Հայաստան

Ալիևի Ղազախական Դեսպանը

Գերազանցապես պաշտոնական տեսակետներ արտահայտող՝ Բաքվի haqqin.az-ը շատ հավանական է համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն «ստորագրվի Ալմաթիում»:

Վահրամ Աթանեսյան

Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից

Tengrinews-ը, հղում անելով նախագահի պաշտոնական կայքին, փոխանցում է հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման վերաբերյալ Ղազախստանի առաջնորդ Կասիմ Ժոմարթ Տոկաեւի հայտարարությունը: Ողջունում եմ ղազախական կողմի առաջարկությամբ Ադրբեջանական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների բանակցություններ անցկացնելու համաձայնությունը՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար,- ասված է Ղազախստանի նախագահի հայտարարությամբ:

Տոկաեւը խորհրդանշական է համարում, որ բանակցությունները կկայանան Ալմաթիում, որտեղ 1991 թվականին «ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որ ամրագրել է ԱՀՊ պետությունների անկախ զարգացման հիմքերը եւ հաստատել միջպետական սահմանների որոշարկման սկզբունքները»: Ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կշառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնականացմանը, կնպաստի Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը,- ամփոել է Ղազախստանի նախագահը:

Ոչ լրիվ մեկ ամսվա ընթացքում Ղազախստանի նախագահն այցելել է Բաքու եւ Երեւան, իսկ այդ միջակայքում Երեւանում է գտնվել Ղազախստանի արտաքին գործերի նախարարը: Դեռեւս այդ ժամանակ փորձագիտական սթափ գնահատական է հնչել, որ չի բացառել Ղազախստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններին: Ու թեեւ ղազախական կողմը հավաստիացնում, Բաքուն էլ պնդում է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները բացառապես երկկողմ են, նախագահ Տոկաեւի հայտարարությունը վկայում է, որ Աստանան ամենեւին էլ միայն «հարթակ տրամադրող չէ»:

Տոկաեւի հայտարարության «մեխը» նրա այն ձեւակերպումն է, որ 1991թ. դեկտեմբերին Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը «հաստատել է ԱՊՀ երկրների միջպետական սահմանների որոշարկման սկզբունքները»: Փաստացի դա նշանակում է, որ Ղազախստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանազատումն այդ սկզբունքների հիման վրա իրականացնելու օգտին: Այս առումով հարց է ծագում. իր այդ հայտարարությունը նա համաձայնեցրե՞լ է Իլհամ Ալիեւի հետ:

Գերազանցապես պաշտոնական տեսակետներ արտահայտող՝ Բաքվի haqqin.az-ը շատ հավանական է համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն «ստորագրվի Ալմաթիում»: Ընդ որում, բառացիորեն մեջբերում է Ղազախստանի նախագահի հայտարարությունը եւ որեւէ վերապահում սահմանների որոշարկման սկզբունքների առումով չի անում: Սա երաշխի՞ք է, որ Ղազախստանի նախագահը նաեւ Իլհամ Ալիեւի անունից է «լիազորված» քաղաքական նման ամրագրում անելու համար:

Ակնհայտորեն արդարացի է փորձագիտական տեսակետը, որ Ղազախստանի «քաշը» չի բավարարում, որպեսզի հայ-ադրբեջանական կարգավորման ինքնուրույն միջնորդություն ստանձի: Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հարկ է համարել Ալմաթիի նախարարական հանդիպումից առաջ վերահաստատել, որ պետքարտուղար Բլինքենը «ներգրավված է հայ-ադրբեջանական բանակցություններում»: Անցած շաբաթ Աստանա է այցելել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, գործող արտգործնախարար Քեմերոնը:

Իրավիճակն, այդուհանդերձ, փխրուն է: Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերաբերյալ տեսակետ դեռեւս չի հնչել Մոսկվայից, Անկարայից եւ Թեհրանից: Առայժմ լռում է նաեւ Բրյուսելը: Ո՞վ է հայ-ադրբեջանական կարգավորումը խթանելու, ո՞վ՝ այն ձախողելու շահառուն, ի՞նչ հարաբերություններ ունի նա Ալիեւի հետ, նրա նկատմամբ ազդեցության ի՞նչ գործիքակազմ: ԼՂ եւ հայ-ադրբեջանական կարգավորման ավելի քան երեսնամյա պատմությունը հնարավորության մի քանի «պատուհան» գիտի, որ Ադրբեջանի կողմից «շրխկոցով փակվել են»: Ո՞վ է երաշխավորը, որ Ալմաթին «հաջողությամբ կպսակվի» կամ հանդիպումն առհասարակ կկայանա:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *