Հայաստան

Սա Ոչ Թե Շարժում Է, Այլ Դվիժենի

Եվրադիտորդները միայն իրենց դիտորդական առաքելությամբ ավելի շատ գործ են անում, քան հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրեր։ Իսկ ԵՄ անդամության թեկնածու Հայաստանին պաշտպանելն ավելի նպատակահարմար ու հեշտ կլինի, քան չկողմնորոշված Հայաստանին։

Արամ Սարգսյան

SHANT NEWS-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտաքին դրությանը վերաբերող մի շարք երևույթներ։
Արամ Սարգսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում տարածվող ապատեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմից կրակոցներ են կատարվում, ասաց, որ Ադրբեջանն այդ կերպ նպատակ ունի ապակողմնորոշել իրադրությունը աշխարհում և նաև ինչ որ չափով աջակցում է Հայաստանի ընդդիմությանը։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի կողմից լարվածություն է հրահրվում, Հայաստանում ընդդիմությունը սկսում է գոռալ, որ քանի դեռ Հանրապետության վարչապետը Փաշինյանն է, ուրեմն միշտ այդպես է լինելու, նա պետք է հեռանա։ Դա անհիմն ու կառավարվող, ուղղորդվող տեսակետ է, քանի որ արտաքին ուժի օժանդակությամբ ընդդիմությունը իշխանափոխություն է ցանկանում, որպեսզի կատարի հենց նույն ուղղորդող ուժի ցանկությունները։ Ամեն դեպքում այս պահին մեծ լարվածություն դժվար թե լինի։ Ադրբեջանը այդքան ռիսկ չունի, որ կարողանա անել իր ուզածը, քանի որ դրա համար հստակ պատասխան պիտի տա շատ ավելի մեծ և ուժեղ խաղացողներին, ինչպես օրինակ ԱՄՆ-ին։
Արամ Սարգսյանը նկատել տվեց, որ անընդհատ ՀՀ են այցելում ԱՄՆ պետքարտուղարներ, որոնք ինտենսիվ աշխատում են հայկական կողմի հետ, կնքվում են պայմանագրեր, ի վերջո Հայաստանն ու ԱՄՆ-ը սկսում են հարաբերվել որպես գործընկերներ։ Ադրբեջանը, ով չի կարող հակաճառել ԱՄՆ-ին, հատկապես երբ դա վերաբերվում է Բլինքենին, ստիպված փորձում է ցույց տալ, որ ինքը փորձելու է ժամանակ չտալ Հայաստանին ու վերցնել այն, ինչ կարող է, բայց դա ընդամենը քաղաքական քայլ է։ Բլինքենը, ով վերջնագրերի լեզվով է խոսում, Ադրբեջանին ուղիղ ասել է, որ եթե Բաքուն ապակայունացնի իրավիճակը, չստորագրի իր վերցրած պարտավորությունները, ապա ԱՄՆ-ը կմիջամտի գործընթացներին հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում և ռազմական։
Արամ Սարգսյանը ընդգծեց, որ ԱՄՆ-ը նմանատիպ պարագայում օժանդակում է այն փոքր երկրներին, ովքեր ձգտում են խաղաղության, ովքեր պատրաստակամ են իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու և ընդհակառակը կոշտ դիրքորոշում ունի նրանց հանդեպ, ովքեր փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Մինչդեռ ՀՀ պաշտոնական դաշնակից Ռուսաստանն ասում է, դուք փոքր երկիր եք, դուք մի ուժեղացեք, ես կգամ և կպաշտպանեմ ձեզ պետք եղած ժամանակ։ ԱՄՆ-ը ասում է, որ ես ձեզ կուժեղացնեմ գիտելիքով, տնտեսությամբ ու դուք ինքներդ ձեզ պաշտպանեք։ Ընտրությունն ակներև է, այստեղ չի էլ կարող որևէ այլ ընտրություն լինել, ընտրությունը մեկն է։
Արամ Սարգսյանը խոսեց նաև մի քանի օր առաջ Ժողովրդական Ուժերի Հարթակի կողմից ԵՄ անդամության թեկնածություն ստանալու համար առաջարկվող համաժողովրդական հանրաքվեի մասին։ Դա Հայաստանի համար ոչ թե պարզապես քաղաքական կողմնորոշում է, այլ քաղաքակրթական։ Անթիվ պատճառներ կան, որոնք մեզ դրդում են այդ ընտրությունն անելու, որի մեջ մտնում են նաև ամենակարևոր անվտանգային, քաղաքական, տնտեսական պատճառներ։ Վերցնենք վերջին օրերի ադրբեջանական պրովոկացիաները։ Ադրբեջանցիները հայտարարում են, որ հայերը կրակում են, իսկ եվրադիտորդները տեղում հերքում են դա։ Եվրադիտորդները միայն իրենց դիտորդական առաքելությամբ ավելի շատ գործ են անում, քան հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրեր։ Իսկ ԵՄ անդամության թեկնածու Հայաստանին պաշտպանելն ավելի նպատակահարմար ու հեշտ կլինի, քան չկողմնորոշված Հայաստանին։
Խոսելով Երևանում ընթացող բողոքի ցույցերի մասին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ դա ոչ թե շարժում է, այլ դվիժենի(ռուսերենից հայերեն՝ թարգմանաբար նշանակում է «շարժում», բայց ունի ավելի ցածր մակարդակի, փողոցային, քրեական նշանակություն) և այդ դվիժենիով Քոչարյանը ցանկանում է մինչև 2026թ․ ընտրությունները ինչքան հնարավոր է մաշեցնել իշխանություններին, որպեսզի ընտրությունների ժամանակ ինչ որ մեկին անցկացնի խորհրդարան՝ իշխանության ղեկը վերցնելու համար և այդ մարդը կլինի լոյալ իր ու Ռուսաստանի հանդեպ։ Քոչարյանը երբեք էլ չի խորշել Հայաստանը միութենական պետություն դարձնելու մտքից, իսկ 2026թ-ին նա կրկին ակտիվացնելու է այդ ծրագիրը։ Քոչարյանը մաշեցրել է, բայց ոչ թե իշխանություններին, այլ Վազգեն Մանուկյանին, Իշխան Սաղաթելյանին, հիմա էլ մաշեցնում է Հայ Առաքելական Եկեղեցին։

Ամբողջական տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=7L4L2X3vqMY&ab_channel=SHANTNEWS

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *