Մաս 1
Յուրաքանչյուր հայկական համայնք ենթակա է տեղական հայակուլ պայմաններին, ինչի դեպքում վտանգվում է ազգային ինքնությունը, իսկ ինքնության գաղափարը այս պարագայում ստանում է ծայրահեղ կարևոր նշանակություն։
Էլինա Միրզոյան
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ «ԱԿՕՍ» ԵՐԿԼԵԶՈՒ ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1996-2007 ԹԹ.)
Արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիայում թե՛ հասարակական և թե՛ քաղաքական ասպարեզներում առաջնային խնդիրներից է դարձել ինքնության հարցը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործադրված պետական ձուլման քաղաքականության հետևանքով այսօր այնտեղգոյություն ունի մեծ մասամբ խառնածին մի հասարակություն, որի տարբեր շերտերում ինքնության խնդիրը դրսևորվում է տարբեր մոտեցումներով և ծայրահեղ ուժգնությամբ: Այս առումով ուշագրավ է Հրանտ Դինքի` Թուրքիայում ինքնության խնդրի ծավալման և հավանական հանգուցալուծման վերաբերյալ արտահայտած հետևյալ կարծիքը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»։ Ինքնության խնդիրը հատկապես վերաբերում է նաև Թուրքիայի հայությանը, որի հանդեպ ձուլման քաղաքականությունը առավել դաժանորեն է դրսևորվել:
Իսկ ե՞րբ է բարձրանում ինքնության հարցը: Այս առնչությամբ տեղին է հղել ֆրանսահայ գրող և քննադատ Գրիգոր Պլտյանին. «Ինքնութիւնը հարցաքննել, զայն արդէն կորսնցնել է, սակայն զայն հարցադրել կը նշանակէ տակաւին կառչիլ անոր, թէ ոչ արդէն շատոնց կը դադրինք հարցադրելէ: Այլ խօսքով՝ ինքնութեան մասին խօսքը կու գայ կորուստէ մը, առանց որ այդ կորուստը կորսուած ըլլայ բոլորովին»:
Յուրաքանչյուր հայկական համայնք ենթակա է տեղական հայակուլ պայմաններին, ինչի դեպքում վտանգվում է ազգային ինքնությունը, իսկ ինքնության գաղափարը այս պարագայում ստանում է ծայրահեղ կարևոր նշանակություն. հատկապես Թուրքիայում հայ ազգային ինքնության բնատիպը կորցնելու վտանգը մշտապես եղել է շատ մեծ: Ուստի տարբեր լծակների և հարթակների բացակայության պարագայում պոլսահայ մամուլին վերապահվում է բացառիկ դեր՝ զորավիգ լինելու հայկական ինքնության պահպանմանը կամ վերագտնումին. այն դառնում է հասարակական կյանքի կազմակերպման այն ասպարեզը, ուր կենտրոնանում են հայ մտավոր-հասարակական ուժերը:
Բարդ ու հակասական որոնումների պայմաններում «Ակօս» շաբաթաթերթը նորովի է գնահատում ինքնության հետ կապված խրթին և բազմաոլորտ հարցը: Հայ ինքնության գիտակցման և որակների պահպանման գործում պարբերաթերթն առաջին իսկ համարից նպատակային և հետևողական ուղեգիծ է որդեգրում և իբրև չափանիշ ընտրում է ազգային ինքնության վերագտնումի և վերարժևորման, ինքնաճանաչման ու ինքնապաշտպանության սկզբունքները, որոնք կարելի է ասել, հիմք են դնում մի շարժման, որի սահմանները այնուհետև խորացնում են և ընդարձակում:
Այդ առումով «Ակօս»-ի առաջին «հռչակագիրը» թեև ընդհանրացնող կողմեր ուներ, սակայն պարունակում էր այն հիմնական սկզբունքները, որոնց վրա խոյանալու էր նրա հետագա գործունեությունը. «Լոյս կը տեսնենք, որպէսզի մենք մեզ անսխալ ծանօթացնենք… Ըսել կ’ուզենք, որ մենք ձեզմէ տարբերութիւն չունինք, մենք ալ ձեզ նման մարդիկ ենք, կ’ապրինք ձեր պայքարին մէջ, ձեր ցաւերն ու հարցերն են, կը խնդանք՝ երբ դուք կը խնդաք, կը յուզուիք, ձեզմէ տարբեր չենք: Միակ տարբերութիւնը որ կայ, մեր եկեղեցին է ու մեր լեզուն: Այդ պատճառաւ ալ, մեզ իրարմէ տարբեր ցոյց տուողներուն ծուղակը մի՛ իյնաք: Այս թերթը յարձակելու համար, կամ ալ կարգ մը իրաւունքներ պահանջելու համար չէ որ լոյս կը տեսնէ: Այս լրագիրը պարզապէս իր ինքնութիւնը, ինքզինք պաշտպանելու համար է որ լոյս կը տեսնէ»:
ԷԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ
Բ.գ.թ. թուրքագետ, սփյուռքագետ, բանասեր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս