Թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները 30 տարի մեզ խաբում էին, որ ոչ մի թիզ հող չեն տալու, բայց փաստորեն բանակցում էին հենց հողերը տալու շուրջ։
Ռուսական զորքը, որը Արցախ է բերել Թուրքիային ու Ադրբեջանին, ապահովում է հայերի տեղահանությունը
Lragir.am-ի զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը
Տիկին Քարամյան, Արցախի իշխանությունները Բերձորի և Աղավնոյի բնակիչներին իրազեկել են, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է դուրս գան համայնքներից։ Ինչպե՞ս եք գնահատում Բերձորի հայ բնակչության տեղահանումը, ինչի՞ կարող են հանգեցնել այս շարունակական զիջումները։
Մի փոքր հեռվից պետք է գանք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչո՞ւ են հայկական իշխանությունները այդքան հեշտ գնում զիջումների։ Սկսած 1998 թվականից բոլոր բանակցությունների ժամանակ խոսվում էր ինչ-որ փոխզիջումների մասին։ Եվ, չգիտես ինչու, «փոխզիջում» ասելով՝ Հայաստանը հասկանում էր միայն զիջում իր կողմից։ Ադրբեջանը 30 տարի պնդում էր, թե իբր ազատագրված տարածքներն իրենն են և պետք է վերադարձվեն։ Ըստ էության հայկական կողմը ոչինչ չի արել, որպեսզի միջազգային հանրությունը հասկանար, թե դրանք ինչ տարածքներ են։ Իսկ Ադրբեջանը շարունակաբար աշխատելով՝ կարողացել է աշխարհին համոզել։ Թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները 30 տարի մեզ խաբում էին, որ ոչ մի թիզ հող չեն տալու, բայց փաստորեն բանակցում էին հենց հողերը տալու շուրջ։ Այսինքն՝ բանակցությունները ոչ թե խնդրի կարգավորման շուրջ էին, ինչպես մեզ ներկայացնում էին, այլ հողերը հանձնելու մասին։ Թե ինչ փոխզիջումների են իրենք գնացել այն ժամանակ, մենք դա էլ չգիտենք։ Այսինքն՝ ամեն ինչ հանրությունից թաքուն է արվել։ Իրենք հանրությանը պետք է պարզ բացատրեին այդ ամենը, ի վերջո դա այն հարցն է, որ ոչ ոք իրավունք չունի միանձնյա որոշել։ Դա նույնիսկ պառլամենտի հարց չէր, ժողովրդի քվեի հարց էր, պետք է հանրաքվե կամ քննարկումներ անցկացվեին։ Եթե մենք 30 տարի բոլորով միասին քննարկեինք՝ ինչն է մեզ համար լավ, ինչն է վատ, միգուցե չհասնեինք այս օրվան։ Վերջերս ես եղել եմ ՄԱԿ-ում, Բոլոր տեսակի խտրականությունների դեմ կոմիտեի նիստում ես ներկայացրել եմ ԼՂ հասարակական կազմակերպություններին, և մեզ այնտեղ ներկայացրել են որպես Ադրբեջանից եկած հայկական փոքրամասնություն։ Այնպես, ինչպես Ալիևն է ներկայացնում աշխարհին։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում մեր կողմից այս անգործությունն է եղել, դիվանագիտական փնթիություն, լկտիություն, թե հանցագործություն ասեմ, ոչինչ չեն արել, որ աշխարհն իմանա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին երկիր է, իսկ Ադրբեջանը առանձին։ Իրենց միակ խանգարողը մեր բանակն էր, իրենք ջարդեցին մեր բանակը, հիմա ինչ ուզում են, անում են։ Այսօր Լեռնային Ղարաբաղի ի՞նչ իշխանությունների մասին կարելի է խոսել, եթե այդ տարածքն օկուպացված է։ Այդ իշխանությունները պատանդ են, և այդ ժողովուրդն է պատանդ։
Սա հերթական հայաթափումն է, Բերձորն առաջինը չէ։ Պատերազմից հետո սա սկսվել է Հին Թաղերից ու Խծաբերդից։ Այսինքն՝ ռուսական զորքը, որը այստեղ է բերել Թուրքիային ու Ադրբեջանին, սա ապահովում է։ Ռուսները հենց իրենց բերանով էլ ասացին՝ մենք ապահովել ենք հայերի պարտությունը։ Հիմա ԼՂՀ-ում 4 երկրի զորք կա՝ ռուսական, ադրբեջանական, թուրքական զորքերը և հայկական պաշտպանության բանակը։ Ռուսներն այս մարտավարություն են բանեցնում՝ հայերին համոզում են զորքերը հետ քաշել, հայերը ինչպես միշտ հավատում ու զորքերը հետ են քաշում, ռուսները թուրքերին բերում նստեցնում են։ Եվ այսպես շարունակ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը այդպես հանձնեցին, հետո Փառուխը, հիմա Բերձորի շրջանը։ Բերձորում ադրբեջանցիներն էլի առաջ են եկել, բարձունքներ են վերցրել, այդ մասին չեն խոսում, բայց այնտեղ 3-4 բարձունք են վերցրել, այսինքն՝ նշանակետի տակ են այդ համայնքները։
Զուգահեռ տեղեկություն են տարածքում, թե իբր խաղաղապահները կհեռանան Բերձորից։
Մարդկանց մոտ թյուր տեսակետ կա, որ եթե խաղաղապահները դուրս գան, թուրքերը կգան ու մեզ չգիտեմ ինչ կանեն։ Բայց մարդիկ չեն գիտակցում, որ հենց ռուս խաղաղապահներն են թուրքերին բերում առաջ։ Այսինքն՝ ոչ մի թուրք ինքն իրենով չի կարողանում մտնել հայկական տարածք, քանի դեռ ռուսն իրեն չի բերում։ Մեր ժողովուրդը սա չի կարողանում հասկանալ։ Ադրբեջանցի լրագրողին Բերձոր բերելը պարզ օրինակ է, ռուսներն են չէ՞ իրեն բերել այնտեղ։ Հայերը պետք է այս թմբիրից դուրս գան։
Դիմադրելու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։
Արցախի իշխանությունները գնացել են, մարդկանց ասել են՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է դուրս գաք։ Ռուսական խաղաղապահ զորքերի հրամատարը դրանից հետո միանգամից հայտարարում է, որ իրենք ոչ մի մետր չեն հեռանալու Լաչինի միջանցքից։ Սա ի՞նչ է նշանակում, որևէ մեկն այս հարցի պատասխանը տալի՞ս է։ Նույնիսկ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթով մենք երեք տարի պետք է մնայինք Բերձորում, հիմա ո՞նց է ստացվում, որ հայկական իշխանություններին ասում են՝ գնացեք, ձեր ժողովրդին այնտեղից հանեք, ո՞վ է դա անում։ Հայաստանի՞ց է գնում այս հրամանը, թե՞ ռուսներից։ Եթե ռուսներն ասում են, որ իրենք դուրս չեն գալիս, և եթե իրենք իսկապես եկել են որպես խաղաղապահներ, ինչո՞ւ պետք է հայերը դուրս գան։ Հայաստանի իշխանությունները դարձյալ Արցախը մաս-մաս հանձնում են, որ Հայաստա՞նը փրկեն, չեն փրկելու, ռուսներն արդեն Տավուշում էլ են պոստեր դրել։ Ինչպես Սև լճի տարածքում են հայերին հրահանգել հետ քաշվել, նույնը հիմա Տավուշում են անելու, հետո Մեղրիում, Կապանում։ Եվ փոխանակ մարդիկ սրա դեմ խոսեն, այս հարցերը բարձրացնեն։ Ի՞նչ է նշանակում իրենց հայտարարած խաղաղության դարաշրջանը, Հայաստանը հանձնո՞ւմ են։ Մեզ ամեն օր կոչ են անում՝ գնացեք Արցախ, բայց ամեն օր Արցախից տարածք են հանձնում։ Մենք՝ որպես փախստականներ, այս հարցերը պետք է սուր բարձրացնենք, թող մեզ պատասխան տան, որպես ի՞նչ են մեզ տանում Արցախ։ Տանում եք որպես մատաղացո՞ւ, որ հետո ներկայացնեք տարբեր ատյաններում ու ասեք՝ Ադրբեջանը մարդասպան է, դրա համար մենք պետք է զիջե՞նք։ Ես ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունների արարքների մեջ ընդհանրապես տրամաբանություն չեմ տեսնում, այս ի՞նչ առևտուր է, ի՞նչ են անում ժողովրդի մեջքի հետևում։ Սրան զուգահեռ ահաբեկչական այսպիսի գործողություններ են անելու, որպեսզի ժողովրդին շեղեն, վախի մեջ պահեն, որպեսզի մարդիկ ոչնչի մասին չմտածեն, միայն մտածեն իրենց անվտանգության մասին։ Բայց անվտանգությունը պահում են բանակով, մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ, դեռ ուզում են Արցախի բանակը վերացնել, ո՞ւմ վրա են դրել հույսները։
Արցախում այսօր չկա ռեալ իշխանություն, այնտեղ կան նստած մարդիկ, ովքեր կատարում են ռուս-թուրքական որոշումները։ Հույս ունենալ, որ իրենք կարող են մի խելոք բան ասել, դա անիմաստ է։ Այսինքն՝ մենք նորից հայտնվելու ենք 1988-90 թվականների իրավիճակում։ Այն ժամանակ դարձյալ իշխանություններն անընդունակ էին ինչ-որ բան անելու, բայց այն ժամանակ գոնե հասարակությունը, շարժման լիդերները շատ լավ էին կողմնորոշվում, թե ինչ պետք է անել նման իրավիճակում։ Հիմա ըստ երևույթին չկան այդ մարդիկ, չեն կարողանում կազմակերպել հասարակությանը։ Կամ մեր հասարակությունն այնքան թքած ունի իր անվտանգության վրա, որ չի էլ մտածում այս խնդիրների մասին։
Հոդվածը՝
երկրորդը սա
Հոդվածը՝ lragir.am կայքից։