Հայաստան

Ռուս-թուրքական վանդակ

Մաս 4

Հայոց Ցեղասպանությունը ինքն իրենով առանձին մի երևույթ չէր, այլ հանդիսանում է առաջին համաշխարհային պատերազմի անբաժանելի մի մաս: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այն տեղի է ունեցել այդ պատերազմի տարիներին, այլև այն պատճառով, որ տեղի է ունեցել այդ պատերազմի հետևանքով:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան, «մարտական Եղբայրություն» Միաբանության համահիմնադիր Հրանտ Տէր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի 4-րդ հատվածը:

Այս մասում Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց առաջին համաշխարհային պատերազմի, հայոց ղեցասպանության պատճառների նախադրյալների մասին:

Նախորդ հատվածներում և 3-րդ մասում հատկապես ներկայացվել էր, թե ինչ ճանապարհով էր զարգանում ռուս-թուրքական հարաբերությունները արդեն բալկանյան պատերազմում և ինչ հետաքրքիր փոփոխություններ էին տեղի ունենում այդ հարաբերություններում և թե ինչ վիճակում էր գտնվում հայությունը:

Առաջին համաշխարհային պատերազմ բառերն ասելիս մենք բոլորս իհարկե հիշում ենք Հայոց Ցեղասպանությունը: Բայց խնդիրն այն է, որ Հայոց Ցեղասպանությունը մենք սովորաբար դիտարկում ենք այդ ամենից դուրս և փորձում հասկանալ որպես առանձին մի երևույթ, ինչն իհարկե սխալ է: Հրանտ Տէր-Աբրահամյանը հստակ նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը ինքն իրենով առանձին մի երևույթ չէր, այլ հանդիսանում է առաջին համաշխարհային պատերազմի անբաժանելի մի մաս: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այն տեղի է ունեցել այդ պատերազմի տարիներին, այլև այն պատճառով, որ տեղի է ունեցել այդ պատերազմի հետևանքով: Հայոց Ցեղասպանությունը միայն թուրքական անհասկանալի ագրեսիայի հետևանք չէր, այլ միջազգային մեծ քաղաքականությանը մատուցված զոհերից մեկը: Մենք գուցե և կարողանայինք խուսափել այդ ամենից, եթե ավելի ճկուն և պատրաստ լինեինք մեծ քաղաքականությանը և ամեն ինչին նայեինք լուրջ ու կշռադատված տեսանկյունից, այլ ոչ թե զուտ հուզական և առավելագույնս միակողմանի:

Հրանտ Տէր-Աբրահամյանը հաղորդաշարի ընթացքում նախ խոսեց առաջին համաշխարհայինի բռնկման  մասին, մի քանի հայտնի և ոչ այդքան հայտնի պատճառների մասին ևս մեկ անգամ նշելով, որ Հայոց Ցեղասպանությունը այդ մեծ պատերազմի մի անբաժան մասն է կազմում:

Պատերազմը փաստացի սկսվեց սերբ ծայրահեղական «Մլադա Բոսնիա» կազմակերպության անդամ Գավրիլո Պրինցիպի կողմից Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո: Ավստրիացիները սերբերին պահանջներ ներկայացրին հետաքննության համար, իսկ հետո պատերազմն հայտարարեցին Սերբիային: Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային, Գերմանիան՝ Ռուսաստանին, Անգլիան ու Ֆրանսիան՝ Գերմանիային, Ավստրո-Հունգարիան՝ նրանց: Մի խոսքով սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:

Իհարկե այդ ամենը տեղի չունեցավ այսպես ասած միանգամից կամ հանկարծակի: Պատերազմին բոլորն էին պատրաստվում: Անգլիան ամեն կերպ իրեն փորձում էր իբրև թե չեզոք դրսևորել, բայց պատերազմին խառնվեց բելգիական չեզոքությունը պահպանելու համար, իսկ ռուսներն էլ «փրկում էին» արևելյան եվրոպայի սլավոններին, թեև հայտնի է, որ հենց իրենց ջանքերով քանդվեց այդ սլավոնական դաշինքը և ուղղվեց անդամներից մեկի՝ Բուլղարիայի դեմ: 

Ինչևէ: Գերմանացիները հույս ունեին, որ Անգլիան չէր խառնվի պատերազմին և Ֆրանսիան միայնակ կմնա: Ռուսները ևս պատրաստվում էին այդ պատերազմին: Նրանք ամեն ինչ արեցին, որ թուրքերը մտնեն պատերազմի մեջ և նույնիսկ ոչ թե իրենց կողմից, այլ իրենց դեմ: Այդ ամենալավ առիթը կլիներ նեղուցների հարցը լուծելու համար և քանի որ ճանապարհը դեպի նեղուցներ երկու գծով էին՝ բալկաններով և Արևմտյան Հայաստանով, ապա ռուսներն օգտագործեցին և՛ հայկական զանգվածների տրամաբանությունը,  և՛ բալկանյան սլավոններին «փրկելու» պատճառը, նախապես քանդելով իրենց իսկ կողմից ստեղծված սլավոնական դաշինքը և խանգարելով բուլղարներին գրավելու Կ.Պոլիսը: 

Իսկ ի՞նչ էին անում հայերը: Այնպես ինչպես և այսօր, հայերը անհոգ նստած սպասում էին խաղաղության վերջնական հաստատմանը: Ի վերջո Բարձր Դռան կողմից համաձայնություն կար հայկական բարենորոգումները սկսելու, արդեն իսկ պիտի ժամանեին եվրոպացի նահանգապետեր Հոֆն ու Վեստենենկը: Այնպես, որ հայերը սպասում էին, որ ամեն ինչ լավ է լինելու: 

1914թ. ՀՅԴ Ընդհանուր Ժողովին է ներկայանում թուրքական ներկայացուցչությունը և առաջարկում, որ հայերը ազգային մակարդակով մասնակցեն պատերազմին թուրքական կողմից հայերին անկախություն/ինքնավարություն խոստանալով Արևելյան Հայաստանում: Ինչպես հայտնի է նմանատիպ հայտարարություննէր անում էին նաև ռուսները արևմտահայությանն ազատագրելու տեսքով:

ՀՅԴ-ն այդ պահին մերժեց թուրքերի առաջարկը և հայտարարեց, որ թուրքահայերը և ռուսահայերը կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը, բայց բնակչությունը չեզոք կմնա: Հայտնի է, որ այդ չեզոքությունը շատ կարճ տևեց և հայությունն ընտրեց ռուսական կողմին:

Առաջին համաշխարհայինը սկսվեց և պիտի ունենար իր տրամաբանական հետևանքները բոլորի համար:

Այսքանով ավարտվեց «ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի 4-րդ մասը:

ՏԵսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *