Հայաստան

Հայաստանը, Թուրքիան Եւ Միջանցքները

(Մաս 1-ին)

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմադրբեջանական «հակաահաբեկչական» որակված հարձակման «թիկունքը» ՄԱԿ-իԳլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանիընթացքում ամրացրեց Թուրքիայի նախագահՌ.Թ.Էրդողանը՝ շեշտելով, որ «ՂարաբաղնԱդրբեջանի տարածքն է, և այնտեղցանկացած այլ կարգավիճակ անընդունելի է»:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Իրավիճակը «Լաչինի միջանցքում» (Արցախում). Անկարայի դիրքորոշումը Գրեթե 10-ամսյա շրջափակումից հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, որը, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է հանդիսանար Արցախը Հայաստանին կապող անվտանգ ճանապարհ բոլոր տրանսպորտային միջոցների համար, ի վերջո վերաբացվեց, սակայն՝ միակողմանի երթևեկության համար: Սեպտեմբերի 19-20-ն ադրբեջանական զորքերի կողմից Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող հայաբնակ բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ու նրանց տեղակայման վայրերի վրա հարձակումը, ցեղասպանական գործողությունները, գերեվարումներն արցախյան կողմին՝ նորանշանակ ղեկավարությանը, պարտադրեցին ընդունել Բաքվի վերջնագիրը՝ զենքը և զինտեխնիկան հանձնելու, պետական մարմինները լուծարելու և, փաստացի, Ադրբեջանի գերիշխանությունն այդ տարածքում ընդունելու վերաբերյալ:

Կապիտուլյացիոն այս հայտարարությունից հետո արցախցիներին, ըստ էության, առաջարկվեց ընտրել՝ մնալ, շարունակել բնակվել իրենց հայրենիքում՝ ինտեգրվելով ադրբեջանական «կյանքում», կամ հեռանալ դեպի Հայաստան: Ավելի քան հարյուր հազար մարդ, հրաժարվելով ցեղասպանության տարբեր դրսևորումների, առևանգվելու, դաժանորեն սպանվելու և ունեզրկվելու սպառնալիքից, չնայած Բաքվից և Անկարայից հնչող թվացյալ «մարդասիրական» ելույթներին, փաստացի ենթարկվեց էթնիկ զտման՝ նախընտրելով մազապուրծ կերպով հատել Հաքարիի կամուրջը, անցնել ադրբեջանական անցակետը և դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության ու ժողովրդի հոգածությանը: Սեպտեմբերյան այս իրադարձությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական հայտարարությունները զարմանալի չենք կարող համարել՝ աչքի առաջ ունենալով նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո Անկարայից հնչող տեսակետները, որոնք ոչ միայն արդարացնում էին Բաքվի գործողությունները, այլև օժանդակում դրանց պաշտպանությանը միջազգային հարթակներում:

Մասնավորապես, սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական «հակաահաբեկչական» որակված հարձակման «թիկունքը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում ամրացրեց Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը՝ շեշտելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և այնտեղ ցանկացած այլ կարգավիճակ անընդունելի է»: Չնայած նա կարևորեց Ադրբեջանի տարածքում էթնիկ հայերի խաղաղ գոյակցության հնարավորությունը, սակայն շեշտեց տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը՝ ըստ էության միջազգային հանրությանը «տեղյակ պահելով» ժամեր անց սպասվող գործողության մասին և փաստացի ստանալով այդ հանրության մեծամասնության լուռ համաձայնությունը: Այս հայտարարությանը հետևեց ադրբեջանական ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության և ինքնապաշտպանական կոչված ստորաբաժանումների դեմ, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի շնորհակալական ուղերձն Էրդողանին՝ իրեն ՄԱԿ ամբիոնից սատարելու համար: Ռազմական գործողությունների ընթացքում կայացած հեռախոսազրույցի ընթացքում նույնպես հնչեցին լիարժեք աջակցության և շնորհակալության խոսքեր՝ հաստատելով, որ տեղի ունեցողն իսկապես վայելում է Անկարայի հովանին, և որ Ալիևի գործողություններն «ապահովագրված» են: Ադրբեջանական ագրեսիան շտապեցին պաշտպանել նաև Թուրքիայի արտաքին գործերի («արդար քայլեր») և պաշտպանության նախարարները («ինչպես միշտ, աջակցում ենք Ադրբեջանին»): Սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքի «Թուրքական տանը» պատասխանելով լրագրողների հարցերին, Թուրքիայի նախագահը նշեց, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են բացառապես Ղարաբաղի «հանցագործ խմբավորումների» դեմ և պայմանավորված են այնտեղ անցկացված նախագահական ընտրություններով, որոնք անհանգստացրել են Ադրբեջանին: Ապա Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո Էրդողանը, կրկին անդրադառնալով սեպտեմբերի 19-20-ի դեպքերին, նշեց, թե «հակաահաբեկչական գործողությունները հպարտանալու առիթ են»: Շնորհավորելով ադրբեջանցի գործընկերոջը՝ Թուրքիայի նախագահը շեշտեց, թե «այդ գործողության ընթացքում առավելագույնս հաշվի են առնվել քաղաքացիական բնակչության իրավունքները» (էթնիկ զտումները, քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները մոռացության մատնելով): «Լաչինի միջանցքի անվտանգ գործունեության» մասին Թուրքիայի նախագահը, այդ միջանցքի արգելափակումից ի վեր, խոսեց այն ժամանակ, երբ Արցախի բնակչության նկատմամբ բռնի տեղահանությունը մեկնարկել էր: Սեպտեմբերի 26-ին Էրդողանը, անշուշտ քաջատեղյակ լինելով, որ այդ միջանցքը շուրջ տասը ամիս փակ լինելուց հետո վերջապես «գործարկվել է» միայն դեպի Կոռնիձոր ուղղությամբ, «Լաչինի» միջանցքն առաջարկեց դարձնել խաղաղության միջանցք: Իսկ 2020թ. Արցախի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկի օրվա առիթով սեպտեմբերի 27-ին շնորհավորեց գործընկերոջը՝ «ադրբեջանական տարածքներն ազատագրելու» համար՝ ընդգծելով՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

[շարունակելի]


Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *