Հայաստան

Բաքվի Սաբոտաժը

Քանի դեռ ավելի բարձր իրավական փաստաթղթով չկա ամրագրված որեւէ սկզբունք, եւ չկա նաեւ ստորագրված խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը ըստ էության մշտապես լեգիտիմ հիմք է ունենում կանոնակարգում ամրագրված Ալմա Աթիից խուսանավելու համար՝ ըստ անհրաժեշտության:

Հակոբ Բադալյան

Բաքվի Վատ Քողարկված Բոյկոտը

Հայաստանը սկսում է, իսկ Ադրբեջանը՝ շարունակում. կանոնակարգն ու խութերը

Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների միջեւ ստորագրված կանոնակարգը: Թեեւ կանոնակարգի ստորագրման մասին հայտարարության մեջ կառավարության աշխատակազմը նշում էր, որ ներպետական ընթացակարգերը Հայաստանում ու Ադրբեջանում կլինեն համադրված, սակայն ակնառու է, որ Բաքուն գոնե առայժմ չի շտապում կանոնակարգը այսպես ասած՝ անցկացնել այդ ընթացակարգերով:

Ավելին, եթե օրինակ Հայաստանի վարչապետը ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում խոսում է այն մասին, որ կանդրադառնա ապագային, ոչ թե կընդդիմախոսի հարեւաններին, Ադրբեջանը շարունակում է մարտաշունչ հռետորաբանությունը եւ նախագահի մակարդակով երկրի թիվ մեկ խնդիր է դիտարկում ռազմական հզորությունն ավելացնելը: Միաժամանակ, Ադրբեջանը հրաժարվում է նաեւ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված դրույթները ստորագրելը:

Իսկ այդտեղ կա թերեւս բավականին էական հանգամանք, որը առնչվում է հենց սահմանազատման ու սահմանագծման հարցերին: Մասնավորապես, Հայաստանի հետ ստորագրված կանոնակարգում նշվում է, որ դրա հիմքում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրն է: Բայց, վերապահումով արձանագրվում է, որ, եթե խաղաղության պայմանագրում լինի ամրագրվի այլ սկզբունք, ապա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կիրականացվի այդ՝ ավելի բարձր փաստաթղթում ամրագրված սկզբունքով:

Իսկ խաղաղության պայմանագրի նախագծում թերեւս հենց նաեւ սահմանազատման ու սահմանագծման հիմնարար սկզբունքի հարցն է չհամաձայնեցված հարցերի թվում: Եվ, քանի որ այդտեղ հարցը չհամաձայնեցված է, այսինքն, քանի դեռ ավելի բարձր իրավական փաստաթղթով չկա ամրագրված որեւէ սկզբունք, եւ չկա նաեւ ստորագրված խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը ըստ էության մշտապես լեգիտիմ հիմք է ունենում կանոնակարգում ամրագրված Ալմա Աթիից խուսանավելու համար՝ ըստ անհրաժեշտության:

Որովհետեւ, արձանագրված վերապահման պարագայում խնդիրն այն չէ միայն, որ խաղաղության պայմանագրով այլ սկզբունքի դեպքում Ալմա Աթին կարող է չեղարկվել: Բուն խնդիրը այն է, որ խաղաղության պայմանագրի չլինելու հանգամանքը ինքնին Ադրբեջանին թույլ կտա մերժել Ալմա Աթին, հղում անելով հանգամանքին, որ քննարկվում է ավելի բարձր փաստաթուղթ եւ քանի դեռ այդ հարցում չկա որոշակիություն, ուրեմն որոշակի չի կարող լինել նաեւ դրանից ցածր փաստաթղթով ամրագրված որեւէ սկզբունք: Իսկ դա կանոնակարգում առկա էական խութ է, առավել եւս՝ ոչ միակը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *