Հայաստան

Թուրք-Ադրբեջանական Քաղաքական «Ամֆիբիա»

Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին: Այս իմաստով Ադրբեջանի «կատարյալ ինքնաբավության» թեզի շեշտադրումը, հավանաբար, պետք է հասկանալ այնպես, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները «թուրք-ռուսականով» և «թուրք-ադրբեջանականով» պայմանավորված չեն:

Վահրամ Աթանեսյան

Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Այդ մասին Բաքվի առաջին տեղեկատվության աղբյուր նշված էր Թուրքիայի նախագահի գրասենյակը և միայն արձանագրում էր փաստը: Ժամեր անց Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Ըստ այդմ, Թուրքիայի նախագահը բարձրացրել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ադրբեջանից օգնության հարցը: Ի պատասխան Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը մշտապես Թուրքիայի և նրա ժողովրդի կողքին է, նրա հետ» և խոստացել, որ B 200 «ամֆիբիա» ինքնաթիռ կուղարկի: Ի դեպ, խոսքը ռուսական արտադրության ինքնաթիռի մասին է, որ գտնվում է Ադրբեջանի ԱԻՆ հաշվեկշռում:

Թվում է՝ արտառոց ոչինչ չկա. Թուրքիայում հրդեհներն սպառնալի չափեր են ընդունել, և կրտսեր եղբայրն օգնության ձեռք է մեկնում: Իրականում Թուրքիան մեկ շաբաթ է, ինչ այդ խնդիրն ունի, և առաջինն օգնության ձեռք է մեկնել… Հունաստանը: Իսկ Ալիևյան քարոզչության տպավորությունը ցրել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային ֆոնդի կառավարման նախարարը՝ հայտարարելով, որ արդեն մի քանի օր է, ինչ հրդեհների շրջանում ռուսական B 200 «ամֆիբիա» ինքնաթիռը մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը մի քանի բովանդակային խնդիր է ներառել: Ասել, թե Թուրքիայի նախագահն Ալիևի հետ կապվել է, որպեսզի նրանից ամֆիբիա ինքնաթիռ խնդրի, ոչ միայն պարզունակ է, այլև՝ նենգախոսություն, քանի որ այդ մոտեցման քարոզչական ֆոնն այն է, որ Ադրբեջանը «լիովին ինքնաբավ երկիր է և ինքն է Թուրքիային օգնում»: Ալիևը, ամենայն հավանականությամբ, այդ ֆոնն ստեղծում է, որպեսզի Էրդողանի «մենք մտել ենք Ղարաբաղ» հայտարարության տպավորությունը երկրի ներսում ցրի:

Բայց Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին: Այս իմաստով Ադրբեջանի «կատարյալ ինքնաբավության» թեզի շեշտադրումը, հավանաբար, պետք է հասկանալ այնպես, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները «թուրք-ռուսականով» և «թուրք-ադրբեջանականով» պայմանավորված չեն:

Պուտինի Բաքու այցի մասին Կրեմլի կարճ հաղորդագրությունն ասում է, որ քննարկվելու են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը», ինչպես նաև «միջազգային և տարածաշրջանային խնդիրները»:

Սա շատ «բարձր նոտայի» անոնս է: Ռուսաստանը և Թուրքիան այդ մակարդակի հարաբերություններ չունեն: Պուտինը տարես սկզբից հետաձգում է Թուրքիա այցը: Պաշտոնապես դա բացատրվում է «աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ»: Բայց այդ ընթացքում Պուտինը այցելել է Չինաստան, Հյուսիսային Կորեա, Վիետնամ, և այժմ էլ՝ Ադրբեջան:

Հրդեհաշեջ ինքնաթիռի հետ կապված տեղեկատվա-քարոզչական փուչիկը վկայում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում քաղաքական «ամֆիբիա» է: Ըստ երևույթին, Էրդողանը փորձել է ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը պայմանավորել թուրք-ադրբեջանական համաձայնությամբ: Մոսկվայի համար դա, մեղմ ասած, նպատակահարմար չէ: Պուտինը, երևի, խաղում է Ալիևի ամբիցիաների վրա: Բայց դա, ինչպես ռուսներն են ասում՝ «առօրյա է»: Խորքում ի՞նչ է ծրագրվում: Եթե Ռուսաստանը «շրջանցի» 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագիրը, ապա Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոն կհաստատեն Մոսկվան եւ Բաքու՞ն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *