Տեղեկատվա-քարոզչակա՞ն ակտ էր, մարզ այցելությանը խորհրդավոր նշանակություն տալու համար, թե՞ Ֆրանսիայի դեսպանը Կապանի օդանավակայանում լուսանկարվել էր նպատակային՝ այն մտադրության շրջանակում, որ բարձրաձայնել էր արդեն Հայաստանը՝ շաբաթներ առաջ:
Հակոբ Բադալյան
Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, համատեղության կարգով Մինսկի խմբի համանախագահ Բրյուս Ռոքֆոյը Երեւան այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Փաշինյանին ու այլ պաշտոնյաների, ընթացքում քննարկելով թե երկկողմ նշանակության, թե ռեգիոնալ հարցեր: Դրանց շարքում եղե՞լ է արդյոք Կապանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Ֆրանսիան դրա մասին հայտարարել է նախորդ տարի, երբ նախարար էր Կատրին Կոլոնան եւ նա այցելել էր Հայաստան: Դա մեկ տարի առաջ էր: Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարարը հայտարարեց իր երկրի մտադրության մասին: Մեկ տարի անց Ֆրանսիան դեռ չունի գլխավոր հյուպատոսություն Կապանում:
Օրերս Սյունիք էր այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին, որը մարզում ունեցել էր մի շարք հանդիպումներ, նաեւ այցելել Կապանի օդանավակայան եւ լուսանկարվել այնտեղ: Հիշեցնեմ, որ Ադրբեջանի սահմանային դիրքերը Կապանի օդանավակայանից տասնյակ մետրերի հեռավորության վրա են: Դըկոտինյին արել էր խորհրդանշական գրառում՝ Կապանի օդանավակայանը Հայաստանի ինքնիշխան տարածք է: Դա տեղեկատվա-քարոզչակա՞ն ակտ էր, մարզ այցելությանը խորհրդավոր նշանակություն տալու համար, թե՞ Ֆրանսիայի դեսպանը Կապանի օդանավակայանում լուսանկարվել էր նպատակային՝ այն մտադրության շրջանակում, որ բարձրաձայնել էր արդեն Հայաստանը՝ շաբաթներ առաջ:
ՏԿԵ նախարար Սանոսյանը ասել էր, թե կան Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելու ծրագրեր: Ֆրանսիան մասնակցելու՞ է դրանց: Իսկ դեսպան Դըկոտինյին, որ Սյունիք հերթական այցից առաջ ոչ հերթական գրառում էր արել, որ պատրաստվում է մեկնել Հայաստանի «ռազմավարական նշանակության եւ խոցելի մարզ Սյունիք», այնտեղ քննարկե՞լ է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Դա ո՞ր փուլում է: Մտադրության բարձրաձայնումից մեկ տարի անց է՝ ինչու՞ է հապաղում Ֆրանսիան:
Հիշեցնեմ, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն է բացել Իրանը: Թեհրանի պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ Կապանում Իրանի հյուպատոսության առկայությամբ Սյունիքի ժողովուրդը իրեն զգում է ավելի անվտանգ: Նախորդ տարի հոկտեմբերին էլ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել է Ռուսաստանը: Շաբաթներ առաջ Ռուսաստանը հայտարարել է նաեւ, որ Սոչին ու Կապանը կդառնան քույր քաղաքներ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։