22.4 C
Yerevan

Ինքնության Հարցը

Մաս 1

Յուրա­քանչյուր հայկա­կան համայնք ենթա­կա է տեղա­կան հայա­կուլ պայմաննե­րին, ինչի դեպքում վտանգվում է ազգա­յին ինքնությունը, իսկ ինքնության գաղա­փա­րը այս պարա­գա­յում ստա­նում է ծայրա­հեղ կարև­որ նշա­նա­կություն։

Էլի­նա Միրզո­յան

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ «ԱԿՕՍ» ԵՐԿԼԵԶՈՒ ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1996–2007 ԹԹ.)

Արդեն տևա­կան ժամա­նակ է, ինչ Թուրքիա­յում թե՛ հասա­րա­կա­կան և թե՛ քաղա­քա­կան ասպա­րեզնե­րում առաջնա­յին խնդիրնե­րից է դարձել ինքնության հարցը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում և Թուրքիա­յի Հանրա­պե­տությունում գործադրված պետա­կան ձուլման քաղա­քա­կա­նության հետև­անքով այսօր այնտեղգո­յություն ունի մեծ մասամբ խառնա­ծին մի հասա­րա­կություն, որի տարբեր շերտե­րում ինքնության խնդի­րը դրսև­որվում է տարբեր մոտե­ցումնե­րով և ծայրա­հեղ ուժգնությամբ: Այս առումով ուշագրավ է Հրանտ Դինքի‘ Թուրքիա­յում ինքնության խնդրի ծավալման և հավա­նա­կան հանգուցա­լուծման վերա­բերյալ արտա­հայտած հետևյալ կարծի­քը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլի­նի ոչ թե զենքի միջո­ցով, այլ ինքնության խնդրի»։ Ինքնության խնդի­րը հատկա­պես վերա­բե­րում է նաև Թուրքիա­յի հայությա­նը, որի հանդեպ ձուլման քաղա­քա­կա­նությունը առա­վել դաժա­նո­րեն է դրսև­որվել:

Իսկ ե՞րբ է բարձրա­նում ինքնության հարցը: Այս առնչությամբ տեղին է հղել ֆրանսա­հայ գրող և քննա­դատ Գրի­գոր Պլտյա­նին. «Ինքնութիւնը հարցաքննել, զայն արդէն կորսնցնել է, սակայն զայն հարցադրել կը նշա­նա­կէ տակաւին կառչիլ անոր, թէ ոչ արդէն շատոնց կը դադրինք հարցադրե­լէ: Այլ խօսքով՝ ինքնութեան մասին խօսքը կու գայ կորուստէ մը, առանց որ այդ կորուստը կորսուած ըլլայ բոլո­րո­վին»:

Յուրա­քանչյուր հայկա­կան համայնք ենթա­կա է տեղա­կան հայա­կուլ պայմաննե­րին, ինչի դեպքում վտանգվում է ազգա­յին ինքնությունը, իսկ ինքնության գաղա­փա­րը այս պարա­գա­յում ստա­նում է ծայրա­հեղ կարև­որ նշա­նա­կություն. հատկա­պես Թուրքիա­յում հայ ազգա­յին ինքնության բնա­տի­պը կորցնե­լու վտանգը մշտա­պես եղել է շատ մեծ: Ուստի տարբեր լծակնե­րի և հարթակնե­րի բացա­կա­յության պարա­գա­յում պոլսա­հայ մամուլին վերա­պահվում է բացա­ռիկ դեր՝ զորա­վիգ լինե­լու հայկա­կան ինքնության պահպանմա­նը կամ վերագտնումին. այն դառնում է հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպման այն ասպա­րե­զը, ուր կենտրո­նա­նում են հայ մտա­վոր-հասա­րա­կա­կան ուժե­րը:

Բարդ ու հակա­սա­կան որո­նումնե­րի պայմաննե­րում «Ակօս» շաբա­թա­թերթը նորո­վի է գնա­հա­տում ինքնության հետ կապված խրթին և բազմաո­լորտ հարցը: Հայ ինքնության գիտակցման և որակնե­րի պահպանման գործում պարբե­րա­թերթն առա­ջին իսկ համա­րից նպա­տա­կա­յին և հետև­ո­ղա­կան ուղե­գիծ է որդեգրում և իբրև չափա­նիշ ընտրում է ազգա­յին ինքնության վերագտնումի և վերարժև­որման, ինքնա­ճա­նաչման ու ինքնա­պաշտպա­նության սկզբունքնե­րը, որոնք կարե­լի է ասել, հիմք են դնում մի շարժման, որի սահմաննե­րը այնուհետև խորացնում են և ընդարձա­կում:

Այդ առումով «Ակօս»-ի առա­ջին «հռչա­կա­գի­րը» թեև ընդհանրացնող կողմեր ուներ, սակայն պարունա­կում էր այն հիմնա­կան սկզբունքնե­րը, որոնց վրա խոյա­նա­լու էր նրա հետա­գա գործունեությունը. «Լոյս կը տեսնենք, որպէսզի մենք մեզ անսխալ ծանօ­թացնենք… Ըսել կ’ուզենք, որ մենք ձեզմէ տարբե­րութիւն չունինք, մենք ալ ձեզ նման մարդիկ ենք, կ’ապրինք ձեր պայքա­րին մէջ, ձեր ցաւերն ու հարցերն են, կը խնդանք՝ երբ դուք կը խնդաք, կը յուզուիք, ձեզմէ տարբեր չենք: Միակ տարբե­րութիւնը որ կայ, մեր եկե­ղե­ցին է ու մեր լեզուն: Այդ պատճա­ռաւ ալ, մեզ իրարմէ տարբեր ցոյց տուողնե­րուն ծուղա­կը մի՛ իյնաք: Այս թերթը յարձա­կե­լու համար, կամ ալ կարգ մը իրաւունքներ պահանջե­լու համար չէ որ լոյս կը տեսնէ: Այս լրա­գի­րը պարզա­պէս իր ինքնութիւնը, ինքզինք պաշտպա­նե­լու համար է որ լոյս կը տեսնէ»:

ԷԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Բ.գ.թ. թուրքա­գետ, սփյուռքա­գետ, բանա­սեր, Հայոց Ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի գիտաշխա­տող, ԵՊՀ դասա­խոս

Առնչվող Հոդվածներ