Մարդկանց այս խումբը, որը յուրացրել, սեփականաշնորհել է Դաշնակցության անունը, այդ քաղաքական կառույցի ավանդների, հեղափոխական էության եւ նկարագրի հետ առնչություն չունի՝ թեեւ իրենք են ընտրում Բյուրոն եւ հանդես գալիս Գերագույն մարմնի անունից։
Նազարեթ Բերբերյան
ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի, Դաշնակցության՝ 2018-ից հետո ցուցաբերած վարքի, ներկայիս քաղաքական դիրքավորման մասին Civic.am-ը զրուցել է Աթենքում բնակվող, շուրջ 30 տարի «Ազդակ» եւ «Դրօշակ» պարբերականները խմբագրած, 2019-ին կուսակցությունից հեռացված Նազարեթ Բերբերյանի հետ։
Երբ զրույցի սկզբում նկատեցինք՝ աշխարհաքաղաքական ներկայիս եռացող իրավիճակում ՀՀ-ին անհարժեշտ է ներքին կայունություն եւ համախմբում, մինչդեռ ՀՅԴ-ն սեպարատիստական հայտարարություններ է անում՝ խոսելով դիմադրության շարժման եւ «իշխող վարչախմբի հեռացման» մասին, պրն Բերբերյանն արձագանքեց․ «Հաստատումներ եք անում, որոնց հետ ես համաձայն եմ», ապա հավելեց․ «Կենտրոնանալով ՀՅԴ-ի վերջին մի քանի տարիների կամ մի քանի ամիսների գործունեության վրա, կկորցնեք բուն պրոբլեմը, ձեզ կզրկեք խնդրի վրա մատը դնելու հնարավորությունից»։
Նախկին դաշնակցականը նշեց, որ այսօր ՀՀ-ում Դաշնակցության անունից հանդես եկող «քաղաքական խմբակի» խնդիրներն ու նպատակները վաղուց արդեն այլ են եւ շեղվել են կուսակցության ավանդական նպատակներից ու «վերքերից»։ «Դաշնակցության անունից այսօր հանդես եկող շրջանակն ու նրան հետեւող ամբոխը․․․, ինչու ամբոխ, քանի որ որպեսզի ժողովուրդ կոչվի, պետք է քաղաքական, ազգային, գաղափարական դիմագիծ ունենա, այդ դիմագիծն էլ պետք է տեսանելի ըլլա ամեն մի քայլում, եւ ոչ թե օր մը Սերժ Սարգսյանի կողքին ըլլա, օր մըն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի պոչը բռնելով ման գա։ Մարդկանց այս խումբը, որը յուրացրել, սեփականաշնորհել է Դաշնակցության անունը, այդ քաղաքական կառույցի ավանդների, հեղափոխական էության եւ նկարագրի հետ առնչություն չունի՝ թեեւ իրենք են ընտրում Բյուրոն եւ հանդես գալիս Գերագույն մարմնի անունից։
Բերբերյանի ձեւակերպմամբ՝ «այսպես կոչված իշխանիկներով ղեկավարվող այսօրվա շրջանակին» բնավ չի մտահոգում այն, թե ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը։ Եւ եթե, օգտագործելով Դաշնակցության անունը հասարակության աչքում որոշակի հարգանք ու համարում ունեն, ապա իրենց քայլերով ամեն ինչ անում են եղած հարգանքն ու համարումը մսխելու, ոչնչացնելու համար։ «Դաշնակցության արժեքների եւ այս մարդկանց միջեւ մեր ժողովուրդը դադարում է կապ տեսնել»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Անշուշտ դաշնակցության ուղղությունը, ռազմավարությունը, գաղափարական գիծը, անելիքը, չարածը իրենց օրակարգի մաս չեն կազմում։ Նրանց՝ այս երեք-չորս տարիների կտրվածքով օրակարգի մաս է կազմում այն, թե ինչպես կարողանան Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին կամ էլ այլ հանցագործի բերել։ Եկեք չմոռանաք, որ Քոչարյանը դատարան է տարվել այն հանցանքների համար դատվելու, որոնք գործել է որպես Հանրապետության նախագահ։ Այս ամբողջ երկու տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենք ամեն կերպ օգնեցին, որ մոռացվի՝ հանցագործի դատարանի առաջ կանգնելու, հաշվի ու պատասխան տալու հարցը, եւ ստացվեց այնպես, որ իբրեւ թե դեմոկրատիկ ճանապարհով եկավ, հաստատվեց խորհրդարանում։ Այսպիսի բան հնարավոր չէ, ամեն բան իր տեղը պետք է դնել, ամեն մեկին իր տեղը պետք է նստեցնել»,-նշեց մեր զրուցակիցը։
Ապա, խոսելով քաղաքական եւ իրավական պատասխանատվության, դրանից ամեն կերպ խույս տալու մասին՝ արձանագրեց․ «Ամենաթողության պրոբլեմը մեր վերակախացյալ պետականության «աքիլեսյան գարշապարն» է։ Այսինքն, ոչ ոք հանցանքի, ոչ ոք սխալի համար հաշվետության, դատ-դատաստանի չի ենթարկվում մեր երկրում։ Ամենաթողությունը մեր ժողովրդի ներուժը սպառող չարիք է, որը ստեղծվել է մեր քաղաքական մտքի տարբեր թեւերի լռելյայն համախոհությամբ՝ «դու ինձ հաշվետվության մի կանչիր, ես էլ քեզ չեմ կանչի»․ ահա այս հոգեվիճակը, այս քաղաքական մշակույթը ջլատել է մեր հավաքական կամքն ու ուժը»։
Պարոն Բերբերյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ հայ-թուրքական գործընթացին, ՀՅԴ-ն, որն ամեն ինչ արեց 2008-ին Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած հայ-թուրքական գործընթացը վիժեցնելու համար, նույն ջերմեռանդությամբ լծված է ներկայումս ընթացող բանակցություններին խանգարելու, դրանք տապալելու գործին։ Այդ գործընթացին «դեմ ըլլալը» վերահաստատվեց նաեւ ՀՅԴ 34-րդ համաժողովում․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե «հայ-թուրքական, այսպես կոչված՝ հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի։
Նախկին դաշնակցականն արձագանքեց, թե ցանկացած հարց, որ բորբոքում է մեր ժողովրդի դարավոր ցավերը, օգտագործվում է քաղաքական նպատակներով։ «Քոչարյանի, Սաղաթելյանի եւ Դաշնակցության կառույցի անունից խոսողների կողմից շահագործվում է մեր ժողովրդի արդարացի, այսպես ասած «հակաթուրք» ընդվզումը՝ դրանով հարվածելով Փաշինյանին։ Աշխարհասփյուռ հայությունը պետք է հասկանա, որ թուրքական ֆակտորի գործածությունը այսօրվա քաղաքական շահարկումների վերջին սրբապղծությունն է։ Հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունները եղել են եւ պիտի շարունակվեն։ Հայաստանը չէ, որ թշնամաբար է տրամադրված, այլ Թուրքիան, որը փակել է ՀՀ-ի սահմանը։ Ակնհայտ է, որ Հայաստանին պարտադրված այս իրավիճակում պետք է ելք գտնել եւ հավելյալ նյութական, մարդկային, հողային կորուստներ չունենալով կարողանալ կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ։
Հայաստանի այս կացության մեջ որեւէ իշխանություն, որն իր ժողովրդի եւ երկրի ապագայի հոգսն է հոգում, ուզի թե չուզի, պիտի գտնի ձեւը Թուրքիայի հետ բանակցության սեղան նստելու։ Թուրքը իր առջեւ խնդիր է դրել՝ գոհացնել Ադրբեջանին այնքան, որ այդ երկիրը Ռուսաստանի մականի տակ չանցնի։ Նա չի ուզում Ադրբեջանին այնքան հզորացնել, որ ՀՀ-ն լրիվ ՌԴ-ի մականի տակ անցնի։ Այսօր ինչպես ռուսը ե՛ւ Ադրբեջանի,ե՛ւ ՀՀ-ի վրա իր ռազմավարական, դաշնակցային խաղն է խաղում, նույնպես էլ Թուրքիան Ադրբեջանի եւ ՀՀ-ի նկատմամբ փորձում է իր ռազմավարական շահերի ապահովման խաղը խաղալ։ Մենք էլ այս տարածաշրջանում ունենք թուրքական պետության հետ, չեմ ասում՝ թուրք ժողովրդի հետ, քաղաքակիրթ, բնականոն հարաբերությունների մշակման երաշխիքներ ստեղծելու խնդիր։ Այսօրվա հայ-թուրքական գործընթացը նման չէ 2008-ին ՌԴ-ից արձակված հաշտեցման բանակցությունների բեմադրության սցենարին։ Նորմալ պետական, դիվանագիտական հարաբերոություններ հաստատելու խնդիր ունի Հայաստանի պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանության։ Այո՛, Փաշինյան Նիկոլը պարտավոր է ոչ միայն իրեն ընտրած ժողովրդի մանդատով, այլեւ իր վրա աչքերը 10 բացած տարածաշրջանային եւ մեծապետական ուժերի պահանջով այդ հարաբերությունների կարգավորման «խաղն» ընդունել։ Սա հասկանալի պիտի լինի անգամ քաղաքական մանկամիտերին»,- նշեց Բեբերյանը։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է 131 ամյա կուսակցությունն իրեն դիրքավորի ներկա հանգրվանում՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «ՀՅԴ-ի ուժի աղբյուրը մշտապես եղել է ժողովուրդը, առաքելությունը՝ ժողովրդին ծառայելը։ Այսօրվա ՀՅԴ-ական շրջանակը, խմբակը, կամ, ինչպես կուզեք՝ բնորոշեք, դադարել է իր ուժը ժողովրդի մեջ փնտրել, ընդհակառակը՝ ժողովրդին անարգելու գնով փնտրում է իր ժողովրդից վեր ուժերի, որոնք եւ քաղաքականորեն, եւ բարոյականորեն իրեն պիտի պահեն որպես ՀՀ-ում գործող կազմակերպություն։ Եւ այդ է պատճառը, որ ՀՀ-ի ժողովուրդը իր հույսը այդ կառույցի հետ բնավ չի կապում»։
Հ․Գ․ Ավելի վաղ՝ 2021-ին, Ն․Բերբերյանը հայտնել էր, որ Հրանտ Մարգարյանի փաստացի ղեկավարմամբ գործող ՀՅԴ Բյուրոն փորձում է իր ազդեցությունը տարածել Արեւմտյան Ամերիկայի դաշնակցական կառույցի նկատմամբ, որպեսզի այն եւս ի սպաս դնի ՀՀ-ի նախկին իշխանություններին։ Նրա պնդմամբ՝ դեռ 2019-ի հունվարին Ստեփանակերտում անցկացված ՀՅԴ նախավերջին՝ 33-րդ ընդհանուր ժողովի ժամանակ Հ․Մարգարյանը, որն էլ, Բերբերյանի ձեւակերպմամբ, «ՀՅԴ Բյուրոյի լարերը շարժողն» է, կուսակիցներին խոստացել էր առավելագույնը 4 տարվա ընթացքում «տուն ճամփել» Նիկոլ Փաշինյանին։
Հարցազրույցը՝ Civic.am կայքից։