Հայաստան

Համագործակցել, Այլ Ոչ Թե Ենթարկվել

Վերջին հարյուրամյակում մենք երեք խոշոր աղետ ենք ունեցել՝ 1915թ. հայոց ցեղասպանությունը, 1937թ. մտավորականների ջարդը և վերջին 20 տարվա ղեկավարումը: 

1in.AM-ը զրուցել է ՀՌՀ անդամ, բանաստեղծ, թարգմանիչ  Հակոբ Մովսեսի հետ:

Զրուցում նախ շոշափվեց Արմնյուզ լրատվականի փակման հարցը: Հակոբ Մովսեսը նշեց, որ հեռուստաալիքը փակվել է բացառապես ֆինանսական պատճառներով, այսինքն պատճառը տեխնիկական է: ՀՌՀ անդամը անդրադարձավ ազատությանն ու ազատ խոսքին ու ավելացրեց, որ Արմնյուզի փակումը պայմանավորված չէ խոսքի արգելափակումով կամ ճնշումներ, իմաստ չկա որևէ դավադրություն փնտրելու այդտեղ: Հակոբ Մովսեսը նույնիսկ ասաց, որ հիմա ազատությունն այնքան շատ է, որ արդեն սկսվում է չարաշահվել տարբեր անձանց ու կազմակերպությունների կողմից, այդ ազատությունը ի չար է գործարկվում: Ազատությունը լավ բան է, բայց ազատությունը զենք է դառնում խուլիգանի և վահան՝ զինվորի ձեռքում: Հարկավոր է զգույշ և աչալուրջ լինել ազատության հետ: Չափն անցնելու և չարաշահելու դեպքում ազատությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:

Զրույցը շարունակվեց Արցախի թեմայով: Նշվեց, որ Արցախյան շարժումն արդեն 34 տարեկան է: Հակոբ Մովսեսը նշեց, թե ինչ կարևոր ազդեցություն և նշանակություն ունի Արցախի իրական արժեքը գիտակցելու համար: Մենք այսքան տարի Արցախն ընդունել ենք միայն էքզիստենցիալ առումով, վերաբերվել ենք միայն էմոցիոնալ ձևաչափով: Խնդիրը դրանում է կայանում: Վերջին պատերազմում կրած պարտությունը կապ չուներ հայ ժողովրդի հոգեկան վիճակի, նրա ազգային ոգևորության ու մակարդակի հետ: Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե հայերը պարտվել են ազգային առումով ու ազգային մակարդակով:

Պատերազմն ավարտվել է և մենք շատ լուրջ գործեր ունենք անելու, շատ ծանր բեռ կա դրված մեր բոլորի ուսերին: Մենք ի վերջո պիտի այնքան լրջանանք, որ կարողանանք Արցախին նայենք ոչ միայն հայրենասիրական, այլև քաղաքական  աչքով: Ի վերջո պետք է հասկանանք, որ Արցախին ողջ աշխարհը նայել է որպես աշխարհաքաղաքական միավոր, և ինքներս ևս պետք է հայրենասիրական ձևաչափը զուգակցենք քաղաքական նուրբ հոտառությանը, որպեսզի հայի պետությունը կարողանա պաշտպանել հայի հայրենիքը: 

Հակոբ Մովսեսն ընդունեց, որ պատերազմից հետո առաջացած շոկը դեռևս հաղթահարված չէ, և հավանաբար եկար կտևի, բայց պետք է ժամ առաջ սկսել: Ամեն ուշացրած րոպեն հետաձգում է նշանակում, իսկ մենք այդքան շռայլ չենք կարող լինել:

Արցախի համար կարևոր է ինքնիշխանությունը, իսկ ինքնիշխանությունը պետականությունից բխող արժեք է: Այսօր հայոց պետականության հիմքերի տակ հոգեբանական ականներ են դրվում ու այս պարագայում չափազանց կարևոր է, որ ինքներս մեզ հարցնենք ու հասկանանք, թե մեր ժողովուրդը պետություն կառուցելու ունակություն ունի, թե ոչ, պետական մտածողություն ունի, թե ոչ:

Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ոչ միայն ունի այդ ունակությունը, այլև շատ անգամներ է ապացուցել որ կարողանում է պետականություն կերտել, զարգացնել այդ ունակությունը, բարձրացնել մակարդակն ու էությունը: Պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ պետության բացակայության պայմաններում ունեցել ենք հանրային հստակ կառուցվածք: Մենք հիմա էլ կարող ենք, պարզապես խորհրդային իշխանության ազդեցությունն այդ առումով կազմաքանդող նշանակություն է ունեցել: Մենք պետք է հասկանանք այդ ամենն ու հնարավորինս շուտ ուշքի գանք:

Հակոբ Մովսեսը հենց այդ պետականության ապացույցն է համարում 2021թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը: Նա նշեց, որ ժողովուրդը ընտրություն կատարեց ոչ թե վախենալով «նախկինների վերադարձից», այլ հնարավորություն տվեց վերականգնելու պետական համակարգը, վերականգնելու պետությունը:

Պատճառները, որ հասարակությունը կամ նրա մի մասն այսօր չի կարողանում հավատալ ինքնավարության ու անկախության իրական էությանը այն է, որ վերջին տասնամյակներում տեղի ունեցածը բարոյապես ընկճել է մարդկանց, խարխլել նրանց հավատը: Մարդիկ չեն կարողանում հավատալ սուվերենությանը, որովհետև 30 տարի է տեսել է մի պետություն, որտեղ արհամարհվել է պետություն ինստիտուտը, տեսել է համակարգ, որն իր գլխին փորձանքներ է բերում: Բնականաբար այդ ամենը կարող է որոշ չափով հոգեբանական ազդեցություն ունենալ և նույնիսկ որոշ մարդիկ իրոք մտածեն, որ անկախությունը փորձանք է բերում, պետք է հրաժարվել անկախությունից: Որովհետև եղել են պատգամավորներ, որոնք ասել են, որ «ավելի լավ է լինել ռսի լծի տակ»:

Հակոբ Մովսեսը խորհուրդ տվեց, որ Քոչարյանն անիմաստ չվախեցնի ժողովրդին, թե մենք ստիպված ենք ինտեգրվել ռուսներին: Ընդհնարապես մենք ոչ թե պետք է մտածենք ենթարկվելու, այլ քաղաքական լեքսիկոնով բոլորի հետ հարաբերվելու մասին:

Նրանք ովքեր խոսում են անկախության մասին, պիտի հասկանանք, որ անկախությունը նաև պատասխանատվություն է, պետություն է, թե չէ քաոսն էլ կարող է անկախ լինել:

Հայաստանը պարզապես տարածք չէ, ժողովուրդն է, իսկ ժողովուրդը գլխաքանակ չէ:

Հակոբ Մովսեսը համարեց, որ վերջին հարյուրամյակում մենք երեք խոշոր աղետ ենք ունեցել՝ 1915թ. հայոց ցեղասպանությունը, 1937թ. մտավորականների ջարդը և վերջին 20 տարվա ղեկավարումը: Լուկաշենկոյի նմանները, որ այսօր նման մեծամտությամբ են խոսում մեր մասին, արհամարհում մեզ, այդ ամենը պատճառ է այս 20 տարվա խեղկատակության ու անբանության: Հենց այդ վիճակն է առիթ տալիս, որ ամեն մի դուրսպրծուկ իրեն իրավունք վերապահի խոսելու Հայաստանի մասին:

Հակոբ Մովսեսը նաև անդրադարձավ դավաճանության թեմային: Նշեց, թե ինչ պայմաններում է զարգանում դավաճանությունը, ինչի արդյունքում և պատճառով է ձևավորվում այդ մթնոլորտը: Մենք պետք խորությամբ ուսումնասիրենք և հասկանանք այդ պատճառն ու ոչ թե պայքարենք հետևանքի դեմ այլ պատճառի ու արմատախիլ անենք դավաճանությունը:

Ամբողջական հարցազրույցը՝ YouTube.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *