Իրանական զայրույթի չորրորդ և, թերևս, ամենակարևոր դասը Հայաստանի համար և արտաքին, և ներքին քաղաքական նշանակություն ունի: «Սյունիքում միջանցքի շահառուների բացահայտումը ցրում է քառասունչորսօրյա պատերազմի մասին Բաքվի բոլոր նարատիվները, անգամ Թուրքիայի նախագահի «մենք մտել ենք Ղարաբաղ» հայտարարությունը»:
Վահրամ Աթանեսյան
Իրանի Զայրույթը՝ Հայկական Հնարավորություն
Բաքվի իշխանական լրատվամիջոցը բավական ընդարձակ մեջբերումներով անդրադարձել է իրանական Mehr գործակալության խմբագրական հոդվածին, որի գլխավոր ազդակը հետեւյալն է. «Եթե Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիրքորոշում չփոխի, ապա ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիր կարող է չստորագրվել»:
Բացահայտվում է, որ Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմա-քաղաքական առանցքի մասին ավելի քան երկու տասնամյակ գեներացված քարոզչությունը հայ-իրանական հարաբերությունների հետ անհամատեղելի էր: Եվ Հայաստանի տարածաշրջանային դերին Իրանը ոչ թե հանուն Ադրբեջանի է դեմ եղել, այլ՝ ի հեճուկս Ռուսաստանի:
Երկրորդ էական հանգամանքը, որ պետք է հասկանալ, այն է, որ Իրանի համար սպառնալիք է ինչպես ռուս-թուրք-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, կամ ավելի պարզ ասած՝ Թեհրանը նույն ելակետից է գնահատում պանթուրքիզմը և Ռուսաստանի էքսպանսիոնիզմը:
Երրորդ եզրահանգումն այն է, որ պատմական հիշողությունն Իրանում չափազանց թարմ է և պետական մակարդակով սնուցվում է, որ ընդամենը երկու դար առաջ Կովկասը Պարսկական իմպերիայի մաս էր: Եվ Հայաստանում ցանկացած միջոցառում, որ անցնում է «ռուս-հայկական միացյալ զինուժի հաղթանակի» կարգախոսով, Թեհրանի համար շատ ցավոտ և վիրավորական է:
Իրանական զայրույթի չորրորդ և, թերևս, ամենակարևոր դասը Հայաստանի համար և արտաքին, և ներքին քաղաքական նշանակություն ունի: «Սյունիքում միջանցքի շահառուների բացահայտումը ցրում է քառասունչորսօրյա պատերազմի մասին Բաքվի բոլոր նարատիվները, անգամ Թուրքիայի նախագահի «մենք մտել ենք Ղարաբաղ» հայտարարությունը»:
Խոսքն այն մասին չէ, որ դա մեզ «բարոյական բավարարվածություն» է պատճառում այն առումով, որ պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ՝ արտաքին շատ ազդեցիկ ուժերի: Իրանի բացահայտումը Հայաստանի համար վերածվում է դիվանագիտական ռեսուրսի:
Իհարկե, Թեհրանի և Երևանի ռեսուրսներն անհամադրելի են, բայց սուվերենության և քաղաքակրթական ինքնության փոխադարձ պաշտպանության հարցում, նույնիսկ բալիստիկ հրթիռներ չունենալու դեպքում, կարելի է հավասարազոր գործընկեր լինել:
Ասվածից չի հետևում, որ Հայաստանը պարտավոր է միանալ ռուս-իրանական կոշտ հռետորաբանությանը: Ընդհակառակը, պետք է կարողանալ չվերածվել «գործիքի»: Դա շատ ցանկալի կլիներ Ադրբեջանի համար: Մենք կարո՞ղ ենք հաղթահարել պատերազմի, ԼՂ պետականության կորստի ֆրուստրացիան և հանրայնորեն ձերբազատվել «ծախված լինելու» բարդույթից: Իրանի զայրույթն այդ հնարավորությունը տալիս է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։