Հայաստան

Փոփոխություն Ադրբեջանի “Քաշային Կարգում

Պուտինը կամ կոնկրետ դնելու է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության, կամ «ռազմավարական չեզոքության» պարտավորության հարց: Haqqin.az-ի ռուսաստանցի մեկնաբանն ակնարկում է, որ ադրբեջանական հանրության վերաբերմունքն Ռուսաստանի հանդեպ «միանշանակ չէ»:

Վահրամ Աթանեսյան

Պուտինը Ալիեւին ռեգիոնալ «խաղացողի կարգ» կշնորհի՞

Ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագրի ստորագրումից (22.02.2022) ուղիղ երկու տարի երկու ամիս անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «հրավիրվել է» Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այս կապակցությամբ անգամ ալիեւյան քարոզչության խոսնակ լրատվամիջոցն է գրում, որ Ռուսաստանն «Ադրբեջանին օգնել է, որպեսզի ձեւակերպի պատերազմի արդյունքները»: Ճիշտ է, դա ասում է ռուսաստանցի հեղինակը, բայց կարեւորը ստորագրություն չէ, այլ՝ թե երբ եւ որտեղ է հանրայնացվում պատմա-քաղաքական իրողությունը:

Իսկ դրանից հետեւում է, որ Մոսկվան Ալիեւին «հրավիրում է» ավելի քան բաց խոսակցության: Ընդ որում, գուցե պատահական զուգադիպություն է, բայց՝ փաստ, որ նույն օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Ուկրաինային ռազմական աջակցության օրինագծի օգտին: Ռուսաստանին սպասում է լուրջ փորձություն. Արեւմուտքը մտադիր է ռուսաստանյան սառեցված ակտիվները նույնպես հատկացնել Ուկրաինային: Դա ռազմատուգանք բռնագանձելուն հավասար որոշում կլինի:

Ըստ երեւույթին, Կրեմլը փորձագիտական որոշակի շրջանակների համար տեղեկատվական արտահոսք է կազմակերպել: Եթե մամուլի հրապարակումները «մանրադիտակի տակ դնելու լինենք»՝ մոտավորապես կունենանք այս պատկերը. Վլադիմիր Պուտինը կամ կոնկրետ դնելու է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության, կամ «ռազմավարական չեզոքության» պարտավորության հարց: Haqqin.az-ի ռուսաստանցի մեկնաբանն ակնարկում է, որ ադրբեջանական հանրության վերաբերմունքն Ռուսաստանի հանդեպ «միանշանակ չէ»:

Չափազանց մեղմ է ասված: Ադրբեջանի հանրությունը գերազանցապես հակառուսական տրամադրություն ունի, բայց դա բռնապետության պայմաններում հաղթահարելի է: Իսկ ի՞նչ անել «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի սահմանադրական Ակտի հետ, որի նախաբանում երկու անգամ Ռուսաստանը բնութագրված է որպես «օկուպանտ» եւ ադրբեջանական անկախ պետականության գերեզմանափոր: Վլադիմիր Պուտինն այդ Ակտը վերախմբագրելու խնդիր դնելու՞ է: Ռուս-ադրբեջանական նոր պայմանագիր քննարկվու՞մ է:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, կարծես, պետք է ցրի մտայնությունը, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության դեպքում Վաշինգտոնն Ուկրաինայի հարցում այլ դիրքորոշում կորդեգրի: Ըստ էության, Ալիեւի մոսկովյան ուղեւորության կարեւորությունը նրանում է, թե աշխարհաքաղաքական իր տեսլականի ո՞ր մասն է նրա առջեւ «բացելու» Ռուսաստանի նախագահը: Ալիեւը Մոսկվայից կվերադառնա որպես ռեգիոնալ խաղացո՞ղ: Իսկ այդ «կարգավիճակը» որքանո՞վ է ընդունելի ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի եւ անգամ Թուրքիայի համար:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *