Հայաստան

Ամերիկյան Խութերը Կովկասում

Ըստ ամեայնի, հենց դրա համար էլ Լուիս Լ Բոնոն ժամանել է ռեգիոն՝ նոր համաձայնությունների հնարավորություն շոշափելու, կամ կոնկրետ առաջարկներով դրանց հիմք գցելու կամ նախադրյալներ ստեղծելու:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ քարեր է շարելու Լ Բոնոն Երեւանում ու Բաքվում

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Կովկասի հարցերի ԱՄՄՆ գլխավոր բանակցող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Լ Բոնոն ժամանելու է Բաքու, որպեսզի բանակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի թեմայով եւ դիտարկի դրան նպաստելու ուղիները: Փաստորեն, տեւական դադարից հետո, ամերիկացի դիվանագետը այցելելու է նաեւ Բաքու: Սա ըստ էության կարող է նշանակել, որ նա ռեգիոն է ժամանել որեւէ կոնկրետ առաքելությամբ, այլ կերպ ասած՝ այցը պրոֆիլակտիկ չէ:

Ամերիկացի դիվանագետը Երեւան եւ Բաքու է այցելում ապրիլի 19-ի հայտարարությամբ ձեռք բերած պայմանավորվածությունների փաստացի ավարտին զուգահեռ: Հայաստանի ԱԱԾ մայիսի 23-ին հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի համաձայնեցվածծ հատվածներում հաստատում են այլեւս սահմանապահ ծառայությունների տեղակայում: ԱՄՆ առաջիններից մեկն էր, որ ողջունել էր այդ համաձայնությունը:

Պետքարտուղար Բլինքենը ապրիլի 19-ի երեկոյան հայտարարությունից ժամեր անց՝ ապրիլի 20-ին, իսկ ԱՄՆ ժամանակով նույնիսկ թերեւս հենց ապրիլի 19-ին սոցցանցային գրառումով անձամբ էր ողջունել հայ-ադրբեջանական համաձայնությունը: Հենց պետքարտուղարի մակարդակկով արված ողջույնը խոսում է այն մասին, որ Նահանգները այդ համաձայնությանը տվել են էական նշանակություն: Հազիվ թե դա պայմանավորված լիներ լոկ հատվածային այդ համաձայնության հանգամանքով, որովհետեւ ինքնին մի քանի հատվածում հայտարարությունը ոչինչ է, անհամաձայնությունների եւ բարդությունների այն մեծ շղթայում, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, թե երկկողմ, թե նաեւ աշխարհաքաղաքական առումով:

Ապրիլի 19-ը ԱՄՆ կարեւոր եւ էական է համարել թերեւս առավել ամբողջական «ճարտարապետության» անկյունաքարի տրամաբանության տեսանկյունից, դա դիտարկելով հիմք հետագա «քարերը շարելու» համար: Ըստ ամեայնի, հենց դրա համար էլ Լուիս Լ Բոնոն ժամանել է ռեգիոն՝ նոր համաձայնությունների հնարավորություն շոշափելու, կամ կոնկրետ առաջարկներով դրանց հիմք գցելու կամ նախադրյալներ ստեղծելու:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *