Միջազգային

Թրամփի Ընտրությունը՝ Էրդողանի Համար Հնարավորությո՞ւն

Իսրայելի վարչապետն իր հերթին ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլայի» դեմ պատերազմում ԱՄՆ նոր նախագահն ավելի վճռական եւ կամային որոշումներ կընդունի: Նաթանյահուն չի թաքցնում, որ իր կողմից շրջանառության դրված «Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհաքաղաքական նախագիծը մի նպատակ է հետապնդում՝ փակել Պաղեստինի անկախ պետության հռչակման թեման:

Վահրամ Աթանեսյան

Բուդապեշտում Եվրոպական ժողովրդավարական ընկերակցության համաժողովից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թիմի լրագրողներին ասել է, որ գլոբալ հակամարտությունների կարգավորման բանալի կարող է լինել Վաշինգտոն-Անկարա համագործակցությունը: Ընդսմին, նա այդ հնարավորությունը վերագրել է թե՛ ռուս-ուկրաինական, թե՛ իսրայելա-պաղեստինյան ու իսրայելա-լիբանանյան պատերազմի դադարեցմանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցության առիթով գտնվելով ԱՄՆ-ում, ընտանեկան ընթրիքի միջավայրում հանդիպել է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, քննարկել ընտրությունները: Ըստ էության, Էրդողանն ակնարկել է, որ քարոզարշավի ընթացքում Թրամփին աջակցություն է ցուցաբերել եւ հույս հայտնել, որ նա կընդունի Թուրքիա այցի հրավերը:
«Չնայած երբեմն ծագող տարաձայնություններին, ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունն անխախտ անհրաժեշտություն է»-ասել է Թուրքիայի նախագահը: Ակնարկն այս դեպքում վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին: Էրդողանը փաստացի եւս մեկ անգամ հաստատում է, որ Թուրքիան երբեք եվրաատլանտյան դաշինքի հետ դիմակայության չի գնա: Դա ինքնին հասկանալի է. Թուրքիան արդեն շուրջ յոթ տասնամյակ ՆԱՏՕ-ի անդամ է, ԵՄ անդամության թեկնածու: Նրա զինված ուժերը, ռազմական հետախուզությունը, հատուկ ծառայությունները սկզբունքորեն ադապտացված են Հյուսիս-ատլանտյան դաշինքին, արեւմտյան համապատասխան կառույցներին եւ այդ ինտեգրացիայից շեղում չի կարող լինել:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների բարդությունը բազմաշերտ եւ բազմաբաղադրիչ է, բայց կոնկրետ այս դեպքում Էրդողանի ակնկալիքները, կարծես, գետնի վրա իրավիճակից կտրված են: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել է Իսրայելը, ԱՄՆ հրեական համայնքը, հրեական լոբբին: Նույն օրը, երբ ԱՄՆ-ում քվեարկությունը նոր էր մեկնարկել, հայտնի դարձավ, որ վարչապետ Նաթանյահուն պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Իոավ Գալանտին՝ իր ռազմական կաբինետի միակ անդամին, որ ուղղակի կապ ուներ Բայդենի վարչակազմի հետ եւ համարվում էր վարչապետի հաջորդ ամենահավանական թեկնածու:
Իսրայելա-պաղեստինյան հարցում ակնկալել Թրամփի աջակցությունը՝ Թուրքիայի նախագահի դեպքում մի բան է նշանակում՝ դադարեցնել գերժամանակակից սպառազինությունների եւ ռազմամթերքի մատակարարումները, հարկադրել, որ Նաթանյահուն ընդունի հրադադարի հաստատման պայմանները: Իսրայելի վարչապետն իր հերթին ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլայի» դեմ պատերազմում ԱՄՆ նոր նախագահն ավելի վճռական եւ կամային որոշումներ կընդունի: Նաթանյահուն չի թաքցնում, որ իր կողմից շրջանառության դրված «Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհաքաղաքական նախագիծը մի նպատակ է հետապնդում՝ փակել Պաղեստինի անկախ պետության հռչակման թեման:
Թուրքիան Պաղեստինի հարցը պաշտպանում է ոչ թե արաբ բնակչության «գեղեցիկ աչքերի համար»-Օսմանյան կայսրությունը մի քանի դար բռնաճնշել է արաբական ցանկացած շարժում,- այլ՝ որպեսզի տարածաշրջանում «Ավետյաց երկրի» սահմաններով հրեական պետություն չկազմավորվի:
Ու՞մ է աջակցելու Թրամփը,- չափազանց պարզունակ հարց է, որովհետեւ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ նա լինելու է ամերիկյան շահերի, ԱՄՆ աշխարհաքաղաքական նկրտումների պաշտպանը: Հրեական պետությունը 1967թ. սահմաններին վերադարձնելու նախագի՞ծն է համապատասխանում ԱՄՆ շահերին, թե՞՝ «Ավետյաց երկիրը»՝ ինչպես Իսրայելի վարչապետն է պատկերացնում: Դա պետք է մի պետություն լինի, որի սահմաններն արեւմուտքում Միջերկրական ծովն է, արեւելքում՝ Հորդանան գետը: Եթե այդպես չէ, Իսրայելը Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն է հովանավորում՝ որպես Թուրքիայի համար «հավիտենական մղձավանջ»: Ի՞նչ տարբերակ կընտրի Միացյալ Նահանգները: Կգնա՞ Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի ճանապարհով: Էրդողանը կարծում է կամ նույնիսկ համոզված է, որ Թրամփի ընտրությունն իր հնարավորությունն է: Գործնականում կարող է ճիշտ հակառակը լինել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *