Հայաստան

Պայքար Իշխանությա՞ն Դեմ Թե Պետության

Ընդդիմությունը եթե ցանկանում է ինչ որ բան անել, թող հրահանգի, որ իր ռեսուրսները Արցախում հիսուն տուն կառուցեն, ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենային զուգահեռ վախեցնեն, որ Արցախը հանձնում են:

Էդմոն Մարուքյան

Պետրոս Ղազարյանի հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Պետրոս Ղազարյանն անդրադարձավ այն հարցին, որ վերջին մեկ-երկու օրը ընդդիմադիր ուժերը այսպես ասած «լվանում էին Էդմոն Մարուքյանի ոսկորները», նկատի ունենալով, որ վերջինս շատ խիստ քննադատության է ենթարկվել:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը աշխատանքի բերումով եղել է Արցախում, տեսել թե այնտեղ ինչ քարոզ է գնում առ այն, որ Հայաստանում բոլորը ձեռք են քաշել Արցախից, որ Արցախը հանձնում են ու նմանատիպ այլ բնույթի խոսակցություններ, ինքը վերադառնալով Հայաստան արտահայտել է իր մտահոգությունները և դրա պատճառով ընդդիմությունները ահա մի քանի օր է իր մասին ինչ ասես գրում են, մեղադրում և այլն: Եվ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ ինքը բացահայտ ներկայացնում է, թե Արցախում ինչպես են հայաստանյան ընդդիմադիրները հակապետական քարոզ անում:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր մասին կարող են ևս 20 ռեպորտաժ պատրաստել, բայց դրանից ի՞նչ է փոխվելու:

Զրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանն ասաց, որ ընդդիմությունը ցույցեր է անում հանուն Արցախի փրկության: Էդմոն Մարուքյանն ասաց, որ նրանք ըստ էության Արցախի սոուսով (sauce) փորձում են իշխանություն վերցնել: Ընտրությունները մեկ տարի էլ չկա, որ տեղի են ունեցել: Էդ մարդիկ ամեն կերպ ուզում են իշխանության գան ու դրա համար նույնիսկ պատրաստ են անցնելու բոլոր կարմիր գծերը:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը նախորդ տարիներին շատ երկար ժամանակ ընդդիմադիր գործունեություն է ունեցել, բայց երբեք չի անցել կարմիր գծերը: Իշխանության դեմ պայքարը չպիտի դառնա պայքար պետության դեմ, իսկ հիմա դրա նման մի բան է տեղի ունենում:

Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ պետք է ազգային ուժերի կոնսոլիդացիա տեղի ունենա, ինչո՞ւ է ինքն իր կողմից վիճակը սրում և ցնցումների տանում երկիրը: Եթե ընդդիմությունը հայտարարում է, որ պատերազմից հինգ է պակաս, ապա ավելի լավ կլինի, որ գոնե փորձեն օգնել իշխանություններին այս բարդ փուլը հայտարարելու համար: Իսկ փոխարենը նրանք խաղում են մարդկանց էմոցիաների հետ, հայտարարում են, որ Արցախը հանձնում են, զոհվածների արյունը ուրանում են, եղբայրություն են անում թուրքերին հետ, մոռանում են ցեղասպանությունը:

Ո՞վ է Արցախ հանձնում կամ արյուն ուրանում: Կամ ինչո՞ւ է թուրքերի հետ պետական հարաբերությունների կարգավորումը ներկայացվում որպես եղբայրություն: Ընդդիմությունը եթե ցանկանում է ինչ որ բան անել, թող հրահանգի, որ իր ռեսուրսները Արցախում հիսուն տուն կառուցեն, ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենային զուգահեռ վախեցնեն, որ Արցախը հանձնում են: Արցախը իր չէ, որ հանձնեն: Արցախը այնտեղ ապրող մարդիկ են: Արցախից ոչ ոք ձեռքերը չի լվացել:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *