Հայաստան

Թուրքիայում Արտառոց Իրավիճակ Է

Ստացվում է ներքաղաքական արտառոց իրավիճակ. մի կողմից ընդդիմության առաջնորդը տեղեկացվում է պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, ընդ որում՝ նրանց անձամբ այցելում է հետախուզության տնօրենը, մյուս կողմից նույն կուսակցության նախկին ղեկավարը նախագահի հասցեին զրպարտության մեղադրանքով քրեական հետապնդման է ենթարկվում: Թուրքիայում տեղական մարմինների ընտրություններից հետո մամուլում տեսակետ է հնչել, որ Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարությունը պառակտի:

Վահրամ Աթանեսյան

Թուրքիայի հետախուզական ծառայության՝ MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը, որ մինչ այդ պաշտոնին նշանակվելը նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականն էր, օրերս մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հետ այցելել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ փակ հանդիպում է ունեցել ԺՀԿ առաջնորդ Օզգյեր Օզելի հետ: Այդ առթիվ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Քալընը ներկայացրել է Թուրքիայի «հակաահբեկչական գործողությունների անհրաժեշտությունը»:
Մինչ այդ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին խորհրդարանում քննադատել է ընդդիմությանը եւ հռետորական հարցադրում արել. «Քրդական ահաբեկչության հետ ի՞նչ ընդհանրություն ունի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը»:
Հետախուզության ծառայության ղեկավարին գործուղելով հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդի մոտ՝ Էրդողանը, հավանաբար, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը նախազգուշացրել է, որ քրդամետ ուժերի հետ քաղաքական համագործակցությունը ոչինչ չի տա, բացի բարդություններից: Ավելի վաղ ԺՀԿ առաջնորդի հետ Էրդողանն ինքն է երկու հանդիպում ունեցել: Այս ֆոնին թուրքական մամուլը տեղեկություն է տարածել, որ նոյեմբերի 22-ին Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուն կկանգնի Ստամբուլի շրջանային դատարանի առաջ: Նրա դեմ քրեական հետապնդում է հարուցել Ստամբուլի դատախազությունը՝ նախագահ Էրդողանի հայցի հիման վրա: Թուրքիայի արդարադատության նախարար Թունչը մամուլին տեղեկացրել է, որ քրեական գործի հիմքում նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էրդողանի հասցեին Քըլըչդարօղլուի թույլ տված «զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններն են, որ հավաքվել են մեկ ընդհանուր էլեկտրոնային թղթապանակում»: Ըստ Թունչի՝ գործն ավելի վաղ դատարան չի ներկայացվել, քանի որ Քըլըչդարօղլուն խորհրդարանի պատգամավոր էր եւ օժտված էր անձեռնմխելիությամբ: Եթե դատարանը բավարարի Էրդողանի հայցը, ապա Քըլըչդարօղլուին սպասվում է տասնմեկ տարվա ազատազրկում: Դատարանը նրան կարգելի որոշակի ժամանակահատվածում քաղաքականությամբ զբաղվել:
Ստացվում է ներքաղաքական արտառոց իրավիճակ. մի կողմից ընդդիմության առաջնորդը տեղեկացվում է պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, ընդ որում՝ նրանց անձամբ այցելում է հետախուզության տնօրենը, մյուս կողմից նույն կուսակցության նախկին ղեկավարը նախագահի հասցեին զրպարտության մեղադրանքով քրեական հետապնդման է ենթարկվում: Թուրքիայում տեղական մարմինների ընտրություններից հետո մամուլում տեսակետ է հնչել, որ Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարությունը պառակտի:
Ըստ երեւույթին, Քըլըչդարօղլուի դեմ քրեական հետապնդումն այդ քաղաքականության դրսեւորումներից է: Մամուլը տեղեկացնում է, որ մինչ նույն կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ կմասնակցի Քըլըչդարօղլուի դատավարությանը եւ կպաշտպանի նրան, Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն «մեկնել է Գերմանիա եւ ոչ մի հայտարարություն չի տարածել»:
Ի պաշտպանություն Քըլըչդարօղլուի՝ սոցցանցային գրառում է արել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը: Մամուլը, սակայն, կասկածում է, որ նա կներկայանա դատարան եւ իր նախկին աջանորդին կպաշտպանի: Թուրքիայի իրավապահները տասնյակ անձանց դեմ քրեական հետապնդում են նախաձեռնել: Նրանցից շատերը մեղադրվում են Քրդական բանվորական կուսակցության խորհրդանշանները հարգելու, իրենց աշխատավայրերում ՔԲԿ ցմահ դատապարտված առաջնորդ Օջալանի լուսանկարը պահելու մեջ: Այդ խմորումները վկայում են, որ Թուրքիան նախապատրաստվում է ՔԲԿ դեմ լայնածավալ ռազմական գործողությունների: Նոր պատերազմի թատերաբեմի կվերածվեն, հավանաբար, Իրաքը եւ Սիրիան: Թուրքիայի ռադիկալիզմն, անկասկած, հետեւանքներ կունենա նաեւ Իրանի հետ հարաբերություններում եւ բացասաբար կազդի Հարավային Կովկասի իրավիճակին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *