Միջազգային

Եվրոպական Զորքերը Կտեղակայվե՞ն Ուկրաինայում

Նշանակալի խմբավորում ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ հազարավոր զինվորներ։ Եվ մինչ եվրոպացի պաշտոնյաները ընդունում են, որ ամերիկյան զորքերը կարող են բացառվել օրակարգից, նրանք նշում են, որ ԱՄՆ-ի քաղաքական և նյութատեխնիկական աջակցությունը կարող է լինել վճռորոշ։ Եվրոպացի առաջնորդներից խոշոր խաղաղապահ ուժերը, ամենայն հավանականությամբ, կպահանջեն հանրային աջակցություն իրենց երկրներում և ռազմական ռեսուրսների ներգրավում։

The Washington Post-ը գրում է՝
Եվրոպացի դաշնակիցները քննարկում են զորքերի տեղակայման հնարավորությունը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։
Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները լրջորեն քննարկում են զորքերի տեղակայման գաղափարը Ուկրաինայում, եթե Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի։ Այս քայլը կարող է հիմք դնել բանակցությունների համար և հարմարվել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությանը։
Զորքերի տեղակայման հեռանկարը քննարկվել է, երբ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյութեն Բրյուսելում ընդունել է եվրոպական առաջնորդներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չորեքշաբթի երեկոյան։ Այս գաղափարը փոխանցվել է նաև Դոնալդ Թրամփին, երբ նա այս ամսվա ընթացքում Փարիզում հանդիպել է Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թրամփը հետաքրքրություն է ցուցաբերել այս գաղափարի նկատմամբ, հաղորդում են բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաները։ Նրանց խոսքով, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ ապագա վարչակազմը կաջակցի նման համաձայնությանը, քանի որ նրա քաղաքականությունը դեռ ձևավորվում է պաշտոնը ստանձնելու նախապատրաստական փուլում։
Դեռ փետրվարին, երբ Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում արևմտյան զորքերի տեղակայումը Ուկրաինայում, եվրոպական շատ մայրաքաղաքներում արձագանքը եղել է հստակ «ոչ»։ Բայց այժմ առաջնորդները պատրաստ են քննարկել զորքերի տեղակայման հնարավորությունը, եթե դա տեղի ունենա հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում։ Նրանք դա դիտարկում են որպես Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու տարբերակ, քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամակցությունը մնում է անհասանելի, ինչպես նաև որպես հնարավորություն՝ մասնակցելու ռազմական գործողությունների դադարեցման բանակցություններին։ Սա նաև համապատասխանում է Թրամփի դիրքորոշմանը, որը պնդում է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի պաշտպանության հարցում։
«Ներկայումս խոսքը վերաբերում է փորձերին բարձրաձայն մտածել այն մասին, թե ինչ կարող է լինել ավելի ընդունելի ուկրաինացիների համար», — նշում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Կամիլա Գրանդը, որը ներկայումս Եվրոպական միջազգային հարաբերությունների խորհրդի գիտաշխատող է։
Հետպատերազմյան զորքերի վերաբերյալ համաձայնությունը կարող է նաև օգնել հասկացնել «ռուսներին, որ նրանք չպետք է վերսկսեն հակամարտությունը, իսկ ամերիկացիներին՝ որ եվրոպացիները ներգրավված են գործընթացում», — ասում է Գրանդը։
Եվրոպացի մի դիվանագետի խոսքով, շատ մայրաքաղաքներ այժմ քննարկում են բանակցությունների սցենարները և այն, «թե ինչպես մենք կարող ենք կոնկրետ ներդրում ունենալ անվտանգության երաշխիքների ապահովման գործում»։
«Կարևոր է, որ մենք սա մշակենք հենց հիմա, քանի որ մեզ անհրաժեշտ է կարողանալ տեղեկացնել ԱՄՆ-ին, եթե նրանք սկսեն բանակցություններ, թե ինչի ենք մենք պատրաստ… եթե մենք ցանկանում ենք ազդել բանակցությունների վրա… Մեզ իսկապես անհրաժեշտ է մշակել ինչ-որ կայուն բան», — ասել է դիվանագետը։
Բանակցությունները դեռևս գտնվում են վաղ փուլում՝ մասնավորապես այն պատճառով, որ խաղաղությունը մնում է հեռավոր հեռանկար, քանի որ Կրեմլը համառորեն ձգտում է իր նպատակներին։ Այնուամենայնիվ, քննարկումներին մասնակցող պաշտոնյաները նշում են, որ գործող հայեցակարգն այն է, որ եվրոպական մի շարք երկրներ կարող են համախմբել ուժեր, որոնք կօգնեն պահպանել հրադադարը կամ կգործեն որպես զսպող գործոն ցանկացած ապագա ռուսական հարձակման դեմ։
Այս ուժերը չեն գործի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո, քանի որ դա կպահանջի դաշինքի անդամների կոնսենսուս, ինչը, ըստ ենթադրությունների, անընդունելի է Ռուսաստանի համար։
Չնայած Մակրոնի առաջ քաշած գաղափարը հետաքրքրություն է առաջացրել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Բալթյան երկրների և Հյուսիսային Եվրոպայի կողմից, դեռևս պարզ չէ, թե որ երկրները կստանձնեն զորքեր ուղարկելու պարտավորություն, ինչքան մեծ կլինի դրանց կազմը և ինչպիսին կլինի նրանց մանդատը։ Հիմնական հարցերից մեկը հետևյալն է՝ ինչ կպատահի, եթե Ռուսաստանը հարձակվի տեղակայված ուժերի վրա, — ասել է քննարկումներին մասնակցած պաշտոնյաներից մեկը։ «Կան բազմաթիվ կարծիքներ, բայց դեռևս որևէ որոշում չկա»։
Վերլուծաբանների և պաշտոնյաների խոսքով, նշանակալի խմբավորում ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ հազարավոր զինվորներ։ Եվ մինչ եվրոպացի պաշտոնյաները ընդունում են, որ ամերիկյան զորքերը կարող են բացառվել օրակարգից, նրանք նշում են, որ ԱՄՆ-ի քաղաքական և նյութատեխնիկական աջակցությունը կարող է լինել վճռորոշ։ Եվրոպացի առաջնորդներից խոշոր խաղաղապահ ուժերը, ամենայն հավանականությամբ, կպահանջեն հանրային աջակցություն իրենց երկրներում և ռազմական ռեսուրսների ներգրավում։ Կամիլա Գրանդի խոսքով, այս գաղափարը «մեկ աղյուս է շատ ավելի մեծ կառույցում», որը ներառում է զենքերի և ֆինանսավորման ավելացում՝ ուկրաինական բանակի ամրապնդման համար որպես ևս մեկ երաշխիք։
Որոշ եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, Ուկրաինայում հետպատերազմյան ուժերի ներկայությունը կարող է Մոսկվայի համար չդառնալ համաձայնագրի խոչընդոտ՝ դա կարող է լինել ավելի ընդունելի, քան ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։
Աղբյուրը՝
https://www.washingtonpost.com/world/2024/12/19/ukraine-troops-peacekeepers-nato/

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *