Հայաստան

Հայաստանը Շատ Ժամանակ Չունի

Մեր ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ իրականում այդ հարթակներից Հայաստանի համար ու անձամբ իրենց համար անհնար է որևէ լավ բան սպասել: Գնան ի՞նչ անեն, որ պետք է գնան ու այնտեղից լսեն միայն քննադատություն ու պահանջներ՝ հարգել ու ճանաչել Ադրբեջանի «լեգիտիմ» շահերը, որոնք համընկնում են Ռուսաստանի շահերին:

Դավիթ Ստեփանյան

Ժամանակը չի աշխատում մեր օգտին, պետք ԱՄՆ-ի հետ ունենանք իրավապայմանագրային լուրջ հարաբերություններ. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ, «և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»: Հայաստանն այս ցուցակո՞ւմ է, ու եթե այո՝ ի՞նչ է դա ենթադրում:

– Նախ ես կուզեմ նշել, որ Ռուսաստանն ունի մեկ թշնամի, և դա Ռուսաստանի կառավարությունն է՝ հանձինս Վլադիմիր Պուտինի, որն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի վիճակը գնալով վատանա: Իր հայտնվելուց հետո ամբողջ իր գործողությունը, մանավանդ 2007 թվականին իր մյունխենյան ճառից հետո, ուղղված է դրան:

Չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի թշնամին է, համենայնդեպս, դա են ասում հենց Պուտինն ու նրա մամուլի քարտուղար Պեսկովը, որը երեկ ասել է, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, ու իրենք պատրաստ են Հայաստանի հետ երկխոսելու և այդ դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու:

– Եթե դիտարկենք վերջին շրջանում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, կարո՞ղ ենք ասել, որ դրանք միտված են վեկտորի փոփոխությանը:

– Դուք տալիս եք հարց, որի պատասխանն այսօր ոչ մեկը չունի, ես անձամբ չունեմ այդ պատասխանը, որովհետև եթե մենք տեսնում ենք որոշակի քայլեր, որոնք արվում են, դա ռազմատեխնիկական բնագավառում դիվերսիֆիկացումն է, իսկ դա տեղի է ունենում, դա մեր արտգործնախարարի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերն են, որով եվրոպացիներն ու ամերիկացիները Հայաստան են գալիս:

Այո՛, դիվերսիֆիկացում կա, եթե մենք դատում ենք այն հայտարարություններից, որոնք հնչում են Նիկոլ Փաշինյանի շուրթերից, որ ասում է, թե վեկտորի փոփոխություն չկա: Եթե մենք դատում ենք Ալեն Սիմոնյանի հայտարարություններից, որն ասում է, որ մենք պետք է գնանք Սանկտ Պետերբուրգում մասնակցենք ԱՊՀ նիստին, դժվար է ասել, որ կա, այսինքն՝ այսպիսի վիճակ է, երբ մի կողմից մի բան կա, մյուս կողմից՝ լրիվ այլ:

Դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել, այնքան ժամանակ չեմ պատասխանի այդ հարցին, մինչև դա հստակ չլսեմ մեր ղեկավարությունից, որովհետև ասվում է մի բան, արվում՝ բոլորովին այլ:

– Իսկ եթե նկատի ունենանք, որ հայկական կողմը խուսափում է ռուսական հարթակների գրեթե բոլոր հանդիպումներից:

– Սրա համար կա երկու պատճառ. նախ պետք է նշել, որ առաջին հերթին ՀԱՊԿ-ում չի մասնակցում, որովհետև օրակարգ չկա, ՀԱՊԿ-ում Հայաստանն այլևս օրակարգ չունի ու չունի այնքան ժամանակ, որքան ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ՝ այլ հարթակներում, որքան ես հասկանում եմ, լինելու են հանդիպումներ, հիմա, եթե Փաշինյանը գնաց Սանկտ Պետերբուրգ, նշանակում է, որ չմասնակցելը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին: Երրորդ՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ իրականում այդ հարթակներից Հայաստանի համար ու անձամբ իրենց համար անհնար է որևէ լավ բան սպասել: Գնան ի՞նչ անեն, որ պետք է գնան ու այնտեղից լսեն միայն քննադատություն ու պահանջներ՝ հարգել ու ճանաչել Ադրբեջանի «լեգիտիմ» շահերը, որոնք համընկնում են Ռուսաստանի շահերին:

– Պարո՛ն Ստեփանյան, դեկտեմբերի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն: Ի՞նչ կարելի է սպասել այս այցից:

– Նախ ես կուզեմ հատուկ նշել, որ պարոն Գրիգորյանի գործունեությունը որպես մեր կառավարության մաս, անդամ, ինձ համար ուղենիշ է, ես հույսեր եմ կապում այդ թևի հետ, որ գոնե այդ մարդիկ կարող են բացատրել իրենց կոլեգաներին, այդ թվում նաև՝ ավելի բարձր պաշտոն զբաղեցնողներին, որ Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը մեզ համար այլընտրանք չունի: Սա Հայաստանում այն քիչ կառույցներից է, որը գիտի՝ ինչով է զբաղված և ունի աշխատանքի հստակ ուղղություն:

Երկրորդ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումն այսօր այլընտրանք չունի, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն աշխարհում շարունակում է մնալ հեգեմոն պետություն, որի շահերը համընկնում են Հայաստանի հետ: Ես չգիտեմ, թե դա որքան կտևի, բայց այսօր համընկնում են: Սա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ամրապնդենք: Այս առումով նման այցերը ողջունելի են, հուսով եմ, որ կունենան հագեցած օրակարգ, ու վերջում կձևավորվի երկկողմ քաղաքական պայմանագիր, ինչի անհրաժեշտության մասին ես արդեն մի քանի տարի է խոսում եմ:

Ամենակարևորը՝ մենք ունենք ժամանակի խնդիր. ԱՄՆ-ում մյուս տարի անցկացվելու են նախագահի ընտրություններ, ու կարող է այնպես լինել, որ մի քանի ամիս հետո մենք ընդհանրապես ոչ մեկին պետք չլինենք այնտեղ, խոսքը վարչակազմի մասին է: Կարծում եմ, հենց Ալիևն էլ է իր խաղադրույքը դրա վրա կատարում, հույս ունենալով, որ այնտեղ կարող է վարչակազմ փոխվել, ու մեր շահերը հերթական անգամ ոտնահարվել: Դրա համար ժամանակը շատ քիչ է ու չի աշխատում մեր օգտին, մենք այս ժամանակը պետք է օգտագործենք, ունենանք իրավապայմանագրային լուրջ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, հստակ ծրագիր, որպեսզի այն սկսի գործել, որպեսզի եթե անգամ վարչակազմը փոխվի, այդ գործընթացը չկանգնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *