեծագույն դեմքերի հետ, ցանկացածի հետ և չենք սխալվի:
Այնքան մեծ է Րաֆֆու ժառանգությունը, որ նույնիսկ չես կարողանում հասկանալ, թե որտեղից սկսել և որտեղ վերջացնել: Մեր առաջ կանգնում է Րաֆֆի-գիտնական, Րաֆֆի-մանկավարժ, Րաֆֆի-ազգային գործիչ և այս կերպարներից ամեն մեկն ունի հսկայական ավանդ ու ներդրում հայոց կյանքում:
Հաշվի առնելով ժամանակաշրջանն ու մեր առաջ կանգնած մարտահրավերները, եկեք խորանանք Րաֆֆի-գիտնականի ու Րաֆֆի-ազգային գործիչի կերպարների մեջ:
Վստահաբար ասում եմ, որ մենք երանի կտայինք, եթե այսօր ունենայինք մերօրյա Րաֆֆի: Այն հարցերը, որ մեզ մտահոգում է այսօր, թե ինչ պիտի լինի հետո, ինչ են անելու թուրքերը, ինչ ենք անելու մենք կամ ինչ վիճակում ենք գտնվում, Րաֆֆին այդ հարցերին պատասխանել է դեռ իր ժամանակին: Մեզ մնում է միայն կարդալ, հասկանալ ու գործել: Ու եթե չենք անում, դա կամ այն պատճառով, որ մենք հիմար ենք, կամ էլ բավարար չափով քաջություն չունենք մինչև հատակը խորասուզվել որևէ խնդրի մեջ: Չէ, որ ազգասիրություն խաղալը և՛ հաճելի է, և՛ եկամտաբեր, այսպես ասած՝ աչքի համար հաճելի, սրտի համար օգտակար: Րաֆֆին տանել չէր կարողանում դատարկախոսություններն ու ժամավաճառությունը և հավանաբար դա էր նաև այն պատճառներից մեկը, որ նա չէր թղթակցում տարատեսակ ու փող բերող ամսագրերի ու թերթերի, ապրեց շատ համեստ, կիսաքաղց, բայց երբեք չնահանջեց իր սկզբունքներից:
Րաֆֆին այն կերպարն է, որ պակասում է մեզ այսօր:
Լինելով ռեալիստ գործիչ, Րաֆֆին համարում էր, որ հայոց դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը ցածր կրթական մակարդակն է և սեփական ինքնագիտակցության պակասը, որը թույլ չի տալիս համախմբվել և գործել մեկ միասնական ճակատով: Դեպի Պարսկաստան և Թուրքիա կատարած այցերից հետո Րաֆֆին մանրամասն ներկայացրեց, թե ինչ վիճակում են գտնվում հայերը, ինչ խնդիրներ ունեն, ինչպես կարելի է լուծել հայերի խնդիրները: Մեծ աշխատանքներ կատարելով արևելահայոց կյանքի ուսումնասիրման գործում Րաֆֆին կրկին ցույց էր տալիս, թե ինչի վրա է պետք առավելապես կենտրոնացնել ուշադրությունն ու ջանքերը: Րաֆֆին նաև հստակորեն տեսնում էր, թե ռուսական, պարսկական ու թուրքական իշխանություններն ինչ կարծիք ու վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ և ընդգծում էր այն լճացած ու փչացած մթնոլորտը, որ կար հայերի մեջ: Րաֆֆին միայնակ արեց շատ ավելին, քան ՀՀ ազգային մտավորականությունը 1991թ. սկսած:
Րաֆֆին բացի իր տասնյակ հոդվածներից, որ հրապարակեց, ունի նաև մի քանի շատ խոշոր նշանակության գործեր: Մեկը «Խամսայի Մելիքություններ» անվամբ պատմագիտական աշխատանքն է, որն այնքան կարևոր է, որ այսօրվա մեր պատմագրությունը հենց Րաֆֆու աշխատության վրա է հենվում այդ շրջանների պատմությունն ամբողջացնելու համար և իհարկե Րաֆֆու գործերի թագն ու պսակը՝ «Կայծերը»: Կայծերը երկհատոր մեծածավալ գեղարվեստական վեպ է՝ ռոմանտիստական շնչով հագեցած, որում մի խումբ նվիրյալներ կարողանում են չեզոքացնել թուրքական վտանգն ու ստեղծել պայմաններ, ուր բոլորը հարգում են հայերին՝ սեփական ուժի ու հզորության համար:
«Կայծերը», որի արժեքը մենք դեռ բավարար չափով չենք գիտակցել Րաֆֆու քաղաքական-ծրագրային գործերից է, որտեղ մեծ մտածողը նախ ներկայացնում է իրավիճակն ու խնդիրները, ապա և առաջարկում այն ճանապարհը, որով մենք կարող ենք հասնել այդ խնդիրների լուծմանը: «Կայծերը» այն բացառիկ աշխատությունն է, որի վրա հենվելով նույնիսկ հիմա կարող ենք ապագայի տեսլական կառուցել: Իհարկե 2021թ-ի օգոստոսը մեկ այլ իրավիճակ է, իսկ Րաֆֆու ժամանակահատվածը՝ ուրիշ, բայց Րաֆֆուց մենք կարող ենք ու պիտի սովորենք ինչ որ բան անելու ու ճանաչելու նրա սկզբունքը, որը հիմնված է կրթության, ինքնաճանաչողության վրա:
Ինչպես և շատ շատերը, Րաֆֆին ևս հալածվել է իր ժամանակի խավարամիտների կողմից: Նրան անգամ մի քանի անգամ փորձել են սպանել Թավրիզում, իսկ Թիֆլիսում(ներկայիս Թբիլիսին) Րաֆֆու կյանքը լի է եղել մշտական հետապնդումներով, հալածանքներով, չարքաշ աշխատանքով և նյութական սուր պակասով: Ինչպես ինքն է գրում իր նամակներից մեկում, «նյութական միջոցներս սարսափելի պակաս են և առողջական լիովին քայքայվել է»:
Րաֆֆին կարծես հայ մտածողի ու գործիչի դասական կերպար լինի, հայրենասեր, խելացի մտավորական և գիտնական, ով արհամարված է, քաղցած ու հիվանդ:
Րաֆֆին մահացել է ընդամենը 53 տարեկանում: Հովհաննես Թումանյանը նրա գերեզմանի առաջ ճառ է ասել, հույս հայտնելով, որ հավանաբար կգան օրեր երբ հայոց ճակատագիրը կլուսավորվի, հայոց աշխարհը կրկին կապրի, իսկ Րաֆֆու անհանգիստ հոգին վերջապես կկարողանա խաղաղություն գտնել:
Րաֆֆու մասին մենք խոսեցինք կարճ: Շատ ավելի կարճ, բայց ցանկանում ենք հիշեցնել, որ հայ ազգը ունեցել է կերպարներ և հզոր մտավորականներ, որոնք մի ամբողջ դարաշրջան են ամբողջացրել: Երբ նայում ենք այսօր կատարվող խեղկատակությանն ու խայտառակությանը, ավելի ու ավելի է մեծանում կարոտն ու փափագը ևս մեկ Րաֆֆի ունենալու:
Ինչպես ինքն իր մասին ասում էր Բոնապարտը. «Հիսուն հազար զինվոր, դրան գումարած ինձ, հավասար է հարյուր հիսուն հազարանոց բանակ»:
Նույնը կարելի է ասել Րաֆֆու մասին: Րաֆֆին իր կարճատև կյանքում կատարեց մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք ու մահացավ՝ մեզ ավանդ թողնելով բազմաթիվ ցավոտ պատասխաններ, բայց որոնք մենք առ այսօր չենք կարողանում հասկանալ:
Րաֆֆին, որպես իսկական մտավորական, կրկին ու կրկին ապացուցեց, որ ուժեղի մոտ թույլը միշտ մեղավոր է, նա նորից ու նորից կրկնեց, որ անընդմեջ եկեղեցի սարքելու փոխարեն եթե մենք զենք ձուլած լինեինք, ապա հայոց ճակատագիրն այլ կլիներ:
Հայկական սոց ցանցերում տարածվում է Րաֆֆու հայտնի խոսքերից մեկը, ուր նա ասում է. «Թուրքն այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո նա կդառնա կրթյալ ավազակ և ավելի վտանգավոր կլինի»: Քչերը չգիտեն, որ Րաֆֆու այդ խոսքը շարունակություն ունի, որում ասում է, որ «թուրքերն այսօր բռնի ուժով են գողանում մեր կանանց ու մանուկներին և տանում իրենց մոտ, իսկ վաղն էնպիսի հրապուրիչ պայմաններ կստեղծեն, որ հայ երիտասարդն իր կամքով կմտնի մզկիթ»:
Րաֆֆին մարգարեանում էր իր ամեն հոդվածով, ամեն աշխատանքով: Այն ինչի մասին նա զգուշացնում էր, կատարվում էին հերթով, բայց նրան լսող չկար:
Այնպես ինչպես հիմա, երբ շատերն են զգուշացնում, շատերն էին զգուշացնում, բաց ոչ ոք չլսեց ու մենք հերթական անգամ կանգնեցինք նոր աղետի առաջ, Րաֆֆին մեզ զգուշացրեց և՛ հայ հասարակության բարոյական անկման, և՛ նոր ու շատ ավելի մեծ պատերազմի և ցեղասպանության հասունացման մասին: Րաֆֆին հստակորեն նշում էր, որ պետք չէ միամիտ լինել և փորձել կրթել թուրքին ու նրա հետ ապրել, դա անհնար է: Թուրքը թշնամի է ոչ թե դեպքերի բերումով, այլ գենային մակարդակում:
Րաֆֆու մարգարեությունն այն ռացիոնալ ու սթափ հայացքն էր, որ մեզ պակասում է նաև հիմա ու պակասում է շատ շատ ավելի շատ:
Ես ցանկանում եմ դիմել մեր մեծ մտավորականին ու ասել. «Հայոց ճակատագիրը լուսավորվելու է անհանգի՛ստ մարդ: Այն ինչի համար դու ողջ կյանքդ պայքարեցիր, հաջողությամբ է պսակվել: Հայն իր կամքով ազատ է ու զորեղ, Հայաստանում հանգիստ է ու խաղաղ, խաղաղվիր և դու Անհանգիստ մարդ և թող քո ոգին մեզ իմաստություն ու սթափություն տա»:
Ցավոք մենք դեռ չենք կարող ասել, որովհետև մենք մեր ձեռքով քանդեցինք մեր հայրենիքն ու նոր դժբախտությունների առաջ կանգնեցրինք մեզ: Արդյո՞ք կլուսավորվի Հայսատանն ու հայոց ճակատագիրը: Այո: Մեր ճակատագրի կերոնը վառ էր պահում Րաֆֆին և մեր պարտքն է նրանից վերցնել իր ծանր բեռն ու ի վերջո տեր լինել նրան, ինչ մեզ ավանդեց Հայաստանը, ինչ մեզ պատվիրեց Րաֆֆին:
Րաֆֆին հայ ազգային ոգու մեծագույն սրբերից մեկն է: